Որոշ պաշտոնյաների կանայք ավելի հարուստ են
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների, ինչպես նաև Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահները 2012թ.-ին որևէ գույք, արժեթղթեր ձեռք չեն բերել: Նրանց հայտարարագրածը միայն դրամական միջոցներն ու եկամուտներն են:
Ընդ որում` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, ի տարբերություն մյուս երկու պաշտոնյաների, աշխատավարձից բացի հավելյալ եկամուտ է ստացել փոխառությունից:
Այսպես, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը 2012թ.-ի համար որպես եկամուտներ հայտարարագրել է 8 մլն 435 հազար 756 դրամ աշխատավարձ ու դրան հավասարեցված վճարներ և 8 հազար 300 ԱՄՆ դոլարի չափով փոխառությունից ստացված եկամուտ:
Նրա դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 11 մլն դրամ և 112 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 12 մլն դրամ և 112 հազար ԱՄՆ դոլար:
Ռ.Նազարյանի տիկնոջ դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 3 մլն դրամ և 300 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 2 մլն դրամ և 300 հազար ԱՄՆ դոլար: Եկամուտները գոյացել են ավանդի դիմաց ստացված տոկոսներից` 24 հազար 450 ԱՄՆ դոլար: Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի եկամուտները գոյացել են երեք աշխատավարձից` 5 մլն 881 հազար 428 դրամ ընդհանուր գումարի չափով:
Նրա դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 15 մլն 700 հազար դրամ, տարեվերջին` 14 մլն 860 հազար դրամ:
Մ.Բադալյանի տիկնոջ դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 22 մլն 700 հազար դրամ, տարեվերջին` 24 մլն 115 հազար դրամ: Եկամուտները գոյացել են վարձակալությունից ստացված 2 մլն 160 հազար դրամ և 1 մլն 680 հազար դրամ վճարներից:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի եկամուտները գոյացել են բացառապես աշխատավարձից և դրան հավասարեցված միջոցներից` 7 մլն 186 հազար դրամ:
Նրա դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 10 մլն 700 հազար դրամ, տարեվերջին` 14 մլն 500 հազար դրամ: Գ.Ամալյանի տիկինը ներկայացրել է 0-ական հայտարարագիր:
Աղբյուրը` “Փաստինֆո”-ի