Ստոմատոլոգներ, հույս չունենաք
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման համար նախատեսված համապատասխան արտոնագրային վճարներին, նշեց , որ օրական 2700 դրամը մեկ աթոռի համար այնքան էլ բարձր հարկ չէ, առավել ևս, որ շատ կլինիկաներ աշխատում են երկու հերթափոխով:
Նրա խոսքով` այդ փոփոխությունները պայամանավորված են տնտեսական քաղաքականությամբ, որը որդեգրվել է կառավարության կողմից:
“Այն աշխատելու է հարկային տեսուչ-տնտեսվարող շփումը փոքրացնել կամ վերացնել ընդհանրապես: Մենք նաև պարզեցված հարկը փոխեցինք շրջանառության հարկով: Նախկինում ուղիղ հարկում էր կատարվում, և մշտական ստուգումներ էին անցկացվում ոլորտում, իսկ այժմ արտոնագիր կտրվի և հաստատագրված մուծում”,-ասաց նա:
Վարդան Այվազյանի խոսքով, ամիսներով ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հասույթը շատ ավելի շատ է քան 80 հազար դրամը, որը պետք է գանձվի տնտեսվարողից.
“Որևէ խոշորացման գործընթաց չկա: Մենք ասում ենք, որ եթե նախկինում պիտի գնային հաշվապահ ունենային,այժմ գնա և հստակ գումար վճարի ու հեռու կմնաս ստուգողներից”:
Հանդիպմանը ներկա էր նաև “Ժառանգություն” խմբակցությունից Թևան Պողոսյանը, ով հիմնականում համակարծիք էր Վարդան Այվազյանի հնչեցրած լուծումներին: Նա, սակայն, նշեց, որ որոշ թվով մասնագետներ դադարեցրել են իրենց աշխատանքը ստեղծված խնդիրների պատճառով:
“Մի քանի բարեգործական կլինիկաներ ևս փակվել են: Այն ժամանակ չկար հարկման բազան, որի առաջ գալուց հետո նրանք չկարողացան շարունակել աշխատել”,-ասաց նա:
Հիշեցնենք, տարեսկզբից ստոմատոլոգները բողոքի ալիք բարձրացրեցին փոփոխված օրենսդրական փաթեթի դեմ` նշելով, որ նման պայմաններում անհնար է աշխատել: Ազգային ժողովի նախագահն ասաց, որ հարցը կքննարկվի, վարչապետն ակնարկեց, թե զիջումներ չեն լինի: