Հաստատվել է Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ.-ի «փրկության» ծրագիրը
Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և միջոցառումների ծրագիրը:
Ըստ այդմ՝ կհստակեցվեն Արարատյան դաշտի ջրօգտագործողների՝ ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:
Որոշումը հնարավորություն կտա Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում հավասարակշռել ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, բացահայտել ջրավազանում արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները:
Այն կնպաստի նաև Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի կառավարման պլանի արդյունավետ իրագործմանը, որն իր հերթին կբերի այդ տարածքում ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ և համապարփակ կառավարմանը:
Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծության զարգացման նպատակով կամ համայնքներին պատկանող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող) հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման գործընթացը շարունակելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի բնապահպանության նախարարությանը:
Նախնական տվյալներով հնարավոր կլինի լուծարել 5 և կոնսերվացնել շուրջ 15 հորեր՝ համաձայն «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից մշակված՝ Արարատյան դաշտավայրի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման եղանակների: