ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները վերահաստատեցին ընտրությունների դրական գնահատականները
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը մարտի 2-ին նոր՝ “Հետընտրական միջանկյալ զեկույց”-ով վերահաստատել է Հայաստանում նախագահի ընտրությունների մասին իր` փետրվարի 19-ին հրապարակած զեկույցի դրույթները, առ այն, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Դիտորդները նաեւ ընդգծել են, որ ընտրությունների օրն ամեն ինչ եղել է խաղաղ, լրատվամիջոցները հավասարապես լուսաբանել են բոլոր թեկնածուներին, եւ բոլոր թեկնածուներն օգտագործել են իրենց տրված անվճար եթերաժամանակը:
Դիտորդական առաքելության վերջնական զեկույցի վրա ազդեցություն կունենա նաեւ ընտրական գործընթացի մնացյալ բոլոր մասերը, ներառյալ վերջնական արդյունքների հրապարակումն ու բողոքարկման գործընթացին առկա վերաբերմունքի: Զեկույցում նշվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը փաստեց, որ Սերժ Սարգսյանը հավաքել էր ձայների մեծամասնությունը եւ հաղթել առաջին փուլով:
Երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, հայտարարել է, որ վիճարկում է արդյունքները եւ հայտարարում, որ ինքն է հաղթանակ տարել:
Նշվում է, որ փետրվարի 20-ից սկսած Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներ է սկսել Երեւանում եւ այլ քաղաքներում, որոնց միացել են ընդդիմադիր մի քանի կուսակցություններ եւ քաղաքական գործիչներ: Հավաքներն անցել են խաղաղ, եւ եւ իշխանությունները չեն միջամտել, սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ դրանք ապօրինի են եւ կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները հայտնում են, որ վերահաշվարկի եւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար 132 դիմում է ներկայացվել, եւ որոշ տեղամասերում վերահաշվարկից հետո տարբերությունը չնչին է եղել: Զեկույցում նշվում է, որ փետրվարի 25-ին ԿԸՀ-ն միաձայն ընդունել է ընտրությունների արդյունքների մասին ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն Սերժ Սարգսյանը հայտարարվել է հաղթող` 58.6 տոկոս ձայներով: Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ձայների 36.7 տոկոսը: Դիտորդների որոշակի մտահոգությունն է հարուցել որոշ տեղամասերում գործող նախագահի օգտին ստացած ձայների եւ շատ բարձր մասնակցության ցուցանիշների կապը:
Դիտորդները նաեւ փաստել են, որ փետրվարի 18-ին քիչ թվով բողոքներ են եղել, իսկ 80-ը եղել են ընտրություններից հետո, որոնց մեծ մասը մերժվել են:
Բացի դրանից, ոստիկանությունը եւ դատախազությունը ուսումնասիրել են 300-ից ավելի իրավախախտումներ, որոնցից 10-ի դեպքում է հարցուվել քրեական գործ: Դիտորդներն անդրադարձել են նաեւ ընտրությունների ընթացքի եւ հետնընտրական զարգացումների լուսաբանմանը տարբեր լրատվամիջոցներում:
Ընտրություններից անմիջապես հետո փետրվարի 19-ին հրապարակած զեկույցում ԺՀՄԻԳ դիտորդները նշել էին, որ ԵԱՀԿ Ժողովրդավարկան հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունն արձանագրել է կանոնավոր եւ առանց լուրջ խախտումների ընտրություններ:
Ընտրություններն անցկացվել են մարդու հիմնարար իրավունքների հարգմամբ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կորիզը բաղկացած է եղել 13 միջազգային փորձագետից՝ ԵԱՀԿ 11 երկրներից: Եղել են 24 երկարաժամկետ դիտորդներ, ինչպես նաեւ 250 կարճաժամկետ դիտորդներ: ԵԽԽՎ-ն Հայաստան է գործուղել 36 դիտորդի, իսկ Եվրախորհրդարանը` 12:
ԵԱՀԿ/ԺՄԻԳ նախատեսում է հրապարակել իր առաջարկություններ ներառող վերջնական եզրակացությունը ընտրական գործընթացի ավարտից մոտավորապես երկու ամիս անց: