17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը նշում է դիվանագետի օրը

Յուրաքանչյուր պետության և ժողովրդի կյանքում կան իրադարձություններ և
տարեթվեր, որոնք առանձնանում են իրենց խորհրդով և կարևորությամբ։ Կարծում
եմ, որ մեր ժողովրդի արդի պատմության այդ շրջադարձային տարեթվերի շարքին
է դասվում 1992թ. մարտի 2-ը։ Ուղիղ 21 տարի առաջ այս օրը մեր դրոշը
բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև՝
Հայաստանը դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության անդամ։ Դրանով Հայոց
նորանկախ պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում։

Բազմախորհուրդ, բայց միևնույն ժամանակ օրինաչափ է ՀՀ կառավարության
կայացրած որոշումը, որով մարտի 2-ը սահմանվեց որպես Հայաստանի
Հանրապետության դիվանագետի օր։

Նորաստեղծ հայկական դիվանագիտությունը սկսեց իր առաջին քայլերը բարդ
պայմաններում։ Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ
դիվանագիտական խորը ավանդույնթեր և փորձ, շատ հաճախ ստիպված էինք
կայացման ընթացքում սովորել, ձևավորել դիվանագիտական մեր ձեռագիրը և ոճը։
Չնայած բոլոր դժվարություններին դա հնարավոր եղավ անել բավականին կարճ
ժամանակահատվածում։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է
հաստատել 157 պետությունների հետ, 87 միջազգային կազմակերպության անդամ
է։ Արտերկորւմ գործում է Հայաստանի 61 դիվանագիտական
ներկայացուցչություն, իսկ մեր երկում՝ 58 երկրների և միջազգային
կազմակերպությունների դիվանագիտական ներկայցուցչություններ։  Հայաստանի և
 տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև կնքված
է 1744 պայմանագիր և համաձայնագիր։

Այսօր մեր ձայնը լսելի է դարձել համաշխարհային ամենատարբեր հարթակներում,
աշխարհում Հայաստանն ընկալվում է որպես միջազգային հանրության
վստահությունը վայելող, կանխատեսելի գործընկեր, որի խոսքը և գործը
համընկնում են։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, հիմնվելով Հանրապետության
Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության հիման վրա, շարունակում է
աշխատանքներն ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի
ամրապնդմանը, զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը,
միջազգային ասպարեզում մեր հեղինակության եւ դիրքերի ամրապնդմանը, տարբեր
մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային
կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացմանը,
տնտեսական համագործակցության խթանմանը, արտերկրում Հանրապետության եւ նրա
քաղաքացիների շահերի պաշտպանությանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ
համագործակցության առավել ամրապնդմանը, արտերկրում հայկական մշակութային
ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական
օրակարգ ձեւավորող եւ մեր շահերին համահունչ նախաձեռնությունների
իրականացմանը:

Այսօր արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի
ռազմավարությունը ոչ միայն ըմբռնելի է, այլեւ աջակցություն է վայելում
միջազգային հանրության կողմից: Դրա մասին են վկայում լ՛Աքվիլայում,
Մուսկոկայում, Դովիլում և Լոս-Կաբոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների
հայտարարությունները։ Դրա մասին են վկայում ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի,
Հելսինկիում, Աթենքում, Ալմաթիում, Վիլնյուսում, Դուբլինում նախարարական
համաժողովների շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը նվիրված
հայտարարությունները։

Մեր դիվանագիտությունը շարունակում է հետամուտ լինել Հայոց
Ցեղասպանության որպես մարդկության դեմ իրականացրած ծանրագույն
հանցագործության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը, ինչպես նաև
վերապրածների և նրանց ժառանգներիի արժանապտվության ոտնահարման փորձերի
կասեցմանը։

Հայաստանը շարունակել է ամրապնդել և խորացնել իր ռազմավարական և
դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հետևողականորեն
ընդլայնելով համագործակցության ոլորտները։

Որակական զարգացում է ապրել Հայաստանի բարեկամական գործընկերությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։

Զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան- Եվրոպական միություն մերձեցման
գործընթացում, նոր թափ է հաղրոդվել եվրոպական երկրների հետ երկկողմ
հարաբերություններին։

Հետևողական քայլեր են ձեռնարկվել Հայաստանի անմիջական հարևաններ՝
Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական հարաբերերությունների ամրապնդման
ուղղությամբ։

Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման
վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը ստացավ և վայելում է
միջազգային հանրության աներկբա աջակցությունը։

Շարունակվելու է ակտիվ ներգրավվածությունը ԱՊՀ տարածքում  իրականացվող
փոխգործակցությանը, ընդլայնվել են կապերը ԱՊՀ անդամ երկրների հետ։

Կարեւոր տեղ է հատկացվել Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ
հարաբերություններին: Ակտիվացել են աշխատանքներն ասիական, լատինամերիկյան
և աֆրիկյան ուղղություններով: Ուշադրության կենտրոնում է եղել արաբական
երկրների հետ հարաբերությունների զարգացումը:

Խորացել և ամրապնդվել է Հայաստանի անվտանգության կարեւոր բաղադրիչ
հանդիսացող ՀԱՊԿ –ի շրջանակներում ներգրավվածությունը և ռազմավարական
համագործակցությունը:

Շարունակական զարգացում է ապրել Հայաստանի փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

Ապահովվել է մեր ակտիվ  մասնակցությունը ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, Ֆրանկոֆոնիայի,
ՍԾՏՀ-ի եւ մի շարք այլ միջազգային եւ տարածաշրջանային
կազմակերպությունների աշխատանքներին:

Տնտեսական բաղադրիչը կարեւոր տեղ է զբաղեցրել արտաքին քաղաքական
օրակարգում: Քայլեր են ձեռնարկվել տնտեսական հարաբերությունների
զարգացման ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային
կառույցների եւ ֆինանսական հաստատությունների շրջանակներում:

Արտաքին գործերի նախարարությունը իր աջակցությունն է բերել
միջխորհրդարանական հարաբերույթունների զարգացմանը։ Հատուկ կարևորություն
է տրվել  Հայաստան – Սփյուռք կապերի ամրապնդմանը։

ԱԳՆ-ն համակարգել է Հայաստանի պետական կառույցների միջազգային
գործունեությունը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը,
միջազգային համագործակցությունը մշակութային, գիտական եւ կրթական
ոլորտներում:

Դիվանագիտության արտաքին փայլի լույսերի տակ չի երևում այն չարքաշ և
տքնաջան աշխատանքը, որը դիվանագետի գործունեության անբաժան մասն է
կազմում։ Մեր դիվանագետների լարված աշխատանքի շնորհիվ ամուր հիմքեր են
դրվում հետագա նոր ձեռքբերումների համար։

Դիվանագետ դառնալու նախադրյալները, իհարկե, առաջին հերթին պետք է լինեն
արյան մեջ, բայց դիվանագիտությունը, ինչպես որևէ այլ մասնագիտություն,
պահանջում է հիմնավոր կրթություն։ Այսօր մեր պատմության ընթացքում առաջին
անգամ մեր դիվագետներին պատրաստում ենք մեր Դիվանագիտական դպրոցում։
Համոզված եմ, որ դպրոցից արտաքին գործերի նախարարություն եկած
երիտասարդերը կդառնան փորձառու դիվանագետներին արժանի փոխարինողներ, և
չեմ կասկածում, որ կգերազանցեն ավագ գործընկերներին։

Այսօր՝ մարտի 2-ին մենք նշում ենք դիվագետի օրը և ՄԱԿ-ին անդամակցության
տարեդարձը։ Երկու տասնամյակի ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն
է բերել ՄԱԿ-ի  նպատակների իրականացմանը՝ միջազգային խաղաղության եւ
անվտանգության պահպանմանը, խաղաղ միջոցներով  և միջազգային իրավունքի
սկզբունքների հիման վրա վեճերի կարգավորմանը, ժողովուրդների
իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա
պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը,
տնտեսական, սոցիալական, մշակութային եւ մարդասիրական խնդիրների լուծման
ուղղությամբ միջազգային համագործակցությանը, մարդու իրավունքների ու
հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը:

Հայաստանը շարունակելու է իր նախաձեռնողական քաղաքականությունը՝ հետամուտ
լինելով մեր երկրի և ժողովրդի շահերից բխող նպատակների իրականացմանը,
միջազգային հանրության հետ համատեղ ուժերով նպաստելով մարդկության առջեւ
ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ու խնդիրների լուծմանը, առավել
խաղաղ, անվտանգ, ապահով եւ արժանապատիվ ապագայի կերտմանը:

Էդվարդ Նալբանդյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ