Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը
Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը։
Ելույթ ունենալով քննարկումների ժամանակ` Էդվարդ Նալբանդյանը նշեց.
«Շատ բան անհնարին է թվում, քանի դեռ այն չի իրականացվել». սրանք Նելսոն Մանդելայի խոսքերն են, մի մարդու, ով անհնարինն իրականություն դարձրեց: Անկախ այն հանգամանքից, թե որքան հավակնոտ և մարտահրավերներով լի խնդիր է մեր առջև դրված` մեր համադրված ջանքերը պետք է առաջնորդվեն միասնական հաստատակամությամբ առ այն, ինչը հիսուն տարի առաջ հիմք ծառայեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնադրման համար՝ ապահովել առավել բարեկեցիկ կյանք բոլորի համար` առանց բացառության:
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական կառավարումը, աղքատության կրճատումը, սահմանների համալիր կառավարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և աղետների ռիսկի նվազեցումը: Անցյալ տարի ՀՀ կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպությունը ստորագրեցին ՄԱԿ-ի զարգացման աջակցության երրորդ ծրագիրը՝ ռազմավարական մի փաստաթուղթ, որն ուղորդելու է մեր համագործակցությունը 2016-2020թթ. ժամանակահատվածում՝ արտացոլելով Հայաստանի տեսլականը և հանձնառությունը` բարելավելու իր բնակչության կենսական պայմանները:
Կարևոր է, որ ֆինանսական դժվարությունների հետ մեկտեղ մենք առավել ուշադրության արժանացնենք կայուն զարգացմանն ուղղված խոչընդոտները՝ փակ սահմաններ, շրջափակումներ, անտեղի խտրական առևտրային ռեժիմներ։ Սրա վառ օրինակներից է այն, որ Հայաստանի նկատմամբ կիրառվող անօրինական շրջափակման պատճառով չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղին (Գյումրի-Կարս)՝ խոչընդոտ հանդիսանալով տարածաշրջանային կայուն զարգացմանը։
2016 թվականը Կայուն զարգացման 2030թ. օրակարգի իրականացմանն անդրադառնալու առաջին տարին է: Նախագահելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործադիր խորհրդում ՝ Հայաստանը տրամադրված է շարունակել համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում՝ կայուն զարգացման նպատակների իրականացման և դրանց հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ»:
Խոսելով կայուն զարգացումը վտանգող հակամարտությունների կանխարգելման մասին՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց.
«Կասկածից վեր է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված միջազգային հանձնառությունների լիակատար իրականացումը, հատկապես ինչ վերաբերում է պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնված նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի վրա, կարող է էականորեն նպաստել կանխարգելման ջանքերին: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ գոյություն ունի ուղիղ կապ մարդու իրավունքների իրացման կոպտագույն խախտումների և բռնություններով ուղեկցվող հակամարտությունների միջև: Սովորաբար, այն պետությունները, որոնք չեն հարգում ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքը, կոպտորեն ոտնահարում են ընդհանրապես մարդու իրավունքները:
Ակներև է գլոբալ անվտանգության և զարգացման միջև կապը: Հակամարտությունները կարող են խոչընդոտել կայուն զարգացմանը: Սա է իրականությունը: Բայց գոյություն ունի նաև այլ իրականություն: Մի շարք ձգձգված կամ սառեցված հակամարտություններ կարող են տասնամյակներ տևել։ Մինչդեռ այդ տարածքներում բնակվող ժողովուրդների ձգտումները՝ հասնելու կայուն զարգացման նպատակներին նույնքան օրինական են, որքան այլոց համար: Որոշ տարածքների վերջնական իրավական կարգավիճակի հաստատման ձգձգումը, մասնավորապես, նրանց, որոնք բանակցությունների առարկա են հանդիսանում հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում, չպետք է օգտագործվեն որպես պատրվակ՝ ոտնահարելու այդ տարածքներում ապրող ժողովուրդների զարգացման օրինական իրավունքը: Ի վերջո, «Ոչ մեկին չանտեսելու» հանձնառությունը ենթադրում է ոչ թե բացառման պատճառաբանության արդարացում, այլ ներգրավման միջոցների ապահովում: Միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ գտնի՝ ապահովելու հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների ներգրավումը միջազգային համագործակցությանը՝ ուղղված կայուն զարգացման նպատակների իրագործմանը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ինչպես նաև միջազգային այլ գործակալությունների և կազմակերպությունների գործողությունները չպետք է որևէ կերպ սահմանափակում ունենան հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների համար։
Կարևոր է հակամարտությունների հետևանքով առաջացած խոչընդոտները վերափոխել գործընկերության դրական օրակարգ ձևավորելու հնարավորության, այդ թվում՝ հակամարտության կողմերի միջև իրական վստահություն կառուցելու միջոցով: Բոլոր ժողովուրդներն ունեն անվտանգության և զարգացման համընդհանուր ձգտում: Հակամարտության կողմերի միջև ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին, ինչն առավել կարևոր է խաղաղության ընդհանուր տեսլականի ձևավորման տեսանկյունից»: