26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ժառանգության” անդամը բաց նամակով դիմել է երկրի նախագահին

“Ժառանգություն” կուսակցության անդամ Գառնիկ Սահակյանը  բաց նամակով  դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին`անդրադառնալով դեղերի շուկայում ստեղծված իրավիճակին:

Հարգելի պրն. Նախագահ

Ես` Գառնիկ Սահակյանս, 1993թ.-ից ՀՀ դեղերի շուկայում գործող մի ընկերության` “Սզնի” ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն եմ: 2009-10թթ. ընթացքում տարբեր ատյաններին ուղղված դիմումներով, բողոքներով (նաեւ ”Ժառանգություն” կուսակցության պատգամավորների աջակցությամբ) մեզ հաջողվեց հասնել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից առողջապահության ոլորտում պետական գնումների լայնամասշտաբ ուսումնասիրության, ինչի արդյունքում բացահայտվեցին պետբյուջեից ապշեցուցիչ ֆինանսական յուրացումներ:

Մասնավորապես պարզվեց. 2009-11թթ. ընթացքում ՀՀ-ում գործող 134 բուժհաստատություններից 109-ը դեղերի գնման մրցույթներ չեն հայտարարել: Մրցութային գործընթացների խափանումը դրսևորվել է երեք ուղղություններով` դեղի ինքնարժեքից ցածր գնային առաջարկի ներկայացում, դեղի նվիրատվության կարգով տրամադրում բուժհաստատությանը, մրցույթ հայտարարած բուժհաստատության կողմից օրինական պարտավորությունների չկատարում: Արդյունքում 109 բուժհաստատությունների կողմից արտամրցութային կարգով  դեղերի ձեռքբերման վրա ծախսվել է շուրջ 9,4 մլրդ ՀՀ դրամ, որից 3,45 մլրդ-ը ՏՄՊՀՀ-ի կողմից գնահատվեց որպես “պետական բյուջեից ոչ արդյունավետ ծախսված միջոցներ”:

Պետբյուջեի հանցավոր վատնում լինելուց զատ, դեղերի շուկայի նման խեղումը սնանկացման եզրին է հասցրել փոքր ընկերություններին: Մասնավորապես, ՏՄՊՀՀ-ի կողմից արձանագրվեց, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող “Նատալի ֆարմ” ՍՊԸ-ն չհիմնավորված ցածր գին կիրառելու ճանապարհով երկու բուժհիմնարկների հայտարարած դեղի (ցեֆտրիաքսոն) գնման մրցույթներում պարտության է մատնել “Սզնի” ՍՊԸ-ին: Կուտակված ապրանքային պաշարներն իրացնել չկարողանալու արդյունքում “Սզնին” կանգնել է սնանկացման առջեւ: Դա այն դեպքում, երբ “Նատալի ֆարմը” նույն դեղը 2009-11թթ. ողջ ընթացքում իրացրել է 2,5-4 անգամ ավելի բարձր գնով, քան մենք: Երեք այլ մրցույթներում “Նատալի ֆարմը” նվիրատվություն է կատարել բուժհաստատություններին, ինչի արդյունքում մրցույթներում հաղթելուց հետո մեզ հետ պայմանագրեր չեն կնքվել:

Փաստերի ուսումնասիրությունից ՀՀ ՏՄՊՀՀ եզրակացրել է. “Նատալի ֆարմ” ՍՊԸ գործողությունները միտված են չհիմնավորված գներ կիրառելու և մրցակցի վաճառքի հնարավորությունները սահմանափակելու միջոցով “Սզնի” ՍՊԸ-ին շուկայից դուրս մղելուն”: ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ  “Նատալի ֆարմ”  ընկերության կողմից 2009-10 թթ. ընթացքում “Սզնի”  ընկերության դեմ կիրառված գործողությունները որակվել են “գերիշխող դիրքի չարաշահում” եւ նշանակվել է տուգանք քսան միլիոն դրամի չափով:

Փաստացի, չնչին մի գումար գանձելուց բացի “Նատալի ֆարմ” ՍՊԸ-ն այլ պատժի չենթարկվեց միտումնավոր եւ հետեւողական կերպով ՀՀ դեղերի շուկան խեղելու, մենաշնորհելու եւ ՀՀ պետբյուջեին միլիարդավոր դրամների վնաս հասցնելու համար: Նման մեղմությունը չունի արդարացում, եւ այժմ, երբ ինչ-ինչ նկատառումներով դեղերի շուկայում տիրող բացարձակ օրինազանցության վիճակը հայտնվել է Ձեր, դրա արդյունքում նաեւ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում, ճիշտ ժամանակն է խոսքերից անցնելու քայլերի:

Իբրեւ “Նատալի ֆարմ” ՍՊԸ-ի հակաօրինական գործությունների արդյունքում  սնանկացման հասցված եւ շուկայից դուրս մղվող կողմ, ես` “Սզնի” ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Գառնիկ Սահակյանս պահանջում եմ, որ “Նատալի ֆարմը” փոխհատուցի ՀՀ պետբյուջեին եւ ինձ հասցված վնասները ողջ ծավալով եւ “Գնումների մասին” ՀՀ օրենքի սահմանած կարգով, առավելագույն` երեք տարի  ժամանակով զրկվի դեղերի շուկայում պետգնումների մասնակցելու իրավունքից: Նման հակազդեցությունը թույլ կտա մտածել, որ  դեղերի շուկայով Ձեր մտահոգությունը նախընտրական ակցիա չէ, այլ ոլորտը կարգավորելու եւ հետագա ապօրինությունները կանխելու հանձնառություն:

 

Գառնիկ Սահակյան

“Սզնի” ՍՊԸ տնօրեն, Վանաձոր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ