Արմեն Աշոտյանը հանդիպել է բլոգերներին եւ սոցցանցերի ակտիվ օգտատերերին
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բլոգերների եւ սոցիալական ցանցերի մի խումբ ակտիվ օգտատերերի հետ: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել բլոգերներին՝ հրավերն ընդունելու համար եւ շեշտել, որ հանրային հատվածի հետ անմիջական համագործակցությունը կարեւոր նպաստ է բերում կրթության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպման մասնակիցները նախարարին ներկայացրել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են ավագ դպրոցների գործունեությանը, բուհական ընդունելության ընթացակարգին եւ շտեմարաններին, դպրոցական դասագրքերին, ասպիրանատական տեղերի հատկացմանը, գիտական կոչումներին եւ աստիճանաշնորհմանը, ինչպես նաեւ միջազգային կրթական ծրագրերին, տարկետման իրավունքին եւ բազմաթիվ այլ խնդիրների: Նախարարը սպառիչ պատասխանել է բոլոր հարցերին, որոնց շուրջ ծավալվել է բուռն ու շահագրգիռ քննարկում: ՀՀ-ում սպասվող առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում անդրադարձ է եղել նաեւ ՀՀ ԿԳ նախարարի կողմից կրթական մի քանի հաստատությունների ղեկավարների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերին, որոնց հետ կապված՝ բլոգերներն ու Ֆեյսբուքի օգտատերերը ներկայացրել են իրենց մոտեցումներն ու կարծիքները: Հանդիպման մասնակիցներն այս համատեքստում դրական են գնահատել նախարար Ա. Աշոտյանի հանրային գործունեությունը եւ քաղաքացիական ակտիվությունը, ինչը, ըստ մասնակիցների, նպաստում է նաեւ կրթական խնդիրների եւ ոլորտում բարձրացված հարցերի օպերատիվ լուծմանը: Հանդիպումն անցել է անկաշկանդ եւ ջերմ մթնոլորտում՝ ոչ պաշտոնական ձեւաչափով: “Ես շատ եմ սիրում քննադատություն. եթե քննադատական խոսքը բովանդակային խնդիր է պարունակում, դա ինձ համար հաճելի է, որն հետո վերեծվում է ինտելեկտուալ պայքարի եւ գործունենության խթանի: Ուզում եմ խնդրել բոլորիդ, որ այսուհետ եւս ակտիվորեն հետեւեք կրթության ոլորտին եւ ներկայացնենք ձեր դիտարկումները: Հավատացնում եմ, որ դրանք անհետեւանք եւ անարձագանք չեն մնա”,- հանդիպման ավարտին դիմելով բլոգերներին՝ նշել է ՀՀ ԿԳ նախարարը: