Մկնդեղը լցվում է Դեբեդ, բայց վտանգավոր չէ. Ալավերդիի քաղաքապետ
“Դեբեդը չի աղտոտվել, եւ վտանգ չկա”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ալավերդիի քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը` անդրադառնալով այն լուրերին, թե մկնդեղի պահեստից արտահոսք է տեղի ունեցել: Քաղաքապետն ինքն էլ երեկ զարմացել է Ինտերնետում կարդալով այդ մասին: “Առավոտյան էլի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խմբի հետ զննեցինք տարածքը, արտահոսք չկա, գետը ոչինչ չի լցվել, չափազանցված է տեղեկությունը “,-ասաց նա: Քաղաքապետի խոսքով` կառույցը շատ հին է, իհարկե, մաշվածություն կա, ճաքեր ունի, սակայն շինությունը բարձր ամբարտակի վրա է կառուցված` բոլոր տեխնոլոգիաներով: Այդտեղ լցվում են լեռնամետալուրգիական գործարանների թափոնները:
ԵԱՀԿ-ի կողմից էլ անցած տարի ուսումնասիրություն է կատարվել, եւ թափուկները ջրի հետ խառնվելու փաստ չի արձանագրվել: “Եվ հետո, մկնդեղն այդտեղ լցվում է մշակելուց հետո, այսիքն նա վտանգ չի ներկայացնում, չի լուծվում ջրի մեջ “,-ասաց քաղաքապետը: Վարոսյանի խոսքով, 3 օր առաջ երկրաշարժ է եղել քաղաքում, մի քիչ ճաքը մեծացել է; “Բայց մեկ անգամ եւս ասեմ, արտահոսք չկա”,-ասաց նա` ավելացնելով, որ նորոգման համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Նախագիծը կա, մնում է դոնորներ գտնել: