Ինչ գիտեք կարկադեի մասին
Կարկադեն հարուստ կարմիր գույնի հիանալի թարմեցնող ըմպելիք է: Եգիպտոսում և այլ տաք երկրներում այն համարում են բոլոր հիվանդություններից փրկող համադարման։
Կարկադեն պարունակում է օրգանիզմի համար բազմաթիվ օգտակար միկրոտարրեր: Մագնեզիումի շնորհիվ այն թեթև հանգստացնող, քնաբեր և սպազմոլիտիկ ազդեցություն ունի, կարգավորում է նյութափոխանակությունը: Կալցիումը և ֆոսֆորը, որոնք նույնպես մտնում են նրա կազմի մեջ, նպաստում են ոսկրերի, ատամների և մազերի ամրացմանը, իսկ երկաթն օգնում է կանխել անեմիան:
Կարկադեում կան A, C, PP, և B խմբի շատ վիտամիններ, ինչն, իր հերթին, նպաստում է անոթների պատերի ամրացմանը, օգնում է խուսափել ավիտամինոզից, կարգավորում է նյարդային համակարգը, պաշտպանում է սթրեսներից և բարձրացնում տրամադրությունը:
Համարվում է, որ կարկադեն նպաստում է քաշի նվազեցմանը` իր բնական թթվի և օրգանիզմին ոչ պետքական ճարպերը լուծելու շնորհիվ: