Գինին մնացել է գործարաններում
2015 թվականը չարդարացրեց խաղողագործների հույսերը. խաղողը մթերվեց էժան գնով, որոշ դեպքերում նույնիսկ բերքը դաշտում մնաց:
Այդ խնդիրը առկախված է նաև այսօր: Գործարաններում շշալցված կամ տակառներում պահված ոգելից ընպելիքները դեռևս չեն սպառվել ու, բնականաբար, մեծ վտանգ կա, որ 2015-ի սցենարը կկրկնվի նաև այս տարի: Ընդ որում, պետք է նշենք, որ այս խնդրի առաջ կանգնած է ոչ թե մեկ կամ մի քանի գործարան, այլ գործարանների մեծ մասը: Թեմայի շուրջ Henaran.am-ը զրուցել է Արենու գինու գործարանի տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանի հետ:
‹‹Մեր գինիներն, իհարկե, շշալցված չեն, բայց մնացել են գործարանում: Անշուշտ, արտահանման խնդիր կա: Բայց հույս ունենք, որ այս հարցը կլուծվի››:
Արենու գինու գործարանի տնօրենը տեղեկացրեց, որ գործարանը համապատասխան մասնագետների է գործուղելու Ռուսաստան՝ հուսալով, որ արտահանման հետ կապված խնդիրները լուծում կստանան:
‹‹Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր գործարանն այնքան էլ մեծ չէ, պետք է արձանագրենք, որ տակառներում մնացած գինիների ծավալներն իսկապես մեծ են: Տրամաբանական է՝ եթե ապրանքն արտահանել չկարողացանք, մեծ ծավալներով խաղող մթերել չենք կարողանալու››: