“Օրինաց երկիրն” իր զգալի ներդրումը կունենա նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վերընտրվելու գործում
Այսօր տեղի ունեցավ “Օրինաց երկիր” կուսակցության ընդլայնված վարչության հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Վարչությունը լսեց ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին եւ ամփոփեց 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին “Օրինաց երկիր” կուսակցության մասնակցության հետ կապված աշխատանքները:
“Օրինաց երկիր” կուսակցության գլխավոր քարտուղար Արթուր Ղուկասյանը ներկայացրեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի շրջանակներում հարյուրից ավելի հանդիպումներ է ունեցել Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ ՀՀ բոլոր մարզերի ՕԵԿ անդամների եւ ընտրողների հետ եւ ներկայացրել կուսակցության դիրքորոշումները:
Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատել հանրապետության ողջ տարածքում ստեղծված ՕԵԿ շտաբների աշխատանքը, եւ նշել, որ կատարված աշխատանքը համոզմունք է տալիս առ այն, որ “Օրինաց երկիր” կուսակցությունն իր զգալի ներդրումը կունենա նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վերընտրվելու գործում:
Արթուր Բաղդասարյանը հորդորել է ներկաներին կուսակցության կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներկայացված ՕԵԿ անդամների միջոցով առաջիկա օրերին եւս ակտիվորեն մասնակցել ՀՀ “Ընտրական օրենսգրքով” սահմանված ընտրական գործընթացներին` նպաստելով փետրվարի 18-ին արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրություններ կազմակերպելուն եւ անցկացնելուն:
Նիստում նաեւ անդրադարձ եղավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հարցերի այլ շրջանակի: