Որտե՞ղ կլինի Ծառուկյանը
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս պահին գտնվում է հանրապետությունում: Կմասնակցի՞ Ծառուկյանը երկուշաբթի` փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին, հաշվի առնելով կարեւոր պահերին հրապարակ նետվող տեղեկությունը, թե զբաղվածության պատճառով Ծառուկյանը ներկա չգտնվեց այս կամ այն իրադարձությանը կամ էլ վաղ առավոտյան կամ գիշերը թռավ արտերկիր` կարեւոր հանդպման:
Henaran.am-ին ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ Ծառուկյանն այս պահին հանրապետությունում է. ’’Ընտրության օրվա հետ կապված պարոն Ծառուկյանի ծրագրերին դեռեւս տեղյակ չեմ եւ այդ մասին հստակ տեղեկատվություն այս պահին չեմ կարող տրամադրել’’:
Հիշեցնենք, որ նախընտրական մեկնարկից առաջ ակտիվորեն շրջանառվեցին նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի առաջադրման մասին տեղեկություններ: ԲՀԿ նախագահն արդյունքում, հայտարարեց, որ չի առաջադրվելու, իսկ ԲՀԿ քաղխորհուրդը, հաշվի առնելով այս հայտարարությունը, որոշում ընդունեց, որ ԲՀԿ-ն չի առաջադրում սեփական թեկնածու նախագահական ընտրություններում եւ որեւէ թեկնածուի չի սատարում, ասել է թե` չի մասնակցում ընտրություններին:
Ուշագրավ է, որ ի տարբերություն ընտրություններին չմասնակցած մյուս խորհրդարանական ուժերի` ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի, ԲՀԿ- ն իր կեսմիլիոնանոց /ըստ խորհրդարանական ընտրությունների արդյունքների-հեղ. / ընտրողների բանակին ուղղորդելու որեւէ կոչ չարեց:
Նկատենք նաեւ, որ այս կամ այն ‘’կալիբրի’’ ԲՀԿ-ական գործիչներ առանձին-առանձին հայտարարեցին գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Մամուլը գրեց, որ ԲՀԿ-ն “տակից աշխատում է” ՀՀԿ թեկնածուի համար, որ Ծառուկյանի փեսան` Կարո Գուլոյանը “կարմիր գորգով” դիմավորեց Սարգսյանին: