Այս ընտրություններից հետո նոր ընդդիմություն է ծնվել. Գալուստ Սահակյան
ՀՀԿ-ն կողմ է քննարկել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Քիչ առաջ դուրս գալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակից, լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ավարտվեց ԱԺ “Ժառանգություն”, ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների հետ նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու ձեւաչափի փնտրտուքի նպատակով հրավիրված հանդիպումը: Ընդդիմության կողմից առաջարկ եղավ արտահերթ նիստ հրավիրել եւ խնդիրը քննարկել այդ ձեւաչափով:
Գալուստ Սահակայնն ասաց, որ ձեւաչափի հարցը ՀՀԿ-ն դեռ կքննարկի մեկ-երկու օրվա ընթացքում: Նա կարեւորեց ոչ թե հարցի տեխնիկական կողմը, այլ քաղաքական ենթատեքստը: Հարցին, թե ինչ կարող է փոխել արտահերթ նիստը ՀՀԿ-ի այսօր արտահայտած դիրքորոշման մեջ, Գալուստ Սահակյանն ասաց, որ հարցը չքննարկել չի կարելի եւ խնդրի մասին պետք է խոսել: Միեւնույն ժամանակ նա շեշտեց, որ խոսքը ոչ թե ընտրությունների արդյունքների, այլ հետընտրական իրավիճակի քննարկման մասին է:
Գալուստ Սահակյանն ասաց, որ չի ուզում կրակի վրա բենզին լցնել: Նա նշեց, որ տեղյակ է բոլոր կարծիքներին եւ խնդիրներին: ‘’Մենք քարոզչության ժամանակ էլ ենք ասել, մենք դրանց լուծումները պետք է գտնենք, իսկ լուծումներ գտնելու համար քաղաքական դաշտը պետք է կայունացվի’’, -համոզմունք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին, թե արդյոք այս քննարկումը կարող է ազդել “Ժառանգության” տեսակետի վրա, Գալուստ Սահակյանը նախ նշեց, որ իր կարծիքով` լավ ընտրություններ են կայացել, այնուհետ հավելեց.
’’ Ես հասկանում եմ նաև, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո եղած ընդդիմությունն է ուժեղանում՝ ուժեղացնելով իշխանությանը, կամ նորն է ծնվում, որին պետք է ուժեղացնել’’ :
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե այս ընտրություններիղ հետո նոր ընդդիմության ծնունդ արձանագրվեց և հնարավորինս պետք է այնպիսի դաշտ ստեղծենք, որ այդ ընդդիմությունն իր արժանապատիվ դերակատարումն ունենա: