«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրում փոփոխություններ են իրականացվել

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը Կառավարության այսօրվ նիստում տեղեկացրեց, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում իրականացվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ:
«Փոփոխություններով ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն, և ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ ավելացվել է ծրագրի ներքո ձեռք բերվող բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, սահմանելով այն 25 միլիոն դրամ՝ ներկայիս 16 միլիոնի փոխարեն:
Հարությունյանը տեղեկացրեց, որ ավելացվել է նաև ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, սահմանելով այն 17,5 միլիոն դրամ՝ ներկայիս 11,2 միլիոնի փոխարեն: «Երևանում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 %-ը՝ նախկին 20–30 %-ի դիմաց:
Ծրագրի շրջանակում պետությունը սուբսիդավորում է երիտասարդ ընտանիքի բնակարանի ձեռքբերման վարկի տոկոսադրույքը, ինչի արդյունքում Երևանում բնակարանների համար վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8-9 %, իսկ մարզերում՝ 6-7%»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Արձագանքելով Դավիթ Հարությունյանին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Իրոք, լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջանում պետության վրա, բայց մենք պատրաստ ենք այս լավ ծրագրի համար այդ ֆինանսական բեռը վերցնել մեզ վրա»: