2034 վարկ է տրամադրվել բնակարանների համար.փոխնախարար
«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովվելու» ծրագրում փոփոխություններ են կատարվել: Բարձրացվել է տարիքային շեմը՝ 60-ից դառնալով 65:
Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ Կառավարության նախկին որոշմամբ սահմանված գույքի առավելագույն 16 մլն դրամ արժեքի փոխարեն, նոր փոփոխությամբ սահմանվում է 25 մլն դրամ:
«Նախկինում, եթե 16 մլն դրամի գույքի դեպքում կառավարությունը պատրաստակամ էր 11, 2 մլն դրամի չափով վարկավորել, այսինքն` ձեզ մնում էր վճարել 30 տոկոս, ապա այս դեպքում կատարված փոփոխությամբ ստացվում է, որ կառավարությունը իր վրա է վերցնում 17,5 մլն դրամի չափով վարկային ռեսուրսի տրամադրում»,- նշեց Քարամկայնը:
Փոխնախարարի խոսքով՝ այս դեպքում աշխուժություն կնկատվի, որովհետև այն մարդիկ, ովքեր դիմել էին եւ տարիքային սահմանափակման պատճառով և նաեւ անշարժ գույքի շուկայում հնարավորություն չի եղել ձեռք բերել համապատասխան գույք, այդ մարդիկ կրկին հնարավորություն կստանան դիմել եւ դրական վարկունակություն ունեցող մարդիկ կկարողանան օգտվել այդ ծրագրից:
«Բնակարանների ձեռքբերման տոկոսադրույքը Երևանում կկազմի 8-9, մարզերում՝ 6-7%՝ կախված այդ պահին Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշներից»,- պարզաբանեց փոխնախարարը;
25 միլիոն դրամանոց բնակարան ձեռք բերելու դեպքում եկամուտների շեմը պետք է լինի 350-370 հազար դրամի սահմաններին, իսկ նվազագույն արժեքով բնակարաններ ձեռք բերելու համար՝ 200-220 հազար դրամի:
Ամփոփելով արդյունքները՝ Արսեն Քարամյանը նշեց, որ ծրագրի մեկնարկից մինչեւ հիմա տրամադրվել է 2034 վարկ՝ Երեւանում 966, իսկ մարզերում՝ 1068: