28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Բացվեց Էջմիածնի Մատենադարանը

Հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու մատենադարանի բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանների, տեղի ունեցավ «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի բացումը:

Արարողությունը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Մայր Աթոռի նորակառույց մատենադարանի օրհնության կարգը:

Արարողության ավարտին ներկաներին օրհնության իր խոսքը բերեց Վեհափառ Հայրապետը: «…Հիշարժան եւ տոնական է այս օրը Մայր Աթոռի համար: Եկավ բարի պահը, եւ մեր ժողովրդի առջեւ բացում ենք դռները «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի: Նորակառույց մատենադարանը, ինչպես տեսնում եք, գեղեցկակերտ եւ ոգեշեն կառուցված` առանձին շուք է հաղորդում մեր նվիրական հնագույն Մայրավանքին: Հոգու եւ մտքի լուսավորության այս նոր կաճառը, ապահովված է լավագույն պայմաններով ու հնարավորություններով Մայր Աթոռի մեծաթիվ գրականության պահպանման եւ ուսումնասիրման համար եւ համոզված ենք, նոր լիցք պիտի հաղորդի մեր հոգեւոր ու գիտա-մշակութային կյանքին:

       Առաքյալը հորդորում է` «Թող ձեր սերը ավելի եւ ավելի առատանա գիտության եւ ամենայն իմաստության մեջ» (Փիլիպ. 1.9): Դարերի ընթացքում մեր Սուրբ Եկեղեցին օրրան է եղել դպրության ու գիտության եւ Աստծո օրհնությամբ այսօր էլ իր առաքելության ծիրում վառ է պահում իմացության ջահը` աղբյուրը հոգեւոր այն զորության, որը բարեփոխում է մարդկային կյանքը, կերտում նրա առաջընթացն ու բարօրությունը: Այս առաքելությանն է կոչված Մայր Աթոռի նորակառույց Մատենադարանը, որը մեր կյանքում հավելելու է գիտության լույսը եւ հարստացնելու իմացության շտեմարանները, հավատքով ու քրիստոնեական ճանաչողությամբ զորացնելու է Մեր զավակներին, որպեսզի ամուր ու հաստատուն քայլերով ընթանան դեպի Աստված եւ իրենց մտքի ու հոգու արգասիքները ծառայեցնեն հոգեւոր մեր կյանքի եւ մեր Հայրենիքի առաջընթացին: Մատենադարանի գործունեության այս հեռանկարը ուրախացնում եւ քաջալերություն է պարգեւում մեր հոգիներին: Գոհություն Աստուծո, այսօր առավել պայծառ ու զորացած ենք տեսնում Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը, որ հավատքի լուսով եւ հայրենյաց սիրով առավել ամուր պիտի շարունակի շաղկապել ու միավորել ազգս հայոց:

Սիրելիներ, մատենադարանի այս հոյակերտ կառույցով մարմնավորված են եկեղեցասիրությունն ու ազգասիրությունը ազգային բարերարներ` տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյաների: Մատենադարանը համալրում է բարեգործությունների այն շարքը, որ ազնիվ ու նվիրյալ բարերարները տարիներ շարունակ հանձն են առել նախանձախնդիր ու պատրաստակամ ոգով` նշանակալի ավանդ բերելով եկեղեցական եւ ազգային մեր կյանքին: Մեր գահակալության շրջանից մեծազնիվ բարերարները ամեն տարի իշխանավայել նվիրատվություն են կատարում ի նպաստ Մայր Աթոռի ծրագրերի: Նրանց սրտաբուխ ընծայաբերումներով նորոգվել են Մայր Աթոռի «Շողակաթ» հեռուստաընկերության եւ տպարանի շենքերը: Հոգու խնդությամբ ու գնահատանքով ենք անդրադառնում, որ ազգային բարերար տիար Վաչե Մանուկյանը ի հիշատակ իր հանգուցյալ հոր` Սուրբ Եղիշե եկեղեցին է պարգեւել Լոնդոնի հայ համայնքին` ձեռք բերելով եւ նորոգելով անգլիկան եկեղեցու պատմական արժեքավոր շենքը: Ձեր վաստակը մեծ է, սիրելի բարերարներ: Կանգուն են Ձեր բարեպաշտության եւ բարի գործոց վկայությունները: Այսուհետ Մայրավանքում` Արարատի դիմաց, սերունդների համար դարեդար պիտի մնա Մատենադարանը, իսկ առաքյալը ասում է` «Եթե մեկի կառուցած գործը մնա, նա վարձ պիտի ստանա» (Ա Կորնթ. 3. 14):

Սիրելիներ, վերջին տարիներին Մայր Աթոռում իրագործվող այս ամբողջ բարեզարդությունը, մեծածավալ աշխատանքները, որոնք դեռեւս ընթանում են, հնարավոր են դառնում մեր ժողովրդի բարերար զավակների շնորհիվ, նրանց առատաձեռն նվիրատվություններով: Դրանք վկայությունն են նրանց հավատքի, եկեղեցասիրության, Մայր Աթոռի հանդեպ որդիական սիրո եւ նախանձախնդրության, որոնցով բարեզարդվում ու պայծառանում է Մայր Աթոռը:

Երիցս գոհություն եւ փառք ենք բարձրացնում առ Տերը ազգիս պարգեւած բոլոր բարիքների համար, որոնք վկայում են, որ Աստծո շնորհը մեզ հետ է եւ կշարունակի լինել հավատավոր, աստվածահաճո մեր գործերի ու նպատակների հետ` քաղցր պտուղներով ու բարի վաստակով արդյունավորելով մեր կյանքի ճանապարհը: Տիրոջ բարի կամքով ազատ ու անկախ մեր Հայրենիքում մեր Եկեղեցին զորանում է` վայելելով մեր ժողովրդի հավատավոր զավակների սերը եւ հայրենի պետության ուշադիր վերաբերմունքը եւ բարիացակամ զորակցությունը, որի համար Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում հայրենի իշխանություններին` ի գլուխ Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանի, ով այսօր իր ներկայությամբ պատվում է Մայր Աթոռի Մատենադարանի բացման հանդիսությունը եւ մասնակից է այս հիշարժան օրվա խնդությանը:

Գոհունակ սրտով վերստին մեր բարձր գնահատանքն ենք բերում մեծազնիվ տեր եւ տիկին Մանուկյաններին` իրենց նախանձավոր ոգու եւ սրտաբուխ բարերարությունների համար: Հայցում ենք Աստծո յոթնարփնյա շնորհները եւ ամենառատ օրհնությունները Մանուկյան ընտանիքին, մաղթում նոր ձեռքբերումներ, եկեղեցանվեր եւ ազգաշահ գործերին` հաջողություններ: Աստծուց օրհնյալ են ծնողները, որ մեծացրել ու կրթել են բարեպաշտ, ազգասեր եւ հայրենասեր արժանավոր զավակներ:

…Աղոթքով առ Աստված Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում ձեզ բոլորիդ սիրելիներ, եւ համայն մեր ժողովրդին, որ ապրում է հայացքը դեպի Արարատ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Աղոթում ենք, որ Ողորմած Տերը խաղաղ եւ զորացյալ պահպանի մեր Հայրենիքը, օրհնի մեր ջանքերը շենացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, վերականգնելու մեր բոլոր սրբությունները, բարեզարդելու մեր կյանքը եւ այսօր ու միշտ ապրելու Իր պարգեւած փրկության շնորհով», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր գնահատանքը հայտնելով նաեւ մատենադարանի ճարտարապետ Արտակ Ղուլյանին, «Սպիտակ կամար» շինարարական կազմակերպությանը (տնօրեն` Արագած Ախոյան) եւ մատենադարանի տարածքը բարեկարգողներին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնին մատուցած բացառիկ ծառայությունների համար` Նորին Սրբությունը տիար Վաչե Մանուկյանին շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշան:

Վերջում Նորին Սրբությունը, ՀՀ նախագահը, բարերար Մանուկյան ամուսինները եւ հյուրերը շրջայց կատարեցին մատենադարանի շենքում:

Արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Մայր Աթոռի միաբաններն ու պաշտոնեությունը, 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած ՀԲԸՄ անդամներ եւ հյուրեր:

###

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ