16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Համեմատությունը ուղղակի սար ու ձորի է. այս եւ 2008-ի հետընտրական իրավիճակը

Henaran.amը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի եւ հետընտրական զարգացումների շուրջ զրուցել է  պատգամավոր, ‘’Ազատ դեմոկրատներ’’ կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար, 2008-ին Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հետ:

Պարոն Արզումանյան, փորձենք զուգահեռներ անցկացնել 2008թվականի եւ վերջին նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի միջեւ: Ընդդիմությունը կրկին չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ կրկին հրապարակ է դուրս եկել:

-Ես գտնում եմ, որ 2008 թվականի եւ այսօրվա իրադարձությունները համեմատելը այդքան էլ ճիշտ չէ: Համեմատության ընդհանուր եզրերից կարելի է համարել այն, որ գործող իշխանությունը նույն քանակությամբ ձայներ է արձանագրել, բացարձակապես նույն` ութ հարյուր վաթսուն երկու հազարի շրջանակներում:

Թե դրանից որ մասն է իրոք ընտրողի ձայնը, դա այլ հարց է: Ինչ վերաբերվում է նախընտրական քարոզարշավին, համեմատությունը ուղղակի սար ու ձորի է: Եթե Դուք հիշում եք, նախորդ ընտրություններում դեռեւս  նախընտրական փուլը չսկսած, դեռեւս որեւէ թեկնածու չէր առաջադրվել, դեռեւս որեւէ մեկը վստահ չէր Լեւոն Տեր-Պետրոսյանը դնելու է իր թեկնածությունը , թե ոչ, հանրահավաք հրավիրելու իրազեկման մասնակիցների նկատմամբ բռնի ուժ կիրառվեց եւ մի շարք մարդիկ բերման ենթարկվեցին, այդ թվում հայտնի քաղաքական գործիչներ, խմբագիրներ: Քրեական գործ հարուցվեց, որը տարիներ շարունակ մնաց:

Դրանից հետո մշտապես եղել են ՀՀՇ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող այլ կուսակցությունների ներկայացուցիիչների նկատմամբ հալածանքներ, հետապնդումներ, բերման ենթարկումներ:

Առանց պրոբլեմի որեւէ միջոցառում չի իրականացվել, մամուլը լիովին փակ է եղել, էլեկտրոնային մամուլի որեւէ հնարավորություն չի եղել, հեռուստատեսություն մեզ որեւէ մեկը չէր թողնում, դրա համար խոսվում էր “դիվիդիների հեղափոխության” մասին:

Նախընտրական փուլն անցել է այս նույն իրավիճակում, նույնիսկ հունվարի սկզբին` ընտրողների հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ, Թալինում ձերբակալվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի երեք ակտիվիստները` Սափեյանների ընտանիքը եւ այլն, եւ դատապարտվեցին մինչեւ երկու տարվա ազատազրկման:

Դա շարունակվեց, Արտաշատում քարկոծվեց հանդիպումը եւ այլն: Այն ժամանակ խախտումներն ամբողջությամբ ներառել են մինչնախընտրական , նախընտրական եւ  հետընտրական գործընթացները, իսկ այս ընտրություններում շատ նորմալ հնարավորություններ են ստեղծված եղել:

Որեւէ խոչընդոտ չի եղել նախընտրական արշավն անցկացնելու համար: Մինչեւ ընտրության օրը թերեւս այնպիսի խախտումներ, որոնք կարող էին կասկածի տակ դնել ընտրությունները, չեն եղել: Եղել է այն, որ անակնկալի է եկել իշխանությունը եւ ընտրության օրը գիտակցել է, որ կա բողոքական շատ լուրջ էլեկտորատ, որն իր ձայնը տալիս է ընդդիմությանը:

Այդ ձայների քանակը, եթե համեմատեք, նույնն է, ինչ եղել է 2008 թվականին: Ուղղակի, այն ժամանակ մի քիչ այլ կերպ է բաշխվել: Եթե ընդունենք այդ թվերի ճշմարտացիությունը, մոտ վեց հարյուր հիսուն-յոթ հարյուր հազարի չափ բողոքական ընտրող կար:

Անշուշտ, արդյունքները կեղծված են եւ կա դժգոհություն: Հիմա բոլորովին այլ իրավիճակ է: Հուսանք, որ այս ողջ պրոցեսը, որն ավելի քաղաքակիրթ էր, բախումներ չի բերի եւ երկխոսության միջոցով փորձ կարվի այս ճգնաժամը հաղթահարել:

-Պարոն Արզումանյան, Ձեր կարծիքով ինչի՞ կարող է հանգեցնել այդ երկխոսությունը, ի՞նչ  որոշում կարող է լինել, որից եւ հրապարակում հավաքված ժողովուրդը բավարարված կլինի եւ կողմերը:

-Գիտեք, դա իմ որոշելիքը չէ: Կան գործող անձինք, կան այս գործընթացի ակտիվ մասնակիցները, կա Րաֆֆի Հովհաննիսյանը իր թիմով, որն ստացել է ընդդիմադիր զանգվածի ձայների առյուծի բաժինը:

Իրենք պետք է իրենց ռազմավարությունը եւ քայլերի հաջորդականությունը որոշեն եւ մեզ տեղյակ պահեն: Ես այս պահին խոսում եմ որպես ժողովրդի ներկայացուցիչ, որը միշտ պայքարել է  քաղաքացու իրավունքների պաշտպանության համար: Թե ինչպիսի լուծումներ կգտնեն, հուսանք, որ այդ լուծումները կբխեն քաղաքացու շահից:

-Ձեր կարծիքով որքա՞ն տեւական կարող է լինել ընդդիմության մի մասի կոնսոլիդացիան, որ տեսնում ենք հրապարակում: Արդյո՞ք նոր ընդդիմադիր բեւեռ է ծնվում:  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն օրինակ, երեկ կարծիք հայտնեց, որ ընտրություններից հետո նոր ընդդիմություն ծնվեց:

– Չգիտեմ, ծնվեց, թե ոչ, գուցե երկունք է, այս պահին, բայց սա ավելի շատ արգասիքն է այն քաղաքացիական պայքարի, որ տեղի ունեցավ վերջին հինգ տարիների ընթացքում: 2008 թվականի կարեւորագույն արդյունքներից մեկն այն է, որ ժողովրդի շարունակական պայքարը բերեց նրան, որ քաղաքացիական հասարակությունը սկսեց արթնանալ եւ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ի հայտ եկան, որոնք բազմաթիվ հաջողություններ արձանագրեցին  եւ այսօր այս քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակն է  նաեւ, որ որպես քաղաքացի հանդես եկավ հասարակությունը եւ չծախվեց այդ ընտրակաշառքներին, չխաբվեց կեղծ խոստումներին եւ իր բողոքի ձայնը բարձրացրեց:

Հուսանք, որ սա եւս մեկ քայլ է քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ: Այնքան էլ կարեւոր չէ` ով կլինի տիտղոսային կամ ամենառեալ ընդդիմությունը: Ամենակարեւորն այն է, որ որքանով քաղաքացիական հասարակությունը կկայանա եւ որքանով կկարողանա թելադրել իշխանությանը` սպասարկել լայն զանգվածների շահերը: Թե այդ ընթացքում որ քաղաքական ուժը որքան կսպասարկի հասարակությանը որպես գործիք, դա արդեն ածանցյալ եւ ինձ համար ոչ այնքան կարեւոր հարց է:

-Պարոն Արզումանյան, թեեւ ‘’Ազատ դեմոկրատներ’’-ը արդեն հայտարարություն են տարածել, այսուհանդերձ, կմիանա՞ք հրապարակային պայքարին: Նման հարց քննարկե՞լ եք:

-Կուսակցությունը հայտարարության մեջ հստակ ասել է, որ շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների, քաղաքացիների ազատությունների իր ծրագրային դրույթներին եւ միշտ լինելու է այնտեղ, որտեղ հասարակությունն իր իրավունքների համար պայքարում է: Հիմա կան գործող անձինք, մենք մասնակիցը չենք եղել այս գործընթացի, մենք ընդամենը կոչ ենք արել մեր ընտրողներին եւ համակիրներին` ձայն չտալ գործող իշխանությանը եւ քվեարկել ընդդիմության որեւէ թեկնածուի օգտին:

Ես անձամբ քվեարկել եմ Հրանտ Բագրատյանի օգտին: Ուրախ եմ, որ անսացին մեր այդ կոչին եւ քվեարկել են ընդդիմության օգտին, իսկ առավելագույն ձայներ ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր թիմը ինչ գործողություններ կանեն, ըստ այդմ էլ կտեսնենք:

-Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկում կայացավ եւ որոշվեց ձեւաչափ գտնել երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը քննարկելու համար:  Ի՞նչ կտա այս նախաձեռնությունը:

-Նախ, ես որեւէ մաս չեմ կազմել այդ քննարկումներին: Ազգային ժողովը, որպես մի ֆորում, որտեղ ներկայացված է քաղաքական դաշտի ողջ սպեկտորը, պետք է արձագանքի այս իրադարձություններին եւ պետք է քննարկի: Սա նորմալ է եւ հասարակության համար կարեւոր է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դուրս չմնան գործընթացից:

Պարոն Արզումանյան, արդեն հրապարակվել են ընտրությունների վերջնական արդյունքները, միջազգային հանրությունը ճանաչում է այդ արդյունքները, մյուս կողմից, Րաֆֆի Հովհաննիսյանն  հայտարարում է, որ օրինական ճանապարհով պայքարը շարունակելու է մինչեւ վերջ: Այս դեպքում,  ի՞նչ համաձայնության կարող են գալ կողմերը եւ արդյո՞ք հրապարակում հավաքված զանգվածը հերթական հիասթափությունը չի ապրի, իսկ գործընթացն էլ չի արժանանա այն գնահատականին, որին արժանացավ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը ժամանակին:

-Ես շատ կուզենայի, հաշվի առնելով, որ բոլորս գիտակցեցինք մեր քաղաքական մտքի սնանկությունը այս գործընթացում, գիտակցենք, որ ժողովուրդը,  այնուամենայնիվ, բոլորից իմաստունն է եւ ինքը շատ ճիշտ լուծումներ է գտնում անհրաժեշտ պահին : Կարծում եմ ինքը` հասարակությունը զարգացումներին գնահատական կտա: Հուսով եմ, որ կլինեն բանակցային ինչ-որ գործընթացներ եւ ինչ-որ լուծումներ կգտնվեն: Այդ լուծումները պետք է  բխեն հասարակության շահերից: 

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ