27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պահանջում են կաթի գնի բարձրացում

Գյուղացիներն ահազանգում են` կաթի գինը շատ էժան է. չարչարվում են, բայց չի գնահատվում։ Գյուղացին հաճախ անարատ կաթը չի կարողանում իրացնել, մինչդեռ խանութում վաճառվող կաթն ու կաթնամթերը պարունակում է կոկոսի յուղ, կաթի փոշի,  որը երբեմն լինում է Չինաստանից ներկրված և այլ  հավելումներ։ Ինչ խոսք, այս երևույթը պարադոքսալ է, բայց իրականությունից չես փախչի։ Անդրադառնալով այս թեմային՝ «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․

«Գյուղացիների այդ բողոքը լիովին արդարացված է։ Դեռ անցած տարի Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, թե գյուղն ու գյուղացին լինելու են իրենց ուշադրության կենտրոնում, բայց իրականում որոշ բաներ այդպես էլ անկատար մնացին։ Գյուղացին չի կարողանում իրացնել կաթը։ Սա ցավալի երևույթ է։ Գյուղացին աջակցության կարիք ունի», – ընդգծեց Արմեն Պողոսյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ գյուղերում, սովորաբար, ինչ-որ ընկերություն է լինում, որ գնում է ու գյուղացիներին առաջարկում, որ կգնի կաթը, բայց իր առաջարկած պայմաններով։ «Գյուղացին այդ պարագայում ելք չունի։ Այդ ընկերության ներկայացուցիչը գինն ինչքան էլ էժան ասի, գյուղացիները կաթն այդքան էլ պիտի վաճառեն․ ուրիշ ելք կա՞։ Գյուղատնտեսական արտադրանքի իրացման ոլորտն անկազմակերպ է։ Այս հարցը պետք չէ անտեսել»։

Արմեն Պողոսյանը նշեց, որ խնդիրը միայն սա չէ։ Գյուղում գյուղացին անարատ կաթը դժվարությամբ է իրացնում, մինչդեռ քաղաքում մարդը կաթնամթերք գնելիս վստահ չէ․ անարա՞տ կաթից է պատրաստված իր գնած կաթնամթերքը, թե՞ հավելումներ է պարունակում կամ կաթի փոշի։

«Խաբեությամբ զբաղվել չի կարելի։ Այն ընկերությունները, որոնք կաթի փոշի են խառնում կաթնամթերքին, պարտավոր են պիտակի վրա նշել այդ մասին։ Բայց, ինչպես հայտնի է, բազմաթիվ ընկերություններ դա չեն անում։ Դեպքեր եղել են, որ հայտնաբերվել են նմանատիպ խախտումներ։ Սովորաբար դա արվում է ձմռան ամիսներին, երբ կաթը համեմատաբար սակավ է ու թանկ։ Մեր կազմակերպությունն էլ է որոշակի ուսումնասիրություններ արել՝ իրավախախտներին հայտնաբերելու համար, բայց մենք մշտապես այդ ոլորտը հսկել չենք կարող։ Փորձաքննությունների համար ֆինանսներ են անհրաժեշտ, իսկ մենք մեր ուժերի ներածին չափով ենք փորձում օգնել ու աջակցել սպառողին», – ընդգծեց «Սպառողների միություն» ՀԿ նախագահը։

Արմեն Պողոսյանը սպառողներին հորդորեց պաշտպանել իրենց իրավունքները․ «Եթե հանկարծ քաղաքացին կասկածում է, որ իր գնած կաթնամթերքը պարունակում է հավելումներ ու կաթի փոշի, ու դրա վրա նշումներ չկան այդ մասին, նա պետք է դիմի սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կամ Սննդի անվտանգության պետական տեսչություն։ Ամաչել պետք չէ։ Պաշտպանե՛ք ձեր իրավունքները»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ