09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գնանք քվեարկելու եւ տեր լինենք մեր երկրին. Սերժ Սարգսյան

Փետրվարի 15-ին ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քարոզարաշավը ավարտեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ներկայացնում ենք նրա ելույթը ամոբողջությամբ:

 

“Բարի երեկո, Հայաստա՛ն,

Բարի երեկո, Երեւա՛ն,

Շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եք: Շնորհակալ եմ, որ սատարում եք: Շնորհակալ եմ բոլորիդ: Շնորհակալ եմ մեկ ամիս շարունակ ակտիվ աշխատելու, Հայաստանի ողջ տարածքում ծրագրեր, գաղափարներ ու ապագայի պատկերացումներ քննության առնելու համար: Շնորհակալ եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ այս մեծ բանավեճին համբերությամբ հետեւելու համար: Շնորհակալ եմ մեր լրագրողներին, որ հիանալի ակտիվությամբ հանրապետության բոլոր անկյուններից լուսաբանեցին թեկնածուների ընտրարշավը: Եվ շնորհակալություն մեր իրավապահներին, ոստիկաններին, անվտանգության ծառայողներին, ովքեր այդքան շատ գործ արեցին այս օրերին՝ ապահովելու համար հանգիստ քննարկելու, գաղափարներ ներկայացնելու բոլորիս հնարավորությունները: Շնորհակալ եմ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կարծում եմ, որ ավարտվող ընտրապայքարը թեժ էր ու հակասական իրադարձություններով լի: Բայց երբ եթերում ու ամբիոններից կհնչեն վերջին բառերը, երբ դուք ձեր ձեռքը կառնեք քվեաթերթիկը, որ ձեր ձայնը տաք մեկին կամ մյուսին, այդ պահին, հավատացնում եմ, անկախ այն բանից՝ կպատկերացնեք, թե ոչ, կանգնած եք լինելու մի ողջ սերնդի կյանքում ամենապատասխանատու ընտրության առջեւ: Մեր երկրի ապագան տանող ճամփաբաժանին: Հենց կենտրոնում: Դու՛ք: Ուզում եմ, որ գիտենաք, գալիք տարիները Հայաստանի համար դառնալու են ճակատագրական: Երկրի ղեկին կանգնողը բախտորոշ որոշումներ է ընդունելու տնտեսության ու աշխատանքի, հարկերի ու պարտքերի, կրթության ու ապահովության, պատերազմի ու խաղաղության մասին: Որոշումներ, որոնք մեծապես կանխորոշելու են, թե ինչպիսի կյանքով ենք ապրելու մենք ու մեր զավակները գալիք տասնամյակներում:

Դուք կանգնած եք ընտրության առաջ: Ու ձեր ընտրությունը պարզապես անձերի կամ կուսակցությունների ընտրություն չէ: Սա ընտրություն է Հայաստանի զարգացման տարբեր ուղիների միջեւ: Ապագայի մասին միանգամայն տարբեր պատկերացումների միջեւ: Մեր համոզմամբ, Հայաստանի ապագան են համառ աշխատանքն ու հետեւողական պայքարը: Հանուն մեր արժեքների պահպանման: Հանուն մեր հողի վրա, մեր օրենքներով անվտանգ ու ապահով կյանքի: Հանուն հայաստանցու բարեկեցության: Հանուն մեր երեխաների բարօրության:

Այս օրերին մեր ուղին չընդունող մեր հայրենակիցները մեծ պատրաստակամությամբ գունազարդում են Հայաստանում առկա թերությունները: Սակայն նրանք խուսափում են ասել, թե ինչպես են պատրաստվում վերացնել դրանք: Նրանք խնդրում են ձեր ձայնը, սակայն չեն ցանկանում ձեզ հասանելի կերպով ներկայացնել իրենց անելիքը: Մի պարզ պատճառով. նրանք նոր ասելիք գրեթե չունեն: Եվ չունեն անելիք: Եվ բոլորը փորձում են կրկին ու կրկին խաբել մեզ: Անիրականանալի խոստումներով: Երբեմն տարաբնույթ մեկնաբանություններով: Երբեմն հուզական: Ուրեմն ձեր քվեով բացատրեք նրանց, որ ձեզ խաբել այլեւս հնարավոր չէ: Որ մենք յուրաքանչյուր խոստմանը հավատալու պատրաստ միամիտները չենք: Որ մենք այն չենք, ինչ 20 տարի առաջ: Մենք հասուն ու իմաստուն հասարակություն ենք: Եվ վստահում ենք միայն գործերին:

Այո՛, մենք գիտենք, որ պետությունը պետք է թիկունք կանգնի յուրաքանչյուրին, ով դրա կարիքն ունի: Ով հայտնվել է դժվարին վիճակում: Պիտի օգնի: Օգնի ոտքի կանգնել: Բայց գիտենք նաեւ, որ աշխատողին, ջանացողին ոգեշնչելու, նրան հենվելու ու եռանդուն քաղաքացիներին համախմբելու միջոցով է միայն հնարավոր օգնել թույլերին: Ես ուզում եմ, որ մենք թիկունք դառնանք դժվար օրեր ապրող մեր հայրենակիցներին: Ուրեմն մենք պիտի կառուցենք Հայաստան, որը կհենվի նախաձեռնող ու աշխատող իր զավակների վրա: Ու բեռ չի դառնա նրանց համար: Ես ուզում եմ աշխատել նրանց հետ, ովքեր պատրաստ են ամրացնել մեր պետությունը: Չունեւորի համար եւ հարուստի համար: Աշխատողի համար ու գործարարի համար: Գյուղացու համար եւ արտադրողի համար: Ներդրողի համար եւ արտահանողի համար:

Ես ազնիվ եմ եղել ձեզ հետ: Սարեր չեմ խոստացել երբեք: Խնդրել եմ վստահել ինձ ու հավատացել եմ ձեր ուժին: Ձեր իմաստությանը: Ձեր եռանդին: Ձեր կամքին:

Սակայն ես չեմ հավատում, որ երկիրը փորձադաշտի վերածելու պատրաստ արկածախնդիրների ծրագրերը մեր ընտանիքներում կբազմապատկեն աշխատողների թիվը, կմեծացնեն աշխատողների եկամուտները, կավելացնեն մեր երեխաների բարեկեցությունը: Չեմ հավատում, որ ուսուցիչ ու բժիշկ կրճատելով կամ ձեր գրպանը մտնելով՝ տնտեսական աճ ենք ունենալու: Դա չէ մեր ուղին: Քսանամյա հնության փոշոտ գաղափարները չեն, որ կրպակատիրոջը պիտի օգնեն ոտքի կանգնել կամ աշխատանքը կորցրած բանվորին՝ ընտանիքի հորը, պիտի օգնեն ծայրը ծայրին հասցնել:

Մենք տեսել ենք այս ամենը: Մենք անցել ենք բոլոր փորձություններով: Եվ չենք պատրաստվում ետ գլորվել դեպի անցյալը: Մենք առաջ ենք գնալու: Ողջ երկրով:

Ես չեմ խոստանում, որ իմ առաջարկած ուղին հեշտ է լինելու: Երբեք չեմ ասել: Ճշմարտությունն այն է, որ մենք մի քանի տարի եւս պետք է հաղթահարենք բոլոր այն դժվարությունները, որոնք կուտակվել են տասնամյակներով:

Ես ուզում եմ, որ մենք մի պահ զգանք ձեր պահանջով, ձեզ հետ միասին նախաձեռնած բազմաթիվ փոփոխությունների համար մեր ընդհանուր պատասխանատվությունը: Այդ փոփոխություններն ավարտին հասցնելու պատասխանատվությունը: Դրանք անշրջելի դարձնելու պատասխանատվությունը:

Ես բնավ չեմ պատրաստվում ձեռքերս ծալած հետեւել, թե ինչպես են ոմանք քննարկում երկիրը հետընթաց ճանապարհով ուղղելու հեռանկարը: Դեպի այն օրերը, երբ հասարակ մարդիկ դառը քրտինքով տարիների աշխատածը կորցնում էին մի գիշերվա մեջ: Երբ աշխատողն անդառնալիորեն կորցնում էր աշխատանքը: Երիտասարդ մասնագետն իր մասնագիտությունն ստանալուց ու ուսումն ավարտելուց հետո իրեն գտնում էր նոր իրականության մեջ ավելորդ: Երբ հայաստանցին հայտնվում էր փողոցում, անտուն, անտիրական, անապահով: Երբ մարտի դաշտից տուն վերադարձող՝ երկիրը թշնամուց ազատագրած ազատամարտիկը, երբեմն, իր տունը զավթած էր գտնում ու իր տնտեսական ճակատամարտը՝ պարտված: Երբ անարդարությունից դառնացած հայաստանցին լքում էր հայրենիքը, խռով հոգով: Հաճախ՝ երբեք ետ չվերադառնալու որոշումով:

Ահա այս անցյալն են փորձում ձեզ հրամցնել որպես ապագա: Տասնամյակներ առաջ պարտված այս ճակատամարտերն են փորձում ձեր վզին փաթաթել որպես հաղթանակի խոստումներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես ուզում եմ, որ դուք վստահաբար իմանաք. մեր բոլոր խնդիրները լուծելի են: Բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Համատեղ ուժերով: Ուղին, որ առաջարկում եմ ձեզ, հարթ չէ: Հեշտ չէ: Սակայն, այդ ուղին մեզ տանելու է ավելի ապահով ապագա: Եվ ես ձեզ կոչ եմ անում ընտրել ա՛յդ ապագան:

Ես կոչ եմ անում համախմբվել մեր երկրի համար կարեւորագույն խնդիրների լուծման գործում: Խնդիրներ, որոնց համատեղ լուծումը ոտքի կհանի մեր տնտեսությունը: Մեր զավակներին կտա պիտանի կրթություն: Կամրացնի մեր երկրի սահմաններն ու մեր ժողովրդին լիակատար խաղաղություն կպարգեւի: Մեր երկրի բնությունը կպահպանի մեր սերունդների համար: Մեր տնտեսությունը կդարձնի ներդրումների համար գրավիչ: Եվ Աստծո ամեն օր մեր մարդկանց համար գործելու նոր հեռանկարներ ու նոր աշխատատեղեր կստեղծի: Մենք կարող ենք հասնել այս ամենին՝ գալիք հինգ տարիներին: Կարող ենք՝ միասին: Հենց դրա համար է, որ ցանկանում եմ մեր հայրենիքը հասցնել բաղձալի հանգրվան: Ապահով Հայաստան:

Մենք կարող ենք ընտրել ապագա, որտեղ Հայաստանի արդյունաբերությունն արտահանում է իր արտադրանքը զգալիորեն ավելի մեծ ծավալներով: Որտեղ հայաստանցիները ոչ թե արտագաղթում են ավելի լավ կյանքի փնտրտուքով, այլ աշխատում են հայրենիքում: Ապագա, որտեղ մեր զավակները լավ կրթություն են ստանում մեր երկրում: Որտեղ աշխատանքից դուրս են գալիս, ոչ թե ամիսներով տանը նստելու համար, այլ ուրիշ՝ ավելի լավ պայմաններով աշխատանք գտնելու պատճառով: Որտեղ մարդիկ քնելուց առաջ չեն մտահոգվում, թե առավոտյան աշխատանք կունենան արդյոք: Որտեղ առավոտները դիմավորում են հանգստացած ու եռանդով լի մարդիկ: Վաղվա օրվա հանդեպ՝ լավատես, սեփական ուժերին վստահ հայաստանցիներ: Մենք: Բոլորս:

Քաջարանում ես զրուցեցի բանվորների հետ, ովքեր մի քանի տարի առաջ վախենում էին, թե էլ չեն կարողանալու աշխատանք գտնել ու ընտանիք պահել. այսօր նրանք քիթ սրբելու ժամանակ չունեն: Անցած օրը զրուցում էի մեր գործարարների հետ, ովքեր ներդրումներ են կատարում Հայաստանում: Ոչ թե այն պատճառով, որ մեր երկրում աշխատուժն էժան է: Ո՛չ: Այլ որովհետեւ Հայաստանում կարողանում են ավելի որակյալ արտադրանք տալ: Որովհետեւ մեր երկրում մարդիկ գիտեն ու սիրում են աշխատել: Լավ աշխատել: Գիտեն ջանալ: Գիտեն մտածել: Ավելի լավ, քան որեւէ այլ տեղ:

Եվ ձեր այդ բնատուր շնորհքը եւ հայի աշխատասիրությունը ինձ հնարավորություն են տալիս Եվրամիության, Ռուսաստանի, բազմաթիվ երկրների հետ ազատ ու համապարփակ առեւտրի ավելի լավ պայմանների շուրջ բանակցել: Նոր պայմանագրեր ստորագրել: Պայմանագրեր, որոնք մեր ձեռնարկություններին կօգնեն արտաքին ընդարձակ շուկաներում միլիոնավոր նոր սպառողների վաճառել իրենց արտադրանքը: Նոր ու ավելի շատ ապրանքներ, որոնց վրա դաջված է երեք թանկագին բառ՝ «Պատրաստված է Հայաստանում»:

Եվ այժմ դուք ընտրության առաջ եք: Դուք կարող եք մեծ բեռ դնել նոր-նոր ոտքի կանգնող ձեռնարկությունների ուսերին: Երկիրը թողնել փորձարարներին կամ արկածախնդիրներին: Ձեր երեխաների ապագան վստահել անգամ սեփական կուսակցությունը կառավարել չկարողացող մարդկանց: Պետության ղեկը տալ նրանց, ովքեր առավոտյան արթնանում են «այո» ասելով, ճաշում են «այո»-ն «ոչ» դարձրած ու անկողին մտնում այդպես էլ չպատկերացնելով, թե որն է ճիշտը:

Կամ էլ կարող ենք խրախուսել ներդրողներին ու ձեռներեցներին, թիկունք դառնալ նրանց: Հարկային արտոնություններ տրամադրել Հայաստանում բացառիկ ներդրումներ կատարող գործարարներին: Կարող ենք շարունակել օգնել մեր բանվորին նոր՝ արդիական հմտությունների տիրապետել: Անել ամեն ինչ՝ հորը՝ ընտանիքում, ընտանիքը՝ Հայաստանում պահելու համար: Կարող ենք օգնել մեծ ձեռնարկություններին, փոքր ու միջին ձեռնարկատերերին կրկնապատկել իրենց արտադրանքի արտահանումը: Եվ եթե ընտրեք այս ուղին, ապա միասին կարող ենք գալիք հինգ տարիներին տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծել: Երիտասարդ ու կրթված, տարիքով ու փորձառու նորանոր աշխատողների ապահովել հուսալի ու տարեցտարի ավելացող աշխատավարձով: Այս ապագան ձեր ձեռքում է: Դուք պիտի ընտրեք մեր բոլորի ապագան:

Դուք կարող եք ընտրել այն ապագան, որտեղ մենք երթեւեկում ենք անվտանգ ճանապարհներով: Որտեղ ծառայությունները մատուցվում են որակով: Որտեղ կրթություն ստանում են աշխատելու համար: Որտեղ խմելու ջուրը, էլեկտրաէներգիան, գազը, կապը հասանելի են ու մատչելի յուրաքանչյուրի համար՝ ընդհուպ մինչեւ ամենահեռավոր սահմանամերձ փոքրիկ գյուղը: Որտեղ արդարությունը ոչ թե խորհրդային անցյալում են փնտրում, այլ գտնում են անկախ դատարաններում: Որտեղ խոսքի ազատությունը սահմանափակում է միայն ասելիքի բացակայությունը: Ապագա, որտեղ սահմաններն անխախտ են, հայրենիքը՝ պաշտպանված ու հայրենյաց պաշտպանը՝ հուսալի ու հոգատար հրամանատարի հսկողության ներքո: Որտեղ հարեւանները գերադասում են ձեզ հետ խաղաղ ապրել: Որտեղ պատերազմը հիշողություն է, իսկ խաղաղությունը՝ առօրյա: Որտեղ ձեր անձնագիրն աշխարհում հարգում են: Որտեղ օտարն ակնածանքով է խոսում ձեր երկրի մասին: Որտեղ օտար ափերում ձեր ազգակիցը ձեր աչքերում Հայաստան է կարդում:

Սա է ընտրության ձեր բանաձեւը: Ընտրել տասնամյակներ հետ շպրտվելու ուղին կամ այն ուղին, որը բոլորիս առաջ է տանում: Անկորուստ հաղթանակների ուղին:

Սա աննախադեպ ընտրություն է մեր երկրի պատմության մեջ: Ընտրություն ապագայի ու անցյալի միջեւ: Եվ այն լինելու է ձեր ընտրությունը: Դուք եք որոշելու, թե ուր ենք գնալու: Դուք, հենց այս պահին ձեր կողքին կանգնած ձեր հայրենակիցը, ձեր ծնողներն ու ձեր զավակները, ձեր քույրերն ու եղբայրները: Նաեւ՝ ես:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ե՛վ հայրս, եւ՛ մայրս բանվորներ էին: Նրանք այդպես էլ ուսում ստանալու հնարավորություն չունեցան: Սակայն իրենց իղձերի իրականացումը նրանք փնտրում էին ինձ ու եղբայրներիս ուսում տալու մեջ: Ձեզնից շատ շատերի համար կյանքն իր հնարավորությունները պարգեւել է կրթության շնորհիվ: Եվ այսօր կրկին հենց կրթությունն է, որ մեր բոլոր զավակների առջեւ պիտի բացի բոլոր հնարավորություններն այս մեծ ու բարդ աշխարհում: Ավելին, քան երբեւէ:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կարողացանք պետության ու բանկերի համագործակցության շնորհիվ մեր զավակներին ապահովել որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ միջոցներով: Ուսանողական նոր վարկերը գալիս են հեղաշրջելու մեր երեխաների կրթվելու հնարավորությունները: Մենք նախաձեռնել եւ ձեր վստահության դեպքում հետեւողականորեն բարձրացնելու ենք դասավանդման, ուսման որակին ներկայացվող պահանջները: Մեր զավակներն այսօր արդեն աշխարհում գոյություն ունեցող լավագույն կրթությունը ստանալու հնարավորություն ունեն: Հավատում եմ` վաղը նման հնարավորություն ունենալու են նաեւ Հայաստանի տարածքում: Մենք պատրաստ ենք շարունակականորեն պետության ուսերին առնել մեր մանուկների նախակրթության հոգսը: Վստահ ենք, որ դպրոցական լավ կրթության համար այն պարտադիր պայման է: Կյանքի տեմպն արագանում է գլոբալացող աշխարհում, եւ մեր զավակները պիտի ոտքի կանգնեն ավելի արագ, քան մեր ծնողներն են կանգնել: Քան մենք ենք հասունացել: Աշխարհի զարգացման հրամայականն այլընտրանք չի թողնում:

Եվ այժմ դուք կարող եք որոշել, որ Հայաստանում ոչ մի երեխա չպետք է մնա առանց նախակրթության, առանց խնամքի ու հոգածության, առանց լավ դպրոցի ու ուսուցչի: Հայաստանում ոչ մի ընտանիք չպետք է զոհաբերի իր զավակի կրթությունը՝ հանուն օրվա հացի: Հայաստանցի ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի կրթվելու, մասնագիտություն ստանալու իր հնարավորությունը սոսկ այն բանի պատճառով, որ նրա ընտանիքը չի կարող վճարել կրթության համար: Ոչ մի ձեռնարկություն մեր երկրում չպետք է որակյալ մասնագետ փնտրի արտերկրում, քանի որ Հայաստանում չի կարողանում լավ մասնագետ գտնել: Պահանջված ոչ մի մասնագետ չպետք է լքի Հայաստանը՝ ավելի լավ պայմանների ակնկալիքով: Ո՞ր ապագան ենք փնտրում: Գտնելու ենք այն ապագան, որն ընտրելու ենք հաշված օրեր անց:

Ուրեմն, օգնե՛ք ինձ: Օգնեք նախակրթության հոգսը առնել պետության ուսերին: Բարձրացնել մանկավարժների գիտելիքն ու մասնագիտական հմտությունները: Օգնե՛ք նոր գիտելիք ու հմտություններ սովորեցնել տասնյակ հազարավոր հայաստանցիների: Որակյալ մասնագիտական կրթությունը Հայաստանում չպետք է լինի ճոխություն: Այն տնտեսական անհրաժեշտություն է, որը պետք է մատչելի լինի յուրաքանչյուր ընտանիքի:

Սրանք են իրական փոփոխությունները: Այս հարցերում պիտի կողմնորոշվեք: Սրանում է այս ընտրությունների էությունը: Հանուն հենց այս փոփոխությունների եմ ես մտել պայքարի մեջ: Հանուն մեր ու մեր զավակների ապահով ապագայի: Նրանք արժանի են նման ապագա ունենալու:

Մենք կարող ենք իրականություն դարձնել այս ամենը: Դուք կարող եք Հայաստանի համար ընտրել հենց նման ապագա: Ես վստահ եմ՝ մեր ապագան այդպիսին պիտի լինի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ձեր ձայնը կլինի լավագույն արձագանքը բոլոր այն թերահավատներին, ովքեր միաբերան կրկնում են առավոտից երեկո, թե իրականում ոչինչ էլ չի փոխվում: Թե դուք չեք կարողանալու հաղթահարել ձեր ցանկությունների ու այս իրականության միջեւ առկա անդունդը: Թե, միեւնույն է, ձեր փոխարեն վաղուց որոշել են՝ ամեն բան: Թե ընտրությունները մեկ է՝ ձեւական են: Թե այսպես եկել է, այսպես էլ գնալու է: Թե դուք մեր երկրում ոչինչ չարժեք: Թե ձեր ձայնը լսող ու ձեր հետ սրտանց խոսող չկա:

Թեւաթափ անողների պակաս ոչ մի երկրում էլ չկա:

Ցավոք, դրանք միայն կյանքի դառնությունները ճաշակած, անհաջողությունների բախված մեր հայրենակիցները չեն: Շատերը հայաստանցուն թեւաթափ անելը դարձրել են քաղաքական պայքարի գործիք: Նրանք փորձում են վհատեցնել ձեզ, որ դուք եւս գործիք դառնաք իրենց ձեռքերում: Նրանք անդադար կրկնում են ու կրկնում, թե որքան վատ է ամեն բան այս երկրում: Եվ իհարկե, երբեք չեն մոռանում հավելել, որ այդ ամենը Նախագահ Սարգսյանի մեղքով է: Եվ նրանք ձեզ կասեն, որ եթե մեկ տարի առաջ, երեք տարի առաջ, հինգ տարի առաջ հավատացել եք փոփոխությունների հնարավորությանը, ապա անկասկած միամիտի մեկն եք:

Նրանք հույս ունեն, որ ձեզ հետ նման զրույցներ վարելով ու մեծավարի խորհուրդներ տալով, կհուսահատեցնեն ձեզ: Որ դուք անգամ այս կարեւորագույն պահին կնստեք ձեր տներում: Բաց կթողնեք ձեր ապագայի համար ճակատագրական այս հնարավորությունը: Որ դուք կդառնաք իրենցից մեկը:

Բայց ես հավատում եմ ձեզ, որովհետեւ վստահում եմ ձեզ: Ես տեսնում եմ ձեզ ձեր երազանքների ապագայում: Ես տեսնում եմ ձեր խանդավառությունը: Ես տեսնում եմ կյանքով լի երիտասարդների: Ես տեսնում եմ մեր ապագան: Ես տեսնում եմ, որ մեր ապագան ամուր ձեռքերում է: Երիտասարդ սերունդն անհամբեր սպասում է ապահով Հայաստան կերտելու համար փոփոխությունների իր ժամին: Եվ այդ ժամն արդեն գալիս է: Անկասելի ընթացքով: Անխորտակելի եռանդով: Գլուխը բարձր պահած: Ու ծիծաղը դեմքին:

Մոտենում է փոփոխությունների պտուղները քաղելու եւ նոր փոփոխություններ նախաձեռնելու ժամանակը: Մեր սահմաններն անսասան են, ու մեր բանակը՝ արդիական: Ժողովրդավարությունը մեր երկրում անշունչ կմախքից միս ու արյուն, կյանք է առնում: Մեր գյուղացին կանգնում է ոտքի: Մեր ձեռնարկությունները նոր աշխատատեղեր են ստեղծում: Առաջին հերթին՝ հենց ձեզ համար: Եվ այդ ամենը հնարավոր է դարձել ձեր, մեր եղբայրների ու քույրերի քվեի շնորհիվ: Ձեր ձայնի շնորհիվ: Ձեր շնորհիվ հնարավոր դարձան փոփոխությունները: Ձեզ նման երիտասարդներն էին, որ մեր երկրի հրապարակներից չհեռանալով, պահանջում էին արդարություն հաստատել ու պայքարել չարաշահումների դեմ մեր երկրում: Պահանջում էին ազատ մամուլ եւ խոսքի ազատություն: Այսօր մենք անշեղորեն ընթանում ենք այդ ուղով: Իմ խոստումներին հավատարիմ:

Սիրելի՛ երիտասարդներ, ուզում եմ, որ հավատաք ինքներդ ձեր ուժին: Ձեր ձայնը անտարբերության ու վհատության պատերը խորտակելու զորություն ունի: Մեր կյանքը փոխելու զորություն ունի:

Ձեր ձայնի զորությունը լա՛վ իմացեք: Փոփոխությունները հնարավոր են միայն ու միայն ձեր շնորհիվ: Ձեր ընդունած ամենակարեւոր որոշման շնորհիվ:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք միասին: Պիտի զարգացնենք այս տնտեսությունը: Պիտի տասնյակ հազարավոր նոր՝ լավ աշխատավարձով աշխատատեղեր ստեղծենք: Պիտի ամրացնենք մեր երկրի ողնաշարը: Եվ լավ հիշեք, ձեր ձայնն այժմ ավելի կարեւոր է, քան երբեւէ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք ազատատենչ ժողովուրդ ենք: Մենք հավատում ենք, որ մեր ազատությունը հնարավոր էր շղթայել, բայց աշխարհում ոչ մի ուժ չի կարող հային լուռ, ստրկացած պահել հավերժ: Ոչ մի կայսրություն: Ոչ մի իշխանություն: Եվ մենք գիտենք՝ ազատությունն ու հաղթանակները հեշտ չեն տրվում: Թերեւս այդ է պատճառը, որ մենք գնահատել գիտենք նախաձեռնողներին ու ձգտողներին, պատասխանատվություն ստանձնողներին ու գործարարներին: Մենք հավատում ենք, որ հենց նրանց շնորհիվ է կյանքն առաջ գնում:

Սակայն մենք նաեւ գիտենք, որ մեր ամենափայլուն հաղթանակները՝ տնտեսության մեջ, թե ռազմի դաշտում, մեզ բաժին են հասել այն օրերում, երբ մենք միասնական ենք եղել: Երբ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով մասնակցություն է բերել տնտեսական կամ պաշտպանական նպատակների իրականացմանը: Բոլորը, ոչ թե ոմանք: Ոչ անգամ շատերը: Յուրաքանչյուրը: Երբ յուրաքանչյուրը որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունի: Երբ յուրաքանչյուրն ունի մեծ աշխարհում մրցելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու հնարավորություն: Մենք մեծագույն ձեռքբերումներ ենք ունեցել բոլոր այն դեպքերում, երբ կարողացել ենք մեկտեղել հայ մտավորականի ու հայ աշխատավորի ջանքերը: Մեր քաղաքացիների ջանքերը:

Վստահաբար սա է պատճառը, որ մենք սովորում ենք ամենից առավել արժեւորել քաղաքացուն: Հայաստանի քաղաքացուն, մեր պետության ողնաշարը: Հայաստանի քաղաքացին, մեր նորանկախ ժողովրդավարության էությունը՝ մեկ բառով: Այս մեկ բառը մեզ մշտապես պիտի հիշեցնի, որ մեր երկիրը զարգանալու է միայն այն դեպքում, երբ մենք միասնական ենք ամենակարեւոր նպատակներում: Երբ մեկս մյուսի եւ մեր սերունդների հանդեպ պարտավորություններ ենք ստանձնում:

Ես վստահ եմ, որ Հայաստանը կլինի ավելի ապահով, երբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, հեռավոր գյուղի բնակչից մինչեւ մայրաքաղաքաբնակը, կարողանա օգտվել որակյալ ու մատչելի առողջապահական ծառայություններից: Երբ վաստակած հանգստի անցնող հայաստանցին այլեւս չի մտածի, թե ինչպես, ինչ միջոցներով պիտի ապրի իր կյանքի մայրամուտը: Երբ հայաստանցին վստահի իր գտած արդարությանը: Երբ հայաստանյան ավտոհամարանիշներով բեռնատարը մեր արտադրանքն ազատ ու անխոչընդոտ կարողանա տեղափոխել ցանկացած զուգահեռականով ու միջօրեականով:

Եվ ես վստահ եմ, որ ոչ մի իշխանություն միայնակ չի կարող կերտել մեր երազանքների երկիրը: Եվ չպետք է անգամ փորձի գործել միայնակ: Իշխանությունները հնարավորինս պետք է զերծ մնան միանձնյա, մեկուսի որոշումներից: Հատկապես այն բոլոր դեպքերում, երբ անհրաժեշտ է լսել սրտացավ քաղաքացուն կամ գործարարին: Հատկապես այն դեպքերում, երբ քաղաքացին, գործարարը, ինքն է բարձրաձայնում իր կարծիքն ու մտահոգությունը: Լսել պետք է հնարավորինս շատերին: Նաեւ պատրաստ լինել կրելու կայացված որոշումների համար պատասխանատվության ծանրությունը: Պատասխանատվության բեռից խուսափողներն իրավունք չունեն հայաստանցուց վստահություն ակնկալել:

Եվ այսօր ես մտել եմ այս պայքարի մեջ, քանի որ ձե՛ր ձայնը, սիրելի հայաստանցիներ, ձեր ձայնը այսքան բարձր հնչելու հնարավորություն երբեք չի ունեցել: Հայրենակիցնե՛ր, իմ հույսը դուք եք: Իմ բոլոր հոգսերը ձեր մասին են: Իմ պայքարը հանուն ձեզ է: Ու մեր ընդհանուր ապագայի:

Կան բաներ, որոնք ես մերժել եմ եւ մերժելու եմ ողջ կյանքում: Կան սկզբունքներ, որոնք անձեռնմխելի են: Կան բաներ, որոնք զիջել չեմ կարող: Հանուն որոնց պայքարել եմ ու պայքարելու եմ ողջ կյանքում: Ես միշտ կողմ եմ համագործակցությանը: Բայց եթե համագործակցությունը պիտի չնչին չափով անգամ վտանգի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, ապա նման համագործակցությունը մերժում եմ արմատից: Եթե համագործակցությունը պիտի վտանգի հայաստանցու ազատություններն ու նրա խոսքի իրավունքը, ապա նման համագործակցությունից պատրաստ եմ օր առաջ հրաժարվել:

Դա համագործակցություն չէ: Դա հավասարակշռություն չէ: Դա փոփոխություն չէ: Դա պարտություն է ժամանակի ընթացքին: Պարտություն փոփոխություններին ընդդիմացող, փոփոխությունները չընդունող, փոփոխությունները խեղդելու պատրաստ ուժերին: Դա ճահճացում է, որի տիղմում տասնյակ տարիներ շարունակ դուք տառապել եք, սիրելի՛ հայաստանցիներ:

Այս պայքարում ես չեմ նահանջելու: Ես հանուն փոփոխությունների մեր պայքարը մինչեւ վերջ հասցնելու կամք ու եռանդ ունեմ: Համոզված եմ՝ դուք նույնպես:

Վստահ եղեք, այս երկրի ուժեղները իրենց դարդն իմացող ու իրենց շահը իր շահին հավասար դասող առաջնորդի կարիք չունեն: Նրանք առանց այդ էլ շատ լավ գիտեն իրենց շահն ու գիտեն պաշտպանել այն ամեն գնով: Նրանց ձայնը միշտ լսելի է: Նրանց համար բարեխոսողները շատ են, իսկ ազդեցությունը՝ անպակաս: Սա աշխարհի օրենքն է: Եվ մենք շատ լավ հասկանում ենք դա: Իրենց խնդիրները հասկացող ու շահերը պաշտպանող առաջնորդի կարիք ունեն այն հայաստանցիները, որոնց նամակները ես կարդում եմ մինչեւ ուշ գիշեր: Այն կանայք ու տղամարդիկ, որոնց ես հանդիպում եմ այս օրերին, մեր երկրի բոլոր անկյուններում:

Զավակին բանակ ուղարկած մայրը, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդու ապահով ծառայության վայրկյաններն է հաշվում: Նա՛ ունի նման առաջնորդի կարիք: Գյուղացին, ով վարկ է վերցրել ու կարկտահար բերքը արտում շվարած մնացել է` բանկի պարտավորություններն ուսերին: Նա՛ ունի այդպիսի առաջնորդի կարիք: Տաքսու վարորդը, ով Աստծո ամեն օր աշխատում է Աստված գիտի քանի ժամ, որ մի քանի հազար դրամ ավել տուն հասցնի: Նա՛ ունի այդպիսի առաջնորդի կարիք: Բարձրադիր գյուղում իր առաջնեկի լույս աշխարհ գալուն աղոթքով սպասող մա՛յրն ունի այդպիսի առաջնորդի կարիք: Սահմանամերձ գյուղում հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ամեն առավոտ պայուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկ հայուհի՛ն ունի այդպիսի առաջնորդի կարիք: Երեւանի ծայրամասից նոր գիտելիքի ու ստեղծագործելու համար «Թումո» հասնող հնամաշ կոշիկներով, սակայն աշխարհը գրկելու պատրաստ պատանի՛ն ունի այդպիսի առաջնորդի կարիք: Անապահով ընտանիքի իր աշակերտի համար իր համեստ միջոցներով գրենական պիտույքներ գնող ուսուցի՛չն ունի այդպիսի առաջնորդի կարիք: Հայաստանի մեծ քաղաքներում ու փոքր գյուղերում ուսման ծարավ մանչուկները, որ այս պահին երազում են գործարար կամ գիտնական, զորավար կամ դիվանագետ, նկարիչ կամ երգահան, կամ էլ հենց Նախագահ դառնալու ապագայի մասին: Նրա՛նք ունեն առաջնորդի կարիք: Առաջնորդ, ով կպայքարի հանուն այդ ապագայի: Որովհետեւ այս մանչուկների երազանքները պետք է պաշտպանել: Պաշտպանել՝ բարեփոխումներով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նրանց բոլորի ձայները պիտի լսվեն ու լսվեն: Ձեր ձայնը պիտի լսվի: Մենք երկար ճանապարհ ենք անցել: Նահանջի ուղիները փակ են: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր սրտերը քարանան այս վճռական պահին: Չենք կարող հանդուրժել, որ մեր ոգին ընկրկի: Չենք կարող վհատվել ու մնալ անտարբեր: Նստել տանը: Թողնել, որ ուրիշը տնօրինի մեր ապագան:

Եկել է ժամը, երբ պիտի ոտքի ելնենք ու կանգնենք ողջ հասակով: Թափ տանք մեր ուսերն ու արթնանանք թմբիրից: Հայաստանն առաջ մղենք հուժկու հրումով: Հանուն մեր զավակների կրթության, մեր քույրերի ու եղբայրների արդար վաստակի: Հանուն մեր հայրերի ու մայրերի խաղաղ մայրամուտի: Հանուն սահմանին կանգնած զինվորի ոգու: Հանուն մեր սահմանների ամրության ու այս երկնքի խաղաղության: Հանուն մեր երկրի արյունատար անոթների անխափան աշխատանքի: Հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման: Հանուն մեր երկրի ողնաշարի: Առաջ շարժենք երկիրը փոփոխությունների ուղով: Դեպի ապահով հանգրվան: Մեծով ու փոքրով: Բոլորս միասին:

Եվ ես կրկին խնդրում եմ ձեզ անել այն, ինչ մեկ անգամ արդեն հաջողությամբ արել ենք: Ազգովին: Խնդրում եմ ձեզ հավատալ: Խնդրում եմ ձեզ վստահել: Ոչ թե ձեր կամեցած փոփոխություններն իրականություն դարձնելու իմ ունակությանը: Ո՛չ: Ես խնդրում եմ ձեզ հավատալ ձեր զորությանը: Խնդրում եմ ձեզ վստահել ձե՛ր ուժերին: Ձեր հավատն ու վստահությունը միայն կարող են մեր երկրին պարգեւել այն ապագան, որին մենք արժանի ենք:

Մենք շատ անելիքներ ունենք: Մենք պիտի ավելի շատ երիտասարդների մասնագետ դարձնենք: Մենք պիտի ավելի շատ լավ վարձատրվող աշխատատեղեր ստեղծենք: Մենք պիտի մեր երկիրն անվտանգ ու խաղաղ պահենք: Մենք այս տարածաշրջանը պիտի դարձնենք առեւտրի աշխույժ խաչմերուկ: Անկայուն աշխարհում՝ կայունության կղզյակ: Մենք պիտի մեր դուստրերի ու քույրերի համար առողջ մայրության լավագույն պայմաններ ապահովենք: Մեր զավակների համար՝ լավ ուսուցիչներ ու լավ դպրոցներ: Մենք պիտի մեր զավակներին զորակոչենք ապահով բանակ ու դիմավորենք լավ աշխատանքի հնարավորությամբ: Մենք հնարավորությունների նորանոր դռներ պիտի բացենք յուրաքանչյուր հայաստանցու համար, ով ցանկանում է տքնաջան աշխատանքով ներս մտնել ապահով Հայաստանի սրահները:

Ես կատարել եմ իմ ընտրությունը: Ես գիտեմ, թե ինչպիսի ապագա եմ ցանկանում մեր բոլորի համար: Ես տեսնում եմ այդ ապագան: Եվ տեսնում մեզ բոլորիս այդ ապագայում: Եվ պատրաստ եմ ձեզ հետ միասին գնալ դեպի այդ ապագան: Ես պատրաստ եմ առաջնորդել այդ ընթացքը:

Ուզում եմ, որ իմանաք՝ ձեզ առաջնորդելը մեծագույն պատիվ ու երջանկություն է: Ամենամեծ երջանկությունը, որ կարող էի երազել իմ պատանեկության տարիներին: Ուզում եմ, որ իմանաք՝ ոչ ոք չի ծնվում առաջնորդ: Առաջնորդին ծնում է ձեր վստահությունը: Առաջնորդի ուժը մարդկանց արհամարհելու ունակությամբ չի չափվում: Առաջնորդի ճշմարտությունն իր կարծիքից տարբերվող կարծիք արտահայտողներին տրորելով չի արտահայտվում: Առաջնորդի հետեւողականությունը մտրակի հարված չէ, այլ գնացքի երկարատեւ ու անկասելի երթ: Առաջնորդի կամքը իր ժողովրդին այրող բոց չէ, այլ իրեն վստահողների ուղին լուսավորող կանթեղ: Հաճախ` աշխարհի մութ օրերում: Երբեմն քեզ հոշոտելու պատրաստ հարեւանի հետ կողք կողքի: Առաջնորդի կոչն ամրանում է յուրաքանչյուրիդ ձայնի հնչյուններով: Ձեր ձայնին ականջալուր: Հայաստանի արմատները ամրանում են յուրաքանչյուր տաղանդի՝ արեւի տակ փայլելու հնարավորություն ստեղծելու շնորհիվ: Այն ըմբռնման շնորհիվ, որ այստեղ, մեր Հայաստանում ամենազորավորներից անգամ զորեղ ենք, երբ միասին ենք: Մեջք՝ մեջքի:

Դրա համար կոչ եմ անում ձեզ: Քվեարկե՛ք: Եվ եթե վստահեք ինձ, ձեր վստահությունն է Հայաստանը տանելու առաջ: Հինգ տարի շարունակ: Դեպի փոփոխությունների հաղթական հանգրվան: Սկսածն ավարտելու ենք: Ամրացնելու ենք այն հոգեւոր լարերը, որ մեզ կապում են ու դարձնում միասնական հայ ժողովուրդ, որին ընկճել չի հաջողվել երբեք: Ոչ մեկին:

Ուրե՛մն, գնանք քվեարկելու: Տե՛ր լինենք մեր ձայնին: Տե՛ր լինենք մեր ընտանիքին: Տե՛ր լինենք մեր երկրին: Աստված բոլորիս պահապան: Կե՛ցցե Հայաստանի Հանրապետությունը”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ