Տարոն Մարգարյանը ծանոթացել է ՀԲԸՄ-ի երևանյան կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին
ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել են Երևանում կառուցվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության շենքի շինարարական աշխատանքների ընթացքին:
Միության վարչական շենքի ճակատային հատվածը կկառուցվի 20-րդ դարասկզբի Երևանի Դումայի շենքի համարակալված և պահպանված քարերով: Միության անդամները տեղում` պաստառների վրա, հյուրերին ներկայացնելով շենքի ավարտական տեսքը, նշել են, որ ժամանակակից շինարարական լուծումների կիրառման ու հին ճարտարապետության պատմամշակութային առանձնահատկությունների պահպանման զուգորդմամբ վերականգնվում է այն շենքի հորինվածքը, որը գոյություն է ունեցել անցյալում: Շենքի նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում նաև քաղաքաշինական այնպիսի պահանջների, որով կպահպանվեն Երևանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը: Միության պատասխանատուները, օգտվելով առիթից, հատուկ շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության և քաղաքային իշխանությունների լիազորությունների շրջանակում ցուցաբերվող աջակցության համար:
Ողջունելով ներկաներին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը լինելու է շարունակական. <<Երևանի քաղաքապետարանն իր պատրաստակամությունն է հայտնում միշտ լինել միության կողքին և իր լիազորությունների շրջանակում աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ի բարօրություն մեր ժողովրդի ու համայն հայության մայրաքաղաքի: Ժամանակակից լուծումներին զուգահեռ քաղաքի պատմական դիմագծի պահպանումը, ըստ էության, հենց այն հիմնական պահանջն է, որը մեր կողմից առաջադրվում է քաղաքաշինական խոշոր ծրագրերի իրականացման հարցում: Եվ այդ տեսանկյունից այս կառույցը որպես այդ մոտեցման արդյունք կարելի է դիտարկել>>,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի կենտրոնում կառուցվող միության շենքը, պատասխանատուների հավաստմամբ, կդառնա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հզորացման ու ՀԲԸ Միության գործունեության ընդլայնման խորհրդանիշ և մշակութային միջոցառումների նոր օջախ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: