”Ինքը պտի նստի, Ռաֆոն…”. Րաֆֆին բռունցքը խփեց սեղանին /ֆոտո, վիդեո/
“Արմենիա Մարիոթ” հյուրանոցում մեկնարկել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի եզրափակիչ հանդիպումը: “Արմենիա Մարիոթում” անշլագ է: Հյուրանոցի աշխատակիցը Henaran.am-ին ասաց, որ այն դահլիճը, որտեղ տեղի է ունենում հանդիպումը, նախատեսված է 300 հոգու համար, սակայն արդեն մոտ 1500 մարդ հավաքված կլինի:
Հանդիպումը մեկնարկեց ՀՀ օրհներգով, որն անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավաքվածները կատարեցին: Օրհներգից հետո նախագահի թեկնածուն ծնկաչոք համբուրեց եռագույնը: Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ինչպես միշտ, տիկինն է` Արմենուհին` ձեռքին ձնծաղիկների փոքրիկ փունջ եւ որդին` Կարինը: Թեկնածուն հավաքվածներին կոչ արեց. “Թոթափեք ձեր վախը: Իրենք են վախենում մեր անվախությունից”:
Րաֆֆի Հովհաննիսյանը խիստ ոգեւորված է: Նրա լայն ժպիտին փոխարինելու է եկել խրոխտ ձայնն ու երբեմն խիստ հայացքը: Թեկնածուն կատակով նկատեց.”Արմենուհին արդեն ինձ ծուռ է նայում, ուզում է, որ միշտ ժպտամ, բայց սայսօր ժպտալու ժամանակը չէ”:
Նա բոցաշունչ ելույթ է ունենում, որը քաղաքացիների կողմից ջերմ ընդունելության է արժանանում: Քաղաքացիները տեղ-տեղ ընդհատում են ”Ժառանգության” առաջնորդի ելույթը` “Րաֆֆին` նախագահ”, “Մենք մեր 5 ձայնը Ձեզ ենք տալու”, ”Մեռնեմ ջանիդ, Աստված պահապան” եւ նման այլ բացականչություններով, որոնց մեջ հատկապես առանձնացավ մի տատիկի հետեւյալ բացականչությունը.
”Ինքը պտի նստի, Ռաֆոն”: Տատիկին Րաֆֆի Հովհաննիսյանը հանգստության կոչ արեց: ”Հնարավոր է” կատարմամբ ներկաներին ողջունեց երգահան Կարեն Մամիկոնյանը, այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց ապագայի Հայաստանի հեռանկարների իր տեսլականը:
”Փետրվարի18-ին մենք գտնվելու ենք հայկական մեծ հեղափոխության, ոչ թե արյան, այլ ոգու, գիտակցության ընտրության նախաշեմին”,-հայտարարեց նա:
‘’Մեր պայքարի այս 25 օրերը, 25 տարիները, 2500 տարիներ սիրո, ընտանիքի, պետություն ունենալու, դրոշակ բարձրացնելու, հայրենիք նվաճելու պայքար է եւ թող ոչ ոք չնսեմացնի այդ պայքարը’’,-շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը, բռունցքը խփեց ամբիոնին ու շարունակեց.
’’Րաֆֆի է անունը, թե Սերժ, թե Ռոբերտ, թե Լեւոն, ոչ ոք ինձանից սկսած` իրավունք չունի նսեմացնել մեր ազգի արժանապատվությունը’’:
Թեկնածուն հայտարարեց, թե ոչ ոք այլեւս չի կարող խաղալ ժողովրդի հետ, որովհետեւ վերջնախաղը ժողովրդի հետ է: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե մեկ ամիս առաջ հայտարարում էին ընտրությունների կանխորոշվածության մասին.
”Ով կարող է փոխել, ժողովուրդը ինչ ստրուկ է, տանը թող մնա, խավարը անիծի, կենաց խմի, արտագաղթի… Ժողովրդին ինչի տեղ դրեցին, որ չհավատացին, որ ժողովուրդը մի անգամ ասելու է` սա իմ Երեւանն է, իմ Գյումրին, իմ Վանաձորը, իմ Իջեւանը, Իմ Սիսիանը, սահմանից սահման, գյուղից գյուղ սա մեր երկիրն է, եւ փետրվար 19-ին մի փուլով մենք հաղթելու ենք այս ընտրություններում”,-հայտարարեց նա` ակնկալելով 80 տոկոսանոց հաղթանակ:
Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ չի կարծում, թե Սերժ Սարգսյանն ուզում է Հայաստանը հետ տանել եւ դիմելով գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին, նրա շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ ոստիկանապետին ասաց.”Բոլոր նրանք, ովքեր ձեռք բարձրացնեն, փող տան եւ վախեցնեն ՀՀ քաղաքացուն, թող պատրաստվեն` օրենքի առաջ պատասխան են տալու”:
Նա հայտարարեց, որ ոչ ոքի, անգամ Սերժ Սարգսյանին թույլ չի տա իր պապերի, իր երեխաների եւ Հայաստանի պահանջը, իրավունքն ու ազգային շահը արկածախնդրություն անվանել. ”Ընտրեք ձեր բառերը”:
Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրությունների հաջորդ օրը` փետրվարի 19-ին բոլորին հրավիրեց ”Ազատության հրապարակ”, ասաց, որ այնտեղ կընթերցի իր պապի` Գասպարի` իրեն ուղղված պատգամը, որ ստացել է դեռ 10 տարեկան հասակում:
”Առաջինները կդառնան վերջինները, վերջինները` առաջինները”,-Աստվածաշնչից ցիտեց թեկնածուն` շարունակելով. ”Բայց կարեւորը այն է, որ Հայաստանի քաղաքացին ոչ միայն Աստծո կամքով, այլ իր կամքով այս պայքարը տանի դեպի հաղթանակ` մի անգամ 20 տարվա ընթացքում”:
’Խոսքի ժամը անցնում, գործի ժամն է’’,-եզրափակեց նա եւ գնաց ողջունելու իր համակիրներին, որոնք անհամբեր էին եւ սպասում էին, թե երբ բարեւելու եւ գրկախառնվելու իրենց հերթը կհասնի: Իսկ տոնական տրամադրությունը շարունակեց ”Ռեինկարնացիան” :