Վանաձորում Գրիշան ու Սերոժը` ընտրակաշառքի գործին են լծվել
Հունվարի 21-ից մինչեւ այսօր “Ժառանգության” նախընտրական շտաբը արձանագրել է մոտ 100 ընտրախախտման դեպք, եւ այդ խախտումները սկսել են ակտիվանալ վերջին մի քանի օրվա ընթացքում: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը այսօր` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մասնավորապես ընտրակաշառքների դեպքերին:
“Երեկվանից Վանաձորի բնակֆոնդի պետ Գրիշա Պառավյանը “Ղշլաղ” /Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի թաղամասը-խմբ./ թաղամասում բաժանում է 10 հազարական դրամ ընտրակաշառք: Ի դեպ, 3-4 հոգանոց ընտանիքին տրվում էր 30 հազար դրամ, էսօրվանից` 40 հազար դրամ:
Մենք ունենք տեղեկություններ, որ շատերը այդ ընտրակաշառքը չեն վերցնում, ստիպված նրանց շահագրգռելու համար գին են բարձրացնում: Նաեւ քիմկոմբինատի տարածքում թաղային հեղինակություն` ոմն Սերոժիկն է լծվել այդ գործին”,-ասաց Հ. Խուրշուդյանը:
Նրա խոսքով, իրենք կարելի է ասել ոստիկանի աշխատանք են կատարում, մինչդեռ զարմանալի է, որ ոստիկանությունը չի տիրապետում այդ փաստերին: “Կամ պարզապես հրահանգ է իջեցվել, որ չբացահայտեն այդ ահազանգերը”,-եզրակացրեց “Ժառանգության” ներկայացուցիչը:
Խուրշուդյանի խոսքով, այդ խախտումները համակարգային բնույթ են կրում: Ի դեպ, ոստիկանությունը նման դեպքերում հարցաքննության է հրավիրում միայն վկաներին, բայց, ըստ խոսնակի, բոլորս լավ գիտենք, որ վկայի ինստիտուտի նկատմամբ վստահություն չկա: