Երեւանի պատմական շերտը պետք է պահպանել. Նարեկ Սարգսյան

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Երեւանում անցկացվող «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով համաժողովի ժամանակ այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ խորհրդային դարաշրջանում Հայաստանում կառուցված շենք- շինությունները մաշվել են, իրենց դարն ապրել են:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ արտաքին գործերի և Քաղաքաշինության նախարարությունների կողմից անցկացվող համաժողովում քաղաքաշինության նախարարը նշեց, որ այդ շենքերն անգամ իրենցից սեյսմիկ վտանգ են ներկայացնում. «Մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ժամանակի ընթացքում ամրացենք այդ շենքերը: Վերջին տարիների ընթացքում Երևանում կառուցված շենքերն ավելի սեյսմակայուն են, քան խորհրդային դարաշրջանից մեզ հասածները»:
Նարեկ Սարգսյանը նաև նկատել է, որ այսօր մայրաքաղաքում կան էներգախնայողության, քաղաքային տրանսպորտի կազմակերպման, աղբահանության խնդիրներ: Ըստ նրա՝ Հայաստանում քաղաքաշինական նորմերի մի մասը խորհրդային շրջանից ժառանգություն են մնացել, մի մասն էլ՝ եվրոպական տնտեսական համագործակցության շրջանակներում են կառուցվել:
Նախարար Սարգսյանն անրադրադառնալով Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի (Ամիրյան 2) մասնակի ապամոնտաժմանը, հայտնել է որ նախախորհրդային ժամանակաշրջանի շենքերը հին են, ունեն 100-ից 150 տարվա պատմություն, ուստի առավելապես կարևորվում են արտաքին հատվածի շնորհիվ.
«Բոլոր դեպքերում, չեմ կարծում, որ հնարավոր է դրանք վերականգնել»,- ասաց քաղշին մախարարը` հավելելով, որ պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել՝ նշելով, որ Երևանը չունի նման հին կենտրոն. «Քաղաքի պատմական շերտը պետք է պահպանել»: