Իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության ընթացքում լինեն լավագույնը. Տ. Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Զրուցակիցները քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։
“Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության ընթացքում լինեն լավագույնը: Թեկնածուների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ իրենց քարոզարշավն արդյունավետ իրականացնելու համար”,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Սերգեյ Լեբեդեւը գոհունակություն է հայտնել նախընտրական շրջանում ՀՀ օրենսդրությանը համապատասխան թեկնածուների գործունեության համար ստեղծված պայմաններից, որի ընթացքում վերջիններս կարողացել են ազատորեն, բաց եւ թափանցիկ կերպով ընտրողներին ներկայացնել իրենց ծրագրերը: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ մինչ այժմ արձանագրված միջադեպերը լուրջ ազդեցություն չեն ունեցել նախընտրական գործընթացների վրա:
ԱՊՀ գործադիր քարտուղարը տեղեկացրել է, որ կազմակերպության հովանու ներքո նախագահական ընտրությունների օրը դիտորդական առաքելություն են իրականացնելու 200-ից ավելի դիտորդներ, որոնք կլինեն հանրապետության բոլոր մարզերի ընտրատեղամասերում:
Տիգրան Սարգսյանը եւ Սերգեյ Լեբեդեւը քննարկել են նաեւ մայիսի 31-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին առնչվող օրակարագային մի խումբ հարցեր, անդրադարձել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական, հումանիտար, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող թեմաներ: