Խոսքը վերաբերում է գազի ամենացածր սակագնին. Էներգետիկայի նախարար
“Գազպրոմի” հետ գազի գնի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, սակայն գազի թանկացման` կոնկրետ գների մասին պաշտոնական մակարդակով կխոսվի նախագահական ընտրություններից հետո:
Շրջանառվող կարծիքը, թե իշխանությունը գնում է այս քայլին, որպեսզի թանկացման հետեւանքը ընտրողի տրամադրության վրա շոշափելի չլինի ընտրական պրոցեսում, հերքում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Արմեն Մովսիսյանի հավաստմամբ, գազի սակագնի փոփոխության մասին չհայտնելը ամենեւին կապ չունի նախագահական ընտրությունների հետ: Նախարարի խոսքով, ամեն տարի էլ նման վիճակ ստեղծվել է:
“Ամիսներով ձգձգվել է գործընթացը, վերջում նոր պարզ է դարձել, թե ինչ գին է որոշվել։ Թե ինչքան կլինի գինը, պարզ կլինի բանակցություններից հետո, քանի որ գնի որոշումը միայն մեզ համար չէ, որ պետք է հայտարարեն, նաեւ տարածաշրջանի մյուս երկների համար”,-ասաց նախարարը լրագրողներին:
Հիշեցնենք Արմեն Մովսիսյանը օրերս հայտարարել է, որ սահմանվելիք գազի գինը Հայաստանի համար լավագույնն է լինելու :
“Լավագույն բա՞րձր, թե ՞ցածր, ի՞նչ նկատի ունեիք” լրագրողի հարցին նախարարն արձագանքեց. “Եթե բարձրը կարելի է լավագույնը համարել, ի՞նչ ասեմ։ Չէ, բնականաբար, խոսքը վերաբերում է ամենացածր գնին” :