Փետրվարի 18-ի ընտրությունները կլինեն ամենաբացը. Շարմազանովը` օտարերկրացի լրագրողներին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստան ժամանած մի խումբ օտարերկրացի լրագրողների: Ողջունելով նրանց այցը խորհրդարան՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ լրագրողները Երեւան են ժամանել Հայաստանի համար կարեւոր մի ժամանակաշրջանում՝ երկրի նախագահի ընտրության նախօրեին:
”Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անցկացվեն հանրապետության նորագույն պատմության ամենաժողովրդավարական ընտրությունները”,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նախորդ ընտրությունների համեմատ քաղաքական բազմակարծությունն ու ազատ խոսքը լիովին ապահովված են:
Նրա գնահատմամբ՝ այսօր հասարակությունը զերծ է քաղաքական նիհիլիզմից, եւ ընթանում է բնականոն քաղաքական պայքար, մրցակցություն քաղաքական թիմերի, գաղափարների միջեւ, բացակայում են սեւ փիարի դրսեւորումները: Սա գնահատում են նաեւ միջազգային դիտորդները՝ միաժամանակ արձանագրելով, որ իրավապահ մարմինները արագ արձագանքում են յուրաքանչյուր ահազանգի:
”Մենք հույս ունենք, որ փետրվարի 18-ի ընտրությունները կլինեն ամենաբացը, ամենաժողովրդավարականը, քանի որ դրա համար ստեղծված են բոլոր պայմանները: Մենք գնում ենք ոչ թե քաղաքական հակամարտության, այլ քաղաքական երկխոսության ճանապարհով”,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Լրագրողների խնդրանքով ներկայացնելով Հայաստանի տնտեսական իրավիճակն ու առաջնային ուղղությունները, Էդուարդ Շարմազանովը տնտեսության զարգացման համար որպես մեծագույն խոչընդոտ նշեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը: Ընդ որում, վերջինս, շրջափակելով հարեւան երկրին, Եվրամիության անդամ դառնալու նկրտումներ է դրսեւորում:
Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց նաեւ հայ-թուրքական արձանագրությունների նախապատմությունը, ընդգծելով, որ ի հեճուկս նախնական պայմանավորվածությունների եւ միջազգային հանրության ակնկալիքների, Թուրքիան փաստաթղթերի ստորագրումից հետո սկսեց խոսել նախապայմանների լեզվով, ինչն անընդունելի է: Նա հիշեց ԱՄՆ նախկին պետքարտուղարի գնահատականներն ու խոսքերը. ”Գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է”:
Անդրադառնալով Հայաստան-Իրան փոխհարաբերություններին, Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ հայկական կողմը բազմիցս արտահայտվել է իրանյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին: Իրանի հետ Հայաստանն ունի սերտ տնտեսական հարաբերություններ, իրականացվում են համատեղ ծրագրեր, այդ երկրում բնակվում են բազմաթիվ հայեր, եւ ցանկացած ռազմական գործողություն ընդունելի չէ: Նա նշեց, որ Հայաստանը հակամարտության՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է նաեւ Սիրիայի պարագայում:
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն պաշտպանում են հիմնախնդրի լուծման խաղաղ, բանակցային ճանապարհը՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը հայտնի երեք սկզբունքներից ընդունում է միայն մեկը՝ անընդհատ խոսելով ռազմական ավանտյուրայի, ֆաշիզմի լեզվով: Նախագահի մակարդակով Ադրբեջանը հայտարարում է, որ ”համաշխարհային հայությունն ադրբեջանական ժողովրդի գլխավոր թշնամին է”:
”Նման հայտարարությունները հիշեցնում են նացիստական Գերմանիայի առաջնորդների կոչերը, որոնք ժամանակին հանգեցրել են համաշխարհային պատերազմի եւ ցեղասպանության”,-ասաց Էդուարդ Շարմազանովը՝ միջազգային հանրությանը կոչ անելով ավելի գործուն ու կոշտ դիրքորոշում որդեգրել այս դրսեւորման դեմ:
Անդրադառանով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանը ձգտում է վարել բաց արտաքին քաղաքականություն: Նա ներկայացրեց ՀՀ հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ երկրների, հարեւան պետությունների, Եվրամիության, ԱՄՆ եւ այլ երկրների հետ:
Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նաեւ օտարերկրացի լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի: