Ինչո՞ւ են պարտվում սպառողները
Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության օրն է:
Թեմայի առնչությամբ հրավիրված ասուլիսին «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ, ըստ նրա, կրթական համակարգում պետք է ներդրվի սպառողական կրթություն, ինչը մեր հասարակությանը ավելի քաղաքակիրթ կդարձնի:
«Ես հույսեր եմ կապում կրթության և գիտության նոր նախարար Լևոն Մկրտչյանի հետ և հույս ունեմ, որ նման առարկա իսկապես կներդրվի կրթական ծրագրերում և մարդիկ կսովորեն պայքարել իրենց իրավունքների համար, կիմանան, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեն որպես սպառող և այլն: Մենք չենք կարողանում պաշտպանել մեր սպառողին, թույլ տանք՝ ինքն իրեն պաշտպանի, իսկ դրա համար պետք է կրթել ու զինել գիտելիքով: Ճապոնիայում անում են դա ու երեխաները փոքրուց գիտեն՝ ինչ է պետք անել կամ ուտել»,- նշեց Մելիտա Հակոբյանը:
Մելիտա Հակոբյանը շեշտեց, որ իրենց դիմում են հասարակության տարբեր շերտերից և հիմնականում այն պատճառով, որ չեն տիրապետում օրենքին:
«Օրինակ, հաճախ զանգում են ասում են՝ էս ինչ խանութից ապրանք ենք վերցրել, հետ չեն վերցնում, այնինչ սպառողների մասին օրենքը հստակ ասում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում վերադարձնել ապրանքը: Մենք այստեղ միջամտում ենք, բացատրում ենք խանութին, որ գոյություն ունի հստակ օրենք: Պետք է նշեմ, որ հիմնականում հաջողության ենք հասնում: Բայց մեր սպառողները հիմնականում պարտվում են դատարաններում՝ չկարողանալով պաշտպանել իրենց»,- տեղեկացրեց Հակոբյանը:
Նույն ասոցիացիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ նշեց, որ իրենք օրական մինչև 10 զանգ են ստանում սպառողների կողմից, մի քանի հատ էլ գրավոր բողոք: Դրանք հիմնականում վերաբերում են տարբեր խանութների անորակ կամ ժամկետանց ապրանքներին: