6 տարի 6 ամսով դատապարտված Խոջոյանին արդարացրեցին
Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մարտի 29-ին արդարացման դատավճիռ է կայացրել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով։
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Անդրանիկ Խոջումյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն) եւ դատապարտվել 6 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման:
Մինչդեռ ինքը՝ ամբաստանյալը պնդում էր, որ 2014թ. ապրիլի 1-ին դարձել է զինված հարձակման զոհ, իսկ իր օրինական որսորդական հրացանից «Իջեւանատուն» համալիրի բակում կրակոցներ է արձակել ոչ թե հասարակական կարգը որեւէ կերպ խախտելու, այլ ընդամենը իրեն ու իրեն պատկանող գույքը զինված հարձակումից պաշտպանելու նպատակով:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել Անդրանիկ Խոջումյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց այդ գործով կայացված որոշումը, որով Անդրանիկ Խոջումյանն արդարացվեց խուլիգանության մեղադրանքով, ու թեեւ վերաքննիչ դատարանը գտել էր, որ Ա.Խոջումյանի գործողություններում առկա է սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք, այնուամենայնիվ այդ մասով եւս քրեական հետապնդումը դադարեցվեց՝ բողոքի բացակայության պատճառաբանությամբ:
Կայացված որոշմամբ Անդրանիկ Խոջումյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: