Իշխանությունը պայման է դրել. ինչու ձախողվեցին ԱԺ քննարկումները
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցությունից հետո , որին մասնակցում էին խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, հայտնի դարձավ, որ հետընտրական զարգացումների հետ կապված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու քննարկումները ձախողվել են:
‘’Իրենք հատկապես դեմ էին արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցնելու գաղափարին եւ հատկապես հետաքրիր է, որ մեզ համար պայման էին դնում, որ եթե սկսենք այս քննարկումները, Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի՞պայքարը, թե ոչ:
Իհարկե, ես ասացի` բացարձակապես ոչ, որովհետեւ սա անկախ օրենսդիր մարմին է եւ պարտավոր է անպայման անդրադառնալ այսօրվա իրավիճակին’’,- Henaran.am-ին ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով` խորհրդարանական բոլոր ընդդիմադիր խմբակցությունները եւ ԲՀԿ-ն համաձայնություն տվեցին ներկայացրած օրակարգին, մինչդեռ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը մերժեցին այն:
Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական պայքարը շարունակվում է: ‘’Հասկանալի է, որ միայն Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան ձեւաչափով կարելի է ինչ-որ կերպ որոշակիորեն քննարկել եւ լուծումներ տալ այս հարցին’’,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հիշյալ քննարկումները նախաձեռնել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ ընդդիմադիր “Ժառանգություն” եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի մասնակցությամբ խորհրդարանում մի քանի հանդիպում տեղի ունեցավ, որոնց ընթացքում կողմերը որոշում էին հետընտրական իրավիճակը խորհրդարանի շրջանակներում քննարկելու ձեւաչափը:
Խորհրդարանական ընդդիմությունը երեք հիմնական պահանջ առաջարկեց քաղաքական մեծամասնությանը` ԸՕ արմատական փոփոխություն և 1 տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում, 2 տարվա ընթացքում խորհրդարանական համակարգին անցնելու հարցով սահմանադրական հանրաքվեի անցկացում և ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում:
Ռուբեն Հակոբյանի խոսքով, քաղաքական մեծամասնությունը, մի կողմից չընդունեց ընդդիմության ներկայացրած օրակարգը, մյուս կողմից լինելով նախաձեռնող, ինքն իր օրակարգը չներկայացրեց: Այս պարագայում, ըստ նրա, քննարկումներն այլեւս անիմաստ էին:
“Ժառանգության” ներկայացուցիչն ասաց, որ այժմ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները եւ ԲՀԿ-ն կօգտվեն Սահմանադրությամբ եւ ԱԺ Կանոնակարգ օրենքով իրենց վերապահված իրավունքից եւ կնախաձեռնեն ստորագրահավաք` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար:
Պատգամավորների 1/3-րդի համաձայնության դեպքում արտահերթ նիստը կկայանա նախաձեռնողի օրակարգով: Henaran.am-ի հարցին, մտավախություն չկա, որ այս նախաձեռնությունը կարժանանա ՀԱԿ-ի նախաձեռնած արտահերթ նիստի ճակատագրին, երբ քաղաքական մեծամասնությունը բոյկոտեց այն եւ նիստը չկայացավ, Ռուբեն Հակոբյանն ասաց.
‘’Առայժմ դեռ ստորագրությունները չենք հավաքել, բայց եթե ինքն իշխանությունն ասում է , որ պատրաստ է արտահերթ նիստով քննարկել իրավիճակը, իսկապես իրավունք չունի անմասն մնալ , եթե նա հայտարարում է, որ նախաձեռնում է, հետո մերժում է եւ իր օրակարգը չի ներկայացնում եւ եթե հետո մեզ հաջողվում է հրավիրել, իսկ նա չի մասնակցում, ուրեմն պարզ է, որ այս խորհրդարանը այս պետության դեմ է աշխատում: Մեծամասնությունը պետք է հարգի իր խոսքի եւ ստորագրության պատիվը’’:
Ռուբեն Հակոբյանը նաեւ ընդգծեց, որ ԱԺ Կանոնակարգ օրենքով պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելն իմպերատիվ պահանջ է եւ ԱԺ նախագահը պարտավոր է այն հրավիրել: