Նախկին ամուսինը սպանել է կնոջը, հետո էլ իր «վեննեքն է փրթել». Ժամանակ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ընթանում է Արտակ Առաքելյանի գործի դատական քննությունը:
Անցած տարվա սեպտեմբերի 27-ին Մալաթիայի տոնավաճառի տաղավարներից մեկում օրը ցերեկով նախկին ամուսինը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել ու սպանել կնոջը:
39-ամյա Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության ու ապօրինի կերպով սառը զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 4-րդ մասերով:
Մեղադրանքի ձևակերպման մեջ արձանագրված է, որ «2015 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 14-ի սահմաններում խանդի շարժառիթով և ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ Արտակ Առաքելյանը իր մոտ եղած որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ՝ Հեղինե Դ.-ի մարմնի տարբեր մասերին ու ապօրինաբար զրկել է կյանքից»:
Դատարանում հրապարկվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ամբաստանյալ Արտակ Առաքելյանն իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված երկու մեղադրանքներով էլ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը մեղադրանքի հետ կապված՝ հարց տվեց ամբաստանյալին. «Ի՞նչ եք հասկանում «ամուսնական անհավատարմություն» ասելով: Այս հարցը, որպես ընդհանրական հարց, նախագահողի կողմից հանվեց:
Սեդա Սաֆարյանը հարցրեց նաև՝ ամբաստանյալը ճանաչո՞ւմ է Թուրքիայի այն քաղաքացուն, ում հետ կապի համար, իբր թե, կասկածել է կնոջը:
Ամբաստանյալը պատասխանեց, թե իրենք ամուսիններով Թուրքիա էին գնում և ապրանքներ էին գնում տվյալ անձից: Ս. Սաֆարյանի հարցին՝ ամբաստանյալը պա՞րտք է տվյալ քաղաքացուն, ամբաստանյալը պատասխանեց, թե պարտք չէ, ինչով հարուցեց տուժող կողմի դժգոհությունը: Տուժողի իրավահաջորդը միջամտեց, թե նա պարտք, իրականում, ունեցել է:
Տուժող կողմը համաձայն չէ մեղադրական եզրակացության մեջ արձանագրվածին, թե սպանությունը կատարվել է «ամուսնական անհավատարմության պատճառով»:
Նման հանգամանք գործի քննությամբ հիմնավորված չէ: Ս. Սաֆարյանն ասել է, թե միայն թերի քննության արդյունքում էր հնարավոր նման պատճառաբանություն նշել մեղադրանքի ձևակերպման մեջ:
Ամբաստանյալն իր պաշտպանական տակտիկան կառուցել է նախկին կնոջը խանդելու, ամուսնական անհավատարմության վարկածի վրա, սակայն միայն ամբաստանյալի ասելով նման հանգամանքը հաստատված համարվել չի կարող:
Ըստ տուժող կողմի՝ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում Արտակ Առաքելյանն ու Հեղինեն միասին Թուրքիա են մեկնել՝ առևտուր անելու համար: Հեղինեն մենակ Թուրքիայում չի եղել, որ ինչ-որ թուրքի հետ կապ հաստատեր, ինչի համար կնոջը սպանությունից հետո բարձրաձայն ու մերկապարանոց մեղադրել է Արտակ Առաքելյանը…
Արտակի ու Հեղինեի համատեղ կյանքը հարուստ է եղել կոնֆլիկտներով:
Հեղինեն մի քանի անգամ հեռացել է Արտակից, բայց վերջինս մշտապես նրան սպառնալիքներ տալով վերադարձրել է՝ այդպես են ասում Հեղինեի հարազատները: Հեղինեն իրական վախ է զգացել ամուսնու սպառնալիքներից:
Տուժող կողմի ձևակերպմամբ՝ Արտակի վերաբերմունքը կնոջ նկատմամբ հետևյալն է եղել. «Կամ ինձ հետ պիտի ապրի, կամ չպետք է ապրի»:
Դեպքից ամիսներ առաջ, վերջնականապես հեռացած լինելով Արտակից, Հեղինեն դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե նախկին ամուսինն անհանգստացնում է իրեն, սպառնում է:
Արտակին ոստիկանները պարտավորեցրել էին որոշ տարածությունից ավելի Հեղինեին չմոտենալ, այլևս չանհանգստացնել:
Արտակն ու Հեղինեն երկու դեռահաս երեխաներ ունեն՝ 15 տարեկան որդի և 11 տարեկան դուստր:
Հեղինեին ճանաչող վկաները փաստում են, որ Հեղինեն լավ վարքի տեր, համեստ կին էր:
Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգ՝ կհարցաքննվեն վկաները, նաև՝ տուժողի իրավահաջորդը, կհետազոտվեն գործում առկա ապացույցները, ապա կհարցաքննվի ամբաստանյալը:
Վկաների հարցաքննությանը բանը չհասավ, որովհետև դատախազը միջնորդեց նիստը հետաձգել ու իրեն տրամադրել քրեական գործի նյութերը՝ ծանոթանալու համար, քանի որ նոր է նշանակվել որպես այս գործով մեղադրանքը պաշտպանող:
Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 12-ին: