Բաց նամակ Սեյրան Օհանյանին
“ՀՀ պաշտպանության նախարարությունում ո՞ր պետության են ծառայում։
Հարգարժան պր. Օհանյան,
Առաջին պահին կարող է սադրական կամ նույնիսկ վիրավորական թվալ վերեւի հարցադրումը, սակայն, կարծում եմ կհամաձայնեք իմ հարցադրման հիմնավոր լինելուն՝ ստորեւ բերվող փաստերն ընթերցելուց հետո:
Փետրվարի 23-ի ժ. 14-ին ներկա գտնվեցի այդ օրը Ռուսաստանի Դաշնությունում “Հայրենիքի պաշտպանի” օրվա առթիվ Ռուսաստանի պետական համագործակցության («Ռոսգոսսոտրուդնիչեստվո”) Հայաստանի ներկայացուցչության կազմակերպած միջոցառմանը, որը կայացավ Հայֆիլհարմոնիայի՝ Առնո Բաբաջանյանի անվան փոքր դահլիճում:
Միջոցառումը հոյակապ էր կազմակերպված, եւ, խոստովանեմ, գեղագիտական մեծ բավականություն ստացա: ՀՀ-ում ՌԴ դեսպանության առաջին քարտուղարի ռուսերեն եւ ՀՀ ԶՈՒ վետերանների միության նախագահի հայերեն ողջույնի խոսքերից հետո ներկայացվեց մի հիանալի համերգ՝ օրվա խորհրդին պատշաճ երգերով ու պարերով: Մասնակցողների թվում էին ՀՀ ՊՆ «Զորական» երգի եւ «Սարդարապատ» պարի համույթները: Երկուսն էլ հանդես եկան պրոֆեսիոնալ համույթներին վայել բարձր մակարդակով: Աչքի էր խփում բոլորի շքեղ, տոնական հագվածքն ու պատշաճ, արժանավայել պահվածքը: Սակայն…
Չգիտեմ ո՞վ եւ ինչո՞ւ որոշել էր համերգն սկսել “Ծառայում եմ Ռուսաստանին” (Служу России) ռուսերեն երգով: Թվում է, թե դրանում արտառոց բան չկա: Այո, դա այդպես կլիներ, եթե դա երգեին ՌԴ քաղաքացիներ կամ, առնվազն ՌԴ պետական տարբեր կառույցներում ծառայողներ, օրինակ՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերում ծառայողներ, թեկուզ նրանք լինեն հայազգի (ի դեպ, նրանցից Արմէն Ավագյանն իր չորս կատարումներով պարզապես անգերազանցելի էր իր կատարողական բարձր արվեստով):
Սակայն, ուղղակի ապշեցուցիչ էր, որ համերգն այդ երգով սկսեց … ՀՀ ՊՆ “Զորական” երգի համոյթը: Մի պահ շփոթվեցի եւ մտածեցի, թե ՀՀ-ն դադարե՞լ է անկախ պետություն լինելուց եւ արդեն ընդգրկվել է ՌԴ կազմո՞ւմ իբրեւ ինչ-որ ինքնավար հանրապետություն, երկրամաս, օկրուգ կամ նման մի բան: Երգի բառերում, անշուշտ, խոսվում էր Ռուսաստանին հավատարմորեն ծառայելու պարտքի մասին:
Ավելին, միջոցառմանը ներկա ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ տիկ. Հերմինե Նաղդալյանը ոչ միայն չանհանգստացավ ի տես եւ ի լուր այս անընդունելի փաստի, այլեւ, դեռեւս երգի ընթացքում գրեթե միակն էր դահլիճում, ով երգի ռիթմին ներդաշնակող ծափերով իր անհուն գոհունակությունն էր հայտնում, որը վերահաստատեց նաեւ երգի ավարտին հնչած’ ներկաների ծափահարությունների ժամանակ:
Սա ինձ հիշեցրեց Հայաստանի առաջին հանրապետության տարիներին, ավելի ճշգրիտ’ 1919 թ. ամառը տեղի ունեցած ամոթալի մի միջադեպ. ՀՀ խորհրդարանի շենքի մի սենյակից լսվում է ռուսերեն մի երգ: Խորհրդարանի փոխնախագահ Սիրական Տիգրանյանը եւ ուրիշներ շտապում են այնտեղ’ ստուգելու, թե ինչ է կատարվում: Պարզվում է, որ ՀՀ բանակի բարձրաստիճան սպաները երգում էին ցարական Ռուսաստանի “Բոժե, ցարյա խրանի” հիմներգը. ՀՀ ղեկավարությունից առաջ լսել էին. որ իրենց կուռքը’ այդ օրը Երեւան հասնող գնդապետ Զինգեւիչը նշանակվել է Դենիկինի դիվանագիտական ներկայացուցիչ ՀՀում:
Դեպքերին լավատեղյակ Վահե Արծրունին այս մասին գրում է. “Ի զուր Տիգրանեանը սաստեց եւ խորհրդարանի անունով սպառնաց հայ սպաներուն: Ընդհակառակն, քանի ան աւելի լուրջ բնոյթ տուաւ իր սպառնալիքին, սպաներն աւելի ոգեւորուած երգեցին ցարական պաշտօնական երգը” (Վահէ Արծրունի, “Հայ-տաճկական պատերազամը – Հայ սպայութիւնը – Շատախ”, հրատարակութեան պատրաստեղ’ Գեղամ Բադալեան, Երեւան, 2002, էջ 370-371): Դատելով տիկ. Նաղդալյանի պահվածքից, ցավոք պիտի հաստատեմ, որ շուրջ մեկ դար ետք Տիգրանյանի ժառանգորդի մոտ էլ ավելի է նահանջել ՀՀ-ն իբրեւ անկախ պետականություն գիտակցելու մակարդակը… ի դեպ, այստեղ ավելորդ չէ նշել, թե 2008 թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 17-րդ ամյակի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը ՀՀ զինված ուժերի գեներալներն իրար հետ խոսում էին ՀՀ ռուսերեն’ ուշադրություն էլ չդարձնելով ընդունելությանը ներկա սփյուռքահայ լրագրողների զարմացական հայացքներին:
Իբրեւ “համեմ” ավելացնեմ, որ վերջին տարիներին, Լիբանանում ՀՀ դեսպանը տեղի գաղթօջախի երեւելի մարդկանց նույն տոնի առթիվ ընդունելության հրավիրատոմսեր է հղում … միայն անգլերեն լեզվով, իսկ Լեզվի պետական տեսչությունը անամոթաբար խուսափում է ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ լեզվի օրենքը խախտողին պատասխանատվության ենթարկելուց:
Միթե՞ այս բոլորը անարգանք չեն հենց ՀՀ անկախ պետականության գաղափարին, պր. Օհանյան:
Չեմ ուզում տպավորություն թողնել, թե ընդհանրապես ճիշտ չէր ՀՀ ՊՆ գեղարվեստական խմբերի կամ ներկայացուցիչների մասնակցությունը ՌԴ «Հայրենիքի պաշտպանի» օրվա միջոցառումներին: Հասկանում եմ, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է եւ մենք որոշակի պարտավորություններ ունենք նրա նկատմամբ: Սակայն, ամեն ինչ պետք է լինի չափ ու սահմանի մեջ, եւ ոչ մի դեպքում հայոց ազգային ու ՀՀ պետական արժանապատվության հաշվին:
Ես կարծում եմ, թե ՀՀ ոչ միայն պաշտպանության նախարարությունը, այլեւ ՀՀ պետական բոլոր կառույցներն ու նրանց ստորաբաժանումները ծառայում են, կամ, առնվազն, պետք է ծառայեն ՄԻԱՅՆ եւ ՄԻԱՅՆ Հայաստանի Հանրապետություն կոչվող պետության: Իսկ Դուք, պարոն նախարար, ի՞նչ եք կարծում: Արդյո՞ք սխալ եմ մտածում:
Հարգարժան պր. Օհանյան,
Ակնկալում եմ Ձեր անկեղծ ու հրապարակային պատասխանը:
Հետգրություն. Ձեր՝ իբրեւ համեմատաբար անբասիր մարդու վարկը որոշակի հարված է ստացել՝ կապված մեդալներ ու շքանշաններ աջ ու ձախ բաժանելու ՀՀ մի շարք ղեկավարների վարքագծին Ձեր ալ ընդգրկման հետ:
Հարգանքներով՝ Գեւորգ Յազըճյան
հայրենաբնակ սփյուռքահայ ազատ լրագրող, ՀՀ ակադեմական հայագիտական միջավայրում հայոց լեզվի գազանային հոշոտման իբրեւ բողոք պատմ. գիտ. թեկնածուի աստիճանից կամովին եւ հրապարակայնորեն հրաժարած պատմաբան