15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Քաղաքական կամք» եզրույթի գործածական բարդությունները

Վերջին ժամանակներս քաղաքական ուղերձներում և  բանավեճերում մեծ կիրառում է ստացել  «քաղաքական կամք»  արտահայտությունը: Վերոհիշյալ  արտահայտությունը  ներմուծվել և  շահարկվում է  հատկապես արևմտյան գործիչների կողմից: Եզրույթը տարբեր  մասնագետների կողմից տարբեր մեկնաբանությունների է  արժանանում:

Հյուսիսային Դակոտայի համալսարանի դասախոս Էրիկ Դ. Ռաիլի  բնորոշմամբ` քաղաքական բանավեճերում վերոհիշյալ արտահայտությունը  կիրառվում է որպես հռետորական գործիք, սակայն  վերջինիս մեկնաբանումը  միանշանակ չէ:  Ընդունելով քաղաքական կամքի  ազդեցությունը քաղաքական արդյունքների վրա, նա առաջարկում է պրագմատիկ և  սիստեմատիկ մոտեցում ցուցաբերել եզրույթի կիրառական  նշանակության  վերաբերյալ: Ռաիլի մեկնաբանմամբ, շատ  կարևոր է նաև, թե ինչ  բովանդակության մեջ  է  կիրառվել  վերոհիշյալ արտահայտությունը: Նրա տեսանկյունից «քաղաքական կամք»-ը ենթադրում է, որ գաղափարը կամ մոտեցումը ստանա որոշում կայացնող մարդկանց  անհրաժեշտ քանակության աջակցությունը: Ըստ նրա՝ սա հիմնական պահանջներից մեկն է:

Ի հակադրումն  այս տեսակետի, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մեկնաբանմամբ «քաղաքական կամք»  արտահայտությունը գործիք է, որը  կիրառվում է ազդեցիկ անհատ  քաղաքական գործիչների  կողմից: Ըստ ԱԳՆ-ի` հավաքական «քաղաքական կամք»-ը  դժվարություններ է առաջ քաշում: Եթե անհատ բարձրաստիճան այրը «քաղաքական կամք»  է  ցուցաբերում, այլ  անհատ  այրեր կարող են կիսել  վերջինիս տեսակետը, սակայն երբ խոսքը  հավաքական «քաղաքական կամք»-ի մասին է, ապա  սկսվում է եզրույթը բովանդակազրկելու գործընթացն ու  արդյունքում մոլորության մեջ գցում:

Երբ քաղաքական գործիչը «քաղաքական կամք» է ցուցաբերում, նա կարող է ազդել անհատ  քաղաքական գործիչների տեսակետի և  գործունեության վրա, սակայն հավաքական «քաղաքական կամք»-ն ենթադրում է դերակատարների անհատականության անտեսում այն պարագայում, երբ  դերակատարներից յուրաքանչյուրը դրսևորում է (կամ չի ցուցաբերում) սեփական տեսակետը:  Հավաքական «քաղաքական կամք» ցուցաբերելու պարագայում մեծամասնություն են կազմում նաև այնպիսի դեպքերը, երբ պետական այրը  հաջողությամբ ներկայացնում է իր այս կամ այն տեսակետը, սակայն մնացյալ գործիչները նույն խանդավառությամբ չեն կիսում ներկայացնողի  տեսակետը:

«Քաղաքական կամք»  արտահայտությունը ունի  մեկ այլ  մեկնաբանում ևս: Եթե  ուսումնասիրվում են գործընթացներ, որոնք խթանում կամ խափանում են պետական այրի կողմից որդեգրած գործընթացը, ապա ավելի լայն ուսումնասիրություն  կատարելու անհրաժեշտություն է առաջ գալիս: Երբ  պետական այրը ձգտում է կյանքի կոչել  իր  «կամքը»՝  հիմնվելով անհատների կողմից իրականացվող գործողությունների վրա՝ նա քաղաքական համակարգի միջոցով համապատասխան արձագանք է ստանում այդ գործողությունների վերբերյալ: Սա  կարող է խթան հանդիսանալ, որպեսզի գործընթացի  մասնակիցներն շարունակեն նույն հունով, նույնիսկ ավելի ջանասիրաբար  աշխատեն այդ ուղղությամբ: Արձագանքը կարող է նաև ազդակ հանդիսանալ, որ առկա են լուրջ խոչընդոտներ, ուստի  գործիչը  կարող է փոխել գործընթացի հունը:

Ակնհայտ է, որ  «քաղաքական կամք»  եզրույթը  լայն տարածում է  գտել  քաղաքական ասպարեզում և  բավականին արդիական է, չնայած  իմաստաբանական և կիրառական անորոշություններին: Արտահայտության  միանշանակ  պարզաբանման համար  դեռ լայնածավալ ուսունասիրություններ են անհրաժեշտ, սակայն անհերքելի է այն հանգամանքը, որ  եզրույթը աստիճանաբար իր  դիրքերն ավելի է ամրապնդում քաղաքական բառարաններում:

Նարինե Մեհրաբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ