15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խոզի գրիպից մահացած հղիի դիակը պահել են փակ դագաղում. ԱՆ պատասխանը

   Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են

 

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն։ Չափազանցված և չստուգված լուրերը բնակչության շրջանում կարող են առաջացնել լուրջ անհանգստություն` հիշեցնելով 2009 թվականի պանդեմիկ իրավիճակը, երբ նշված  գրիպը նոր էր մարդկային օրգանիզմի համար և առաջացնում էր հիվանդության զանգվածային և մահվան դեպքեր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ),  ելնելով մի շարք հետազոտությունների արդյունքներից, դեռևս 2010 թվականից այսպես կոչված խոզի գրիպը` գրիպի Ա տեսակի H1N1պնդ ենթատեսակը, դասում է մարդկային սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ ԱՀԿ-ի  տվյալներով յուրաքանչյուր տարի սեզոնային գրիպի տարբեր տեսակներից (այդ թվում` Ա H1N1պնդ ենթատեսակից) աշխարհում մահանում է 3-5 մլն մարդ, որը կազմում է մահվան ընդհանուր դեպքերի գրեթե 1-2 տոկոսը։

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս շրջանառվում են գրիպի Ա (H1N1պնդ, H2N3) և Բ տեսակները։ Գրիպի յուրաքանչյուր տեսակի կամ ենթատեսակի դեպքում հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացք, ինչին կարող են նպաստել բժշկական օգնության ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը, հիմնական (քրոնիկ) հիվանդությունների կլինիկական առանձնահատկությունները և այլն: Առավել խոցելի են քրոնիկ հիվանդություն ունեցողները, հղիները, երեխաները և տարեցները։ Եվ  հատկապես նրանք գրիպանման երևույթների առաջին իսկ նշանների դեպքում անհապաղ պետք է դիմեն բժշկական օգնության։

Տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, որոնք բուժող բժշկի նշանակումով բոլորին հատկացվում են անվճար։

Հիմք ընդունելով գրիպի սեզոնայնությունը` ամեն տարի, աշնան- գարնան ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուժեղացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները։

Հանրապետությունում իրականացվող ամենօրյա մշտադիտարկման արդյունքում վերջին շաբաթներին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ չի գրանցվել։  

Ներկայումս լաբորատոր հետազոտությունների արդյունքում հանրապետությունում 30 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպի վիրուս` որից 7-ը`  Բ, 21-ը`  Ա տեսակի։ Իսկ Ա տեսակի դեպքերից 18-ի մոտ արձանագրվել է H1N1պնդ ենթատեսակը։

Հիվանդների հիմնական մասը բուժվել և առողջացումով դուրս է գրվել։ Մի շարք դեպքերում հիվանդների բուժումը կազմակերպվել է տնային պայմաններում։  

Ինչ վերաբերում է հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող  կազմակերպություններում թոքաբորբով բուժվող հիվանդներին, ապա պետք է նշել, որ գրիպի յուրաքանչյուր սեզոնի համար դրանց արձանագրումն օրինաչափ է և դրանք ոչ միայն շնչառական վարակների բարդություններ  են, այլև ունեն այլ ծագումնաբանություն։

Ներկայումս հանրապետության, հիմնականում Երևանի հիվանդանոցներում, բուժվում է թոքաբորբով  12 հիվանդ, որից 3-ի վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության, մյուսների մոտ հիվանդությունն ունի թեթև ընթացք։

Այսօրվա տվյալներով հանրապետությունում արձանագրվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից մահվան 2 դեպք, որոնք պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով։ Նրանցից մեկը` 42-ամյա տղամարդը գրիպանման երևույթներ` հազ, կոկորդի ցավ, բարձր ջերմություն, ունեցել է դեռևս հունվարից, այդ վիճակով շարունակել է աշխատել հերթափոխային ռեժիմով  և չի դիմել բժշկական որևէ օգնության։ Ավելին` մի քանի անգամ դիմել է շտապօգնության ծառայությանը և  հրաժարվել  մասնագետների` հոսպիտալացվելու հորդորներից։ Բժշկին դիմել է միայն այն ժամանակ, երբ ունեցել է շնչառական խիստ անբավարարություն։

Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա  24-ամյա հղին մինչ գրիպանման երևույթների արձանագրումն ունեցել է երիկամային ախտաբանություն,  որի դեմ ստացել է հիվանդանոցային բուժում։ Դուրս գրվելուց հետո տանն ի հայտ է եկել առատ քրտնարտադրություն` զուգորդված ջերմությամբ, թուլությամբ և այլ ախտանշաններով։ Թոքաբորբի զարգացումը և հետագա բարդացումը պայմանավորված է եղել կնոջ վիճակով և ուղեկցվող հիվանդությամբ։

Մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դիահերձարանից արգելել են հղիի հուղարկավորությունը կազմակերպել մեկ օր ուշ, դիակը պահել փակ դագաղում և թույլ չտալ մոտենալ, ապա դա ծայրահեղ անհեթեթություն է այն պարզ պատճառով, որ գրիպի հարուցիչներն այնքան անկայուն են շրջակա միջավայրում, որ րոպեների ընթացքում ոչնչանում են` կորցնելով իրենց ակտիվությունը։

Իրավիճակի փոփոխության և նոր տվյալների առկայության դեպքում նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է`

Գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, կազմակերպե՛ք բժշկի այցը տուն

Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը

Անհարկի, առանց բժշկի ցուցման մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք չեն օգնում վիրուսային ծագումնաբանությամբ հիվանդությունների ժամանակ

Մի՛ շփվեք գրիպանման երևույթներով հիվանդների հետ

Խստորեն հետևե՛ք անձնական հիգիենայի պահպանման կանոններին

Հագնվե՛ք եղանակին համահունչ

Պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը

Հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ