“Հարսնաքար”-ի եւ “Բանդա”-ի դատավարությունը նույն օրը
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր` հոկտեմբերի 17-ին, շարունակեց “Հարսնաքարի” գործով դատական նիստը:
Ըստ մեղադրանքի` Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Հիշեցնենք, որ անցած նիստում տուժածների փաստաբանները ներկայացրին միջնորդություններ եւ այսօր պաշտպանական կողմը ներկայացնում էր իր դիտարկումները: Մինչ ներկայացնելը ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը միջնորդեց, որպեսզի ` ԶԼՄ-ներին արգելել ձայնագրել կամ տեսալուսանկարահանել ցանկացած բան, ինչը կապված է իրենց պաշտպանյալների հետ: Սրան առարկեց դատախազ Արթուր Դավթյանը, որի կարծիքով, գնահատական է տրվում ԶԼՄ-ներին եւ դրանով իսկ հրապարակայնության սկզբունքն է խախտվում:
Տուժողների ներկայացուցիչներն էլ առարկեցին ասելով, որ լրատվամիջոցներն ունեն խոսքի ազատության իրավունք, իսկ հանրությունն էլ ունի տեղեկություն ստանալու իրավունք:
Դատավորը մեջբերելով դատաքննության հրապարակայնության սկզբունքը մերժեց միջնորդությունը:
Դատարանը հետաձգեց գործով նոր ապացույցների ձեռք բերման եւ մի շարք քննչական գործողությունների անցկացմանն ուղղված տուժող կողմի միջնորդությունների քննարկումը՝ մինչեւ գործի էական հանգամանքների պարզումը: Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ն է եւ քննարկվելու է պաշտպանական կողմի միջնորդությունը:
Նշենք, որ այդ նույն օրը Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի նաեւ “բանդա”-ի դատավարությունը: