16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Գլխից և Մեծերին Բռնելու հնարավորությունը” . սփյուռքահայ գործարարը ևս մեկ նամակ է ուղարկել Ազգային ժողով

Հայաստանում շինարարության ոլորտում բիզնես սկսելով խաբված և շուրջ 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործով դեռևս տուժած չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը շարունակում է պայքարել՝ ոտնահարված իրավունքները վերականգնելու համար:

Այս մասին Henaran.am-ին հայտնում են Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբից:

“Սփյուռքահայ գործարարը այսօր ևս մեկ նամակ է ուղարկել ՀՀ Ազգային ժողով, քանի որ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձենող խմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի և ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորների միջև տեղի ունեցած զրույցներից պարզ դարձավ, որ պատգամավորները գործարարի կողմից դեռ այս տարվա սեպտեմբերի 28-ին ուղարկված նամակից տեղյակ չեն:

Մեզ հետ զրուցած մի շարք պատգամավորներ նշեցին, որ իրենցից յուրաքանչյուրը իրենց հասցեագրված նամակներին ընթացք են տալիս անմիջապես և եթե դրանք առնչվում են պետական կառույցների գործունեությանը, իրենք անմիջապես հասցեագրում են դրանք համապատասխան կառույցներ և խնդիրը վերցնում հսկողության տակ: Իսկ կախված խնդրի լրջության աստիճանից, բարձրացնում են այն համապատասխան ամբիոններում: Սփյուռքահայ ներդրողը առայժմ չի հասկանում, թե ինչպես կարող էր ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին առանձին-առանձին հասցեագրված նամակը տեղ չհասնել, բայց այսօր ևս մեկ անգամ նա հասցեագրել է նույն նամակը ՀՀ ԱԺ, ՀՀ Ազգային Ժողովի Նախագահ Պր. Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին:

Ի դեպ գործարարի կողմից ուղարկված նախորդ նամակից նաև ԱԺ նամակների բաժնում տեղեկություն չունեին, որպեսզի համապատասխան ընթացքի վերաբերյալ տեղակացնեին:

Ստորև ներկայացնում ենք ամերիկահայ գործարարի ԱԺ ուղարկված նամակն ամբողջությամբ.

“Հարգարժան Ազգային Ժողովի պատգամավորներ,

Դիմում եմ ձեզ ԱՄՆ-ից: Հայաստանում գործադիր իշխանության և դրան ածանցյալ դատական համակարգում օրենքի կիրառման հարցում իմ բոլոր փորձերը փակուղի են տանում և դիմելով ձեզ, հայցում եմ ձեր աջակցությունը:

Մի խումբ անձինք իմ կողմից հիմնադրված “Արին կապիտալ” ներդրումային ընկերությունից (Մաշտոցի 33) յուրացրել են $8,500,000 ԱՄՆ դոլարի անշարժ գույք և գումար, որից $1,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար նախատեսված էր պետության հարկերը վճարելու համար: Այդ խմբի կողմից հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով և ընկերությանը կանխամտածված սնանկության տանելու վերաբերյալ 2010թ-ի նոյեմբերին դիմել եմ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին` հույս ունենալով, որ գոնե չվճարված հարկերը գանձելու նպատակով պետական կառույցը միջոցներ կձեռնարկի քրեական գործ հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Շուրջ 5 ամիս ոչինչ չէր արվում, սակայն իմ հետևողական աշխատանքի շնորհիվ հարցը հանրային հնչեղություն ստացավ և 2011թ. մայիսի 03-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվեց թիվ 83159711 քրեական գործը:

Նախ ասեմ, որ գործ ունենք` սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության “բարենպաստ” պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ:

ՊԵԿ-ին և դատախազությանը արդեն քաջ հայտնի են և’ գործող անձանց շրջանակը, և’ չվճարված հարկերը, և’ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ 1.5 տարի շարունակ այս գործը ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները:

Հարգելի պատգամավորներ, հայցում եմ ձեր օգնությունը այս գործին ուշադրություն դարձնելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Ինչպես հանրապետության Նախագահը նշեց Սեպտեմբերի 15ին, “Գլխից և Մեծերին Բռնելու հնարավորությունը” այս գործում առկա է, եթե իհարկե նրանցից որևէ մեկին բռնելու ցանկությունը իրոք կա: Եկել է հանցագործներին մեղադրանք առաջադրելու ժամանակը, սակայն վերևներում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները թույլ չեն տալիս հանցագործներին պատասխանատվության ենթարկեն, հասկանալի պատճառներով:

Ես և իմ փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստ ենք փաստերը ձեզ ներկայացնելու համար: Սա իմ պաշտոնական բողոքն է Հայաստանի Հանրապետությանը: Գործի մանրամասնությանը և մամուլի հրապարակումներին ծանոթանալու համար խնդրում եմ այցելել arincapital.com կայքը:

Շնորհակալ եմ, հարգանքներով

Էդմոնդ Խուդյան

Հոկտեմբեր 17, 2012”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ