Զուրաբյանին դուր չի եկել, որ Րաֆֆին “շեֆին” էլ է պատասխանատվության կանչում
168.am-ը Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից փորձել է պարզել, թե ինչպես է վերաբերում ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Ազատության հրապարակումառաջին ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը, թե “Մարտի 1-ը մինչեւ հիմա չի լուծվել, եւ Դատախազություն պետք է հրավիրվեն բոլոր երեք նախագահները` պատասխանտալու համար”:
“Աբսուրդ եմ համարում: Երբ մի կողմում ժողովուրդն է, մեկ ընդդիմություն, որը կազմակերպում է խաղաղ հանրահավաքներ, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, իսկ մյուս կողմում՝ բռնապետական ռեժիմն է, որն ապօրինաբար հարձակվում է խաղաղ ցուցարարների վրա ու օգտագործելով հրազեն՝ մարդ է սպանում, ուրեմն հստակ պետք է կողմնորոշվես` ո՞ւմ կողմից ես: Ժողովրդի մեծամասնությունը կողմնորոշվել է այս հարցում ու գիտի, որ միակ մեղավորն այն ռեժիմն է, որը տիրում էր 2008թ.` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Ուզում եմ շեշտել, որ այսօրվա պատարագի կազմակերպմամբ մենք ցանկություն ունենք հետագայում բացառել նմանատիպ ողբերգությունների կրկնությունը: Նա, ով ցանկանում է, որ ապագայում բացառվեն նմանատիպ դեպքերը, պետք է շատ հստակ լինի իր գնահատականների մեջ: Հենց սկսում են պատասխանատվությունը լղոզել, ռեժիմից բացի` այլ մեղավոր փնտրել, դառնում են ահավոր ուղերձի հեղինակ: Նման բան չի կարելի անել”,-ասել է Զուրաբյանը: