Հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը բարձրանում է նոր մակարդակի
Հայաստանի և Հնդկաստանի առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը ամբողջովին չի արտացոլում երկու երկրների տնտեսական ողջ ներուժը:
Այսօր այս մասին Երևանում տեղի ունեցած հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ հայ-հնդկական հարաբերություններն ունեն հարուստ պատմություն և ավանդույթներ, անկախության ձեռք բերումից հետո էլ Հայաստանը մեծապես կարևորել և կարևորում է Հնդկաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացումը:
«Մեր երկու երկրների միջև հաստատվել է արդյունավետ քաղաքական երկխոսություն և մեր հարաբերություններում չկան որևէ քաղաքական խնդիրներ: Սակայն, դրա հետ մեկտեղ, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը ամբողջովին չի արտացոլում երկու երկրների տնտեսական ողջ ներուժը և դեռևս լուրջ իրացման կարիք ունի՝ հաշվի առնելով ինչպես Հնդկաստանի ներկայիս դերը համաշխարհային տնտեսության զարգացման մեջ, այնպես էլ Հայաստանի բարդ տնտեսական քաղաքականության գործոնը և նոր ինտեգրացիոն ձևաչափերի առկայությունը»,- նշեց Ռոբերտ Հարությունյանը:
Փոխնախարարը հույս հայտնեց, որ միջկառավարական հանձնաժողովի նիստում կնախանշվեն երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներն ու ուղենիշերը:
«Վստահ եմ, որ այսօրվա քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն մեր կառավարությունների ծրագրերի իրականացման, գործարարների միջև կապերի ընդլայնման համար»,- վստահեցրեց նա:
Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 60 մլն դոլար, ընդորում՝ Հնդկաստանից Հայաստան ներմուծման ծավալները կազմում են դրա գերակշիռ մասը: Ուստի, ըստ նրա, դեռևս անելիքներ կան առևտրի, ներդրումների, գիտության և կրթության, տեղեկատվական և հեռահաղորդագրության տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
Նրա խոսքերով՝ հայկական կողմը նաև մեծ կարևորություն է տալիս երկկողմ համագործակցության, իրավապայմանագրային հիմքերի ընդլայնմանն ու կատարելագործմանը:
Ռոբերտ Հարությունյանը միաժամանակ հայտնեց, որ ակտիվ համագործակցություն է իրականացվում գյուղատնտեսության բնագավառում: Մասնավորապես, Հայաստանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև կնքվել է համագործակցության մասին համաձայնագիր, ինչը նպաստավոր կլինի Հայաստանում այդ ոլորտի զարգացման համար:
«Զգալի ներդրումներ ունենք նաև քաղավիացիային, զբոսաշրջությանն ու առողջապահությանն առնչվող գործակցային ոլորտներում: Լուրջ համագործակցություն կա նաև ՏՏ ոլորտում: Հուսով եմ, որ կառուցողական երկխոսության և փոխըմբռնման միջոցով հնարավոր կլինի նոր մակարդակի բարձրացնել հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը»,- ասել է Ռոբերտ Հարությունյանը:
Միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվեցին հայ-հնդկական համագործակցության խնդիրների լայն շրջանակ առևտրի, տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, տուրիզմի, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության բնագավառներում: