Համ գովում ա նախագահին, համ ասում ա հրաժարվի … /ֆոտո/
Տիկին Կարինեն Ազատության հրապարակում արեւածաղիկ է վաճառում: Չի դժգոհում, գործ միշտ էլ լինում է: “Բայց Լեւոնի միտինգի ժամանակ ավելի շատ էին առնում, հիմա կամ ցուրտ ա, կամ չեն ուզում չրթեն”,-ասում է նա` սպասարկելով հերթական միտինգավոր հաճախորդին:
Քաղաքականություն չի սիրում, բայց ստիպված լսում է բոլոր ելույթները: “Րաֆֆին ամեն օր գալիս ինձ բարեւում ա, ու գնում ա խոսելու: Լսում եմ` համ գովում ա նախագահին, համ էլ ասում ա հրաժարվի”,-պատմում է տիկին Կարինեն:
Որոշել է այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանից ի վերջո հարցնի` մինչեւ երբ է միտինգ անելու: “Ինձ օգուտ ա չնայած, առնում-չրթում են, բայց անիմաստ գալիս ա ժողովուրդը”,-շարունակում է տիկին Կարինեն եւ ավելացնում. “Էնքան էլ արագ ա բարեւում ու անցնում, որ մի բառ չես կարողանում ասել”:
Եռագույն դրոշներ էլ է վաճառում, հատը` 300 դրամ, բայց չեն գնում. նախընտրում են արեւածաղիկ` բաժակը 100 դրամով: “Է, մեկ ա ով նախագահ դառնա, ինձ համար մեկա, ես սեմուշկա եմ ծախելու, հո Րաֆֆին ինչ տանելու իրա կառավարությունը”,-եզրափակում է Henaran.am-ի զրուցակիցը: