Արցախի հարցը հայաստանցիների համար ութերորդն է
“Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց հարցման արդյունքներ, որից պարզ է դառնում, թե ՀՀ և ԼՂՀ քաղաքացիները ինչպես են վերաբերվում արցախյան կարգավորման լուծման տարբերակներին:
“Ղարաբաղի հարցի հրատապությունը ՀՀ քաղաքացիների սոցիալ-քաղաքական խնդիրների շարքում գտնվում է 8-րդ տեղում (4.1%),իսկ ԼՂՀ բնակչության շրջանում 7-րդ տեղում (10.9%)”,-հայտնեց բանախոսը:
Հարցման արդյունքներով, ՀՀ քաղաքացիների շրջանում արցախյան հարցի լուծման առավել իրատեսական տարբերակներից է Հայաստանի հետ միավորումը(48.4%): Լրիվ անկախանալու տարբերակին կողմ են հարցվածների 30.8%, իսկ 14.6%-ը բավարարված է նաև այս վիճակի պահպանմամբ`փաստացի անկախ: Հարցվածների 5.6%-ը դժվարացել է պատասխանել:
Հարցվածների 0.6%-ը կողմ է Արցախի վերադարձին Ադրբեջանի կազմ: Այս մոտեցումը հիմնավորվում է նրանով, որ մինչ այժմ էլ Հայաստանում և Արցախում կան խառը ամուսնություններ, և կան մարդիկ, ովքեր ունեն բավական ունեցվածք Ադրբեջանում:
ԼՂՀ բնակչության շրջանում նույն հարցմանը պատասխանել են հետևյալ կերպ. միանալ ՀՀ-ին`44.0%, անկախանա լրիվ`44.0%, ինչպես կա`փաստացի անկախ`8.8%, վերադառնա Ադրբեջանի կազմ`0.2%, դժվարացել են պատասխանել`3.0%:
“Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը դրական վերաբերմունք ունեն ՀՀ-ում հարցվածների 41.5%-ը, ԼՂՀ-ում 31.5%-ը, բացասական վերաբերմունք ունեն ՀՀ քաղաքացիների 55.2%, իսկ ԼՂՀ-ում 65.5%-ը”: