“Ժառանգությունն”` անկախ Րաֆֆուց
“Այն քննարկումները, որոնք տեղի են ունենում ԱԺ-ում` “Ժառանգության”, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ, որեւէ կապ չունեն իմ եւ հայ ժողովրդի ընդհանրական պահանջի հետ”,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Թերթը հիշեցնում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ նշված ուժերի ներկայացուցիչները քննարկել են պահանջներ, որոնք հիմնականում “Ժառանգությունն” է առաջ քաշել եւ որոնց մեջ է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանելով քննարկումը եւ իր խոսքով` ողջունելով համազգային այս տագնապի իրական լուծման ցանկացած տարբերակ, նշել է, որ դա չի ներկայացնում իր տեսակետը եւ իր պատասխանատվությունը հայ ժողովրդի նկատմամբ:
“Չադնայա սկորոստ” չկա: Կամ համազգային լուծում, կամ ոչ մի բան: Ես ողջունում եմ համատեղ ցանկացած մոտեցում, որպեսզի հաղթահարվի սա: Եթե ուզում են իրենց հանրագումարից հետո պարոն Սարգսյանի շուրթերով ներկայացնել իրենց առաջարկը, մեծ սիրով կլսեմ”,-ասել է նա: