Սիրիայից շուրջ 20.000 փախստականներ ապաստան են գտել Հայաստանում
Մարտի 30-ին Ժնևում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Սիրիայից փախստականների խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, որի բացումը կատարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: Ներկա էին շուրջ հինգ տասնյակ երկրների նախարարներ, բարձրաստիճան պատվիրակություններ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց.
«Ելույթ ունենալով այս խորհրդանշական վայրում՝ ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել փախստականների հարցերով Ազգերի Լիգայի առաջին բարձր հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, ում անունը հույս և փրկություն էր խորհրդանշում բազմաթիվ փախստականների համար: Նանսենի հանձնառությունը և վճռականությունը՝ զբաղվելու փախստականների առջև ծառացած խնդիրներով, ոգեշնչման իրական աղբյուր է հանդիսանում այսօր, երբ աշխարհն ականատես է լինում վերջին տասնամյակների ամենասարսափելի հումանիտար ճգնաժամերից մեկին:
Տարիներ շարունակ Սիրիայում շարունակվող քայքայիչ պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր սիրիացիներ ապաստան են փնտրում ողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ խստորեն դատապարտեց «ԴԱԻՇ»-ի, Ալ-Նուսրայի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի և նրանց մշակութային ու կրոնական ժառանգության դեմ բարբարոսությունները։ Վերոհիշյալ փոքրամասնությունները դարեր շարունակ այդ տարածաշրջանի բազմամշակութային, բազմազգ խճանկարի մաս են կազմել։ Նախորդ տարի այստեղ՝ Մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանն այդ գործողությունները բնորոշեց որպես «քաղաքակրթության դեմ հանցագործություններ»:
Անդրադառնալով փախստականներ ընդունելու և նրանց ապաստան տալու Հայաստանի փորձին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Դառը հիշողություններ են արթնանում հայերի մոտ, ովքեր գաղթի ճանապարհն են բռնում այսօր՝ հարյուր տարի առաջ իրենց ապաստանած վայրերից: Նանսենը և բազմաթիվ այլ հումանիստներ Հայոց ցեղասպանությունից փրկվածներին օգնեցին հաղթահարել կոտորածների և տեղահանության սարսափները: Այսօր Սիրիայից շուրջ 20.000 փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա զգալի թիվ է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, որը ոչ վաղ անցյալում արդեն հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել Ադրբեջանից: Հիրավի, մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել փախստական և ապաստան տալ մեծ թվով տեղահանվածների, և, անշուշտ, այս քննարկմանը մասնակցում ենք համերաշխության և պատասխանատվության բարձր զգացումով:
Մեր սեփական փորձը ցույց է տալիս, որ նման խոշոր չափերի հասնող հումանիտար ճգնաժամերի հաղթահարումը պահանջում է համախմբում, ինչն առանձին մի երկրի ուժերից վեր է: Դա ճշմարիտ է փախստականներ ընդունած յուրաքանչյուր երկրի պարագայում, սակայն, հավանաբար, առավել մեծ չափով դա վերաբերում է սահմանափակ ռեսուրսներ ունեցողներին: Ցանկանում ենք միջազգային դոնոր հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ փախստականներին ապաստան տված երկրներին աջակցություն ցուցաբերելու հանձնառությունը չպետք է պայմանավորված լինի միայն աշխարհագրական դիրքով, այլ` պատասխանատվության առավել արդարացի բաշխման սկզբունքով` առանց որևէ տարբերակման` փախստականների միջազգային պաշտպանության ոգուն համապատասխան:
Հայաստանը, իհարկե, շարունակելու է անել առավելագույնը` հոգ տանելու մեր երկրում ապաստան գտած սիրիացիների մասին: Մենք կողջունենք Հայաստանին օժանդակության տրամադրումը` Սիրիայից գաղթած փախստականների առաջնահերթ հումանիտար կարիքները հոգալու և մեր երկրում նրանց ինտեգրմանը աջակցելու նպատակով: Դրա համար Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ` ի թիվս այլոց դյուրացնելով մուտքի արտոնագրի տրամադրումը, մշտական բնակության իրավունքի կամ քաղաքացիության ձեռքբերումը, ձեռներեցության զարգացումը, անհրաժեշտ բժշկական աջակցության և անվճար շտապ օգնության ստացումը, համալսարանական կրթաթոշակների տրամադրումը»։
«Հավատացած ենք, որ փախստականների և աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առջև կանգնած հումանիտար խնդիրները լուծելուն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական առևտրի և շահարկումների առարկա հանդիսանալ։
Փախստականների ճգնաժամը հասարակությունների առջև բազմաթիվ հարցեր է բարձրացնում` ոչ միայն երկրների անվտանգության, այլև փախստականների բնակեցման, զբաղվածության, կրթության և ինտեգրման երկարաժամկետ խնդիրների առումով: Ինչպես նշվեց այս բարձր մակարդակի հանդիպման բացմանը ցուցադրված ֆիլմում, փախստականներն առավել լավ ապագայի իրավունք ունեն։ Ֆրիտյոֆ Նանսենը համոզված էր, որ «փախստականներն, ովքեր որպես ծանր բեռ են ընկալվում, կարող են կարևոր արժեք դառնալ»։ Նույն համոզմունքը հայտնեց գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այսօր առավոտյան իր բացման խոսքում։ Հիրավի, մեր երկրներից շատերի պատմությունները հաստատում են այս խոսքերի իրավացիությունը», – եզրափակելով իր խոսքը՝ ընդգծեց նախարար Նալբանդյանը։