22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կրակոցներ Չարենցի փողոցում /վիդեո/

Մարտի 31-ի վաղ առավոտյան, երբ մարդիկ շտապում են աշխատանքի, երեխաները՝ դպրոց, ավելի փոքրերը՝ մանկապարտեզ, մայրաքաղաքի Չարենցի փողոցում կրակոցներ հնչեցին: Իրավիճակն արտակարգ էր. գետնին ընկած վիրավոր, դեպքի վայրից հեռացող ավտոմեքենա, շփոթահար անցորդներ… Եվ դժվար է ասել՝ ինչ ընթացք կունենար այս ամենը, եթե չմիջամտեր նույնպես աշխատանքի շտապող ոստիկանը…

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 8-ն անց 10-ին. զանգահարել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Շմավոնյանը և հայտնել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են եղել, փողոցում վիրավոր կա, իրավախախտները հեռանում են «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, ուղևորներից մեկը զինված է…

Որոշումն արագ պիտի կայացվեր՝ օգնել վիրավորի՞ն, թե՞ հետապնդել իրավախախտներին: Նկատելով, որ քաղաքացիներն արդեն տուժողին օգնություն են ցուցաբերում, Շմավոնյանը սկսում է հետապնդել հեռացող «Օպելին»՝ միևնույն ժամանակ օժանդակ ուժեր կանչելով…

Եվս 10 րոպե, և ոստիկանության ՊՊԾ գնդի ու Կենտրոնականի բաժնի ծառայողների օգնությամբ Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Երևանի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Դավիթ Հարությունյանը, 1988 թ. ծնված Երջանիկ Մարտիրոսյանը, 1992 թ. ծնված Լևոն Ադամյանը և «Օպելի» վարորդ, 1971 թ. Արթուր Աբրահամյանը:

Պարզվեց, որ Հարությունյանը, Մարտիրոսյանը և Ադամյանը ժամը 8-ի սահմաններում Չարենցի 5 հասցեի մոտ վիճաբանության մեջ են մտել ոմն Արմենի ու Գևորգի հետ: Այդ ընթացքում Հարությունյանը կրակոցներ է արձակել «Բայկալ» մակնիշի օդաճնշիչ ատրճանակից:

Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Արմենի ու Գևորգի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն, որով կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները:

Սակայն մի հարցի պատասխան պետք է տրվի հենց հիմա՝ ինչ աստիճանի պետք է հասնի ցինիզմը, որ մարդը կրակի ծանրաբեռնված փողոցում, մարդկանց ու հատկապես երեխաների ներկայությամբ: Եվ այս հարցին պետք է պատասխանի հանրությո՛ւնը՝ նմանների հանդեպ անհանդուրժողականությամբ: Նույն վճռականությամբ, որով ոստիկանն է, անկախ տեղից, ժամանակից, այլևայլ հանգամանքներից, փակում այդ նույն հանրության անվտանգությանը ոտնձգողի ճանապարհը:

ՀՀ ոստիկանություն

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ