15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումները չեն կարող ազդել արդյունքների վրա. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Հայաստանում կայացած նախորդ նախագահական ընտրությունների համեմատ այս ընտրություններում մենք առաջընթաց ենք նկատել: Այսօր ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ եւ ԵԽ համատեղ դիտորդական ասուլիսին ներկայացնելով իրենց դիտորդական առաքելության նախանական արդյունքները` ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամ Քերին Ուոլդսեթը

Նրա խոսքով, դրական առաջընթաց է արձանագրվել ԶԼՄ-ների աշխատանքում, թեկնածուները հավասարակշռված են լուսաբանվել, իսկ ընտրություններին քաղաքացիների 60 տոկոս մասնակցությունը խոսում է այն մասին, որ մարդիկ օգտվել են  իրենց ազատ կամարտահայտության իրավունքից:

Քերին Ուոլդսեթի խոսքով, թեեւ քվեարկության նախորդ օրը որոշ տեղերում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են արձանագրվել, քվեարկությունն անցել է սահուն: Քերին Ուոլդսեթը որպես բացթողում նշեց թանաքի անհետացման հետ կապված խնդիրը, որոշ ընտրատեղամասերում գործող նախագահի վստահված անձանց միջամտությունը հանձնաժողովի աշխատանքներին: Նա նշեց, որ ընտրացուցակներում անճշտությունների վերաբերյալ իրենց ասելիքը շատ չէ:

‘’Մրցակցություն կար, կային 7 թեկնածուներ, նրանցից մեկն ստացավ 50 տոկոսից ավելի ձայներ, իսկ երկրորդ տեղն զբաղեցրած թեկնածուն` 36 տոկոս: Սա մրցակցություն է: Հայաստանը ճիշտ ուղու վրա է`ապահովելու իր պարտավորությունները, որպես նոր ժողովրդավարական երկիր Եվրոպայում’’,-շեշտեց Քերին Ուոլդսեթը:  Նա նշեց, որ ընտրություններում իրենց թեկնածուն չառաջադրելու որոշումը այդ կուսակցությունների խնդիրն է:

ԵԽ  պատվիրակության նախագահ Միլան Քաբրնոչն էլ ասել է, որ ընտրությունները խաղաղ ընթացք ունեին: Նա եւս գնահատել է ԶԼՄ-ների ազատությունը, միեւնույն ժամանակ նկատելով, որ քարոզարշավի ընթացքում չկար նշանակալի քաղաքական բանավեճ եւ իրական մրցակցություն այն պատճառով, որ խորհրդարանական երեք կուսակցությունները չմասնակցեցին ընտրություններին:

‘’Մենք ողջունում ենք այն բարի կամքը, որ ցուցաբերեց ՀՀ իշխանությունը: Մենք ականատես եղանք գործընթացի բարելավման եւ շատ կարեւոր է, որ ՀՀ իշխանությունները առաջընթաց գրանցեն նաեւ սոցիալ-տնտեսական եւ ժողովրդավարության առումով: Եվրոպական խորհրդարանն այս նախաձեռնությանը իր շարունակական աջակցությունը կցուցաբերի’’,-շեշտեց Միլան Քաբրնոչը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության ղեկավար Հայդի Տալյավինին էլ նշեց, որ դիտորդական առաքելության ժամանակ նկատել են խմբակային քվեարկության, կրկնակի քվեարկության դեպքեր: Նա նկատեց, որ թեեւ իշխանությունները քայլեր ձեռնարկեցին ցուցակների բարելավման եւ ԶԼՄ-ների ազատությունն ապահովելու ուղղությամբ, բայց պետության եւ իշխող կուսակցության տարբերակումը շատ ժամանակ աղոտ էր:

Քվեարկությունը նա կանոնավոր բնութագրեց, բայց եւ նշեց, որ միջամտություն է նկատվել գործող նախագահի վստահված անձանց կողմից, իսկ ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացը գոհացրել է դիտորդներին:

Հայդի Տալյավինին տեղեկացրեց, որ առաքելությունը դեռ 10 օր Հայաստանում կգտնվի եւ իր վերջնական զեկույցը կներկայացնի երկու ամսից: Նրա խոսքից հետո իրարանցում սկսվեց ասուլիսի սրահում: Արդեն տեղեկացրել ենք, որ մի խումբ ակտիվիստների ակցիայի պատճառով ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսը որոշ ժամանակով ընդհատվեց, այնուհետ վերսկսվեց:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինին ասուլիսի վերսկսումից հետո բոլորին կոչ արեց  հարգել խոսքի ազատությունը, բայց եւ հարգել միմյանց: “Այն, ինչ այստեղ կատարվում էր, լավ կլիներ մենք էլ իմանայինք` մեզ մատչելի լեզվով կամ հայերեն գրավոր տարբերակով, որից հետո մենք կկապվեինք բողոքողների հետ’’,-նշեց նա:

Հայդի Թալիավինին տարակուսանք հայտնեց, թե  որտեղից էին բողոքող քաղաքացիները տեղյակ դիտորդական առաքելության եզրակացության մասին, եթե այն հենց նոր էր հրապարակվում:  Նա եւս մեկ անգամ նշեց, որ ընդհանուր առմամբ ՀՀ նախագահական ընտրությունները ‘’լավ ընթացք ունեցան’’, բայց եւ խոսվեց թերացումների մասին:

Լրագրողների հարցին, արդյոք տեղ գտած խախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա, նա բացասական պատասխան տվեց.’’Ոչ, դրանք այն քանակի չէին, որ ազդեին’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ