Ամերիկայի հայկական համագումարը սգում է
Վաշինգտոն – Այս շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) խորապես վշտացավ՝ տեղեկանալով, որ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Էնթընին Սքալիային կյանքից հեռացել է կիրակի օրը, սույն թվականի փետրվարի 14-ին: Նա 79 տարեկան էր: Շատերի կողմից գնահատվելով իբրև «Դատարանի Առյուծ», Սքալիան դատարանում բարձրաստիճան դատավոր է նշանակվել 1986 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից: Նա ծնվել է Թրենթոնում (Նյու Ջերսի) և իրավագիտության բակալավրի աստիճան է ստացել Հարվարդի համալսարանում:
Սքալիան որպես բարձրակարգ գործիչ առավելապես հայտնի է ամերիկացիների շրջանում. նա հանրահայտ է նաև ամերիկահայ համայնքում: 1995 թվականի հուլիսին Սքալիան դարձավ Հայաստան այցելած ԱՄՆ Գերագույն դատարանի առաջին դատավորը:
«Օրենքի մեր աշխարհում նա հսկա էր: Նրա սիրտն անեզր էր, իսկ միտքն՝ անսահման»,- Համագումարի հետ զրույցում ասել է Կալիֆորնիայի Գերագույն դատարանի նախկին դատավոր Արմանդ Արաբյանը՝ տեղեկանալով Սքալիայի մահվան մասին: «Նրա նմանը չկար. Նա իմ դատարանական եղբայրն էր»,- ասել է Արաբյանը:
Հայաստան կատարած այցի ժամանակ դատավոր Սքալիային ուղեկցում էին ևս հինգ ամերիկացի դատավորներ՝ Արմանդ Արաբյանը և Մարվին Բաքսթերը՝ Կալիֆորնիայի Գերագույն դատարանից, Փոլ Միշելն՝ ԱՄՆ Դաշնային շրջանի վերաքննիչ դատարանից, Դիքրան Թեվրիզյանը՝ Հարավային Կալիֆորնիայում ԱՄՆ շրջանային դատարանից և Էրիկ Բրուգինքն՝ ԱՄՆ դաշնային հայցերի դատարանից: Երևանյան գիտաժողովին մասնակցող ամերիացի փաստաբանների շարքում էին TARA-ի տնօրենների խորհրդի նախագահ Նենսի Նաջարյանը, TARA-ի գործադիր տնօրեն Դան Մալջանյանը, Սեմ Էրիքսոնը, Վան Գրիգորյանը, Փիթեր Քեզիրյանը, Թոմ Սամուելյանը, Քերըն Լորդը, Քարմեն Բուլլարդը, պրոֆեսոր Մարք Մովսեսյանը՝ Հոֆսթրա Համալսարանի իրավաբանական ֆակուլտետից և պրոֆեսորներ Բոբ Շարլեթն ու Հերման Շվարցն՝ Օրենքի գերակայության կոնսորցիումից:
1995 թ. Ամերիկայի հայկական համագումարը հաղորդել է, որ «Սքալիան կարևորեց Հայաստանում անկախ դատական համակարգի ստեղծումը, ինչպես նաև միջոցները, որոնցով երկիրը սկսել է դա իրագործել»: Հայաստանում երկրի առաջին Սահմանադրության ընդունման հանրաքվե անց կացվեց ԱՄՆ պատվիրակության ժամանումից օրեր առաջ:
«Ես կարևոր համարեցի կարդալ այն սկզբից մինչև վերջ: Կարծում եմ այն բավականին լավն է»,- ասել է Սքալիան Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ: «Չեմ կարծում, որ այն այնքան լավն է, որքան մերը: Գուցե դա հայերի համար ավելի լավն է, քան մերը», – ասել է նա:
Երևանյան գիտաժողովի ընթացքում Սքալիան մատնանշել է դժվարությունը՝ կապված փոփոխությունների հռետորությունից դրանց իրականացմանը անցնելու հետ և շեշտեց իրավաբանական վերապատրաստման և կրթության կարևորությունը: «Կարծում եմ, որ մարդիկ քաջատեղյակ են… այն ահռելի խնդրից բոլոր զարգացող ժողովրդավարությունների համար՝ կտրուկ սկիզբ տալու նոր ժողովրդավարության՝ առանց [նոր վերապատրաստված] դատավորների խմբի», – նշել է նա:
Սքալիան նաև ընդգծել է տարբեր երկրներում դատական համակարգի անդամների հետ անձամբ ծանոթանալու կարևորությունը: Նա հիացմունք է արտահայտել ՀՀ Գերագույն դատարանի դատավորների հետ հանդիպման կապակցությամբ, այդ թվում, գլխավոր դատավոր Թարիել Բարսեղյանի, ինչպես նաև ստորին դատարանների դատավորների: «Կարծում եմ, մենք կարող ենք աջակցել միմյանց և սովորել միմյանցից», – ասել է Սքալիան: «Նա իրոք մեծապես հավատում է նոր համակարգին, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին»,- Բարսեղյանի մասին ասել է Սքալիան:
Ըստ Սքալիայի, 1995 թ. TARA-ի գիտաժողովի բազմաթիվ ձեռքբերումներից մեկը հավելյալ ուշադրության արժանացումն էր Հայաստանի իշխանության դատական ճյուղին: «[Ամերիկյան դատավորները] կարող են ամրապնդել մեկ այլ մշակույթի դատական համակարգի ինքնագնահատականը, [և] սովորեցնել կառավարության անդամներին, որոնք դատական համակարգում չեն, ավելի շատ մտածել իշխանության այդ ճյուղի մասին», – մեկնաբանել է նա:
1995 թ. հոկտեմբերի 5-ին Ամերիկայի հայկական համագումարն ընդունելություն կազմակերպեց Սքալիայի պատվին Վաշինգտոնում՝ Grand Hotel-ում: Ընդունելությանը Սքալիան ներկայացրեց իր դիտարկումները Հայաստանի իրավական փոխակերպման ընթացքի վերաբերյալ ավելի քան 60 պաշտոնյաների Սպիտակ տնից, տարբեր պետական մարմիններից, հետազոտական կենտրոններից, Հայաստանում ժողովրդավարության կառուցման և օրենքի գերակայության ծրագրեր ղեկավարող կազմակերպություններից, և մամուլին, ինչպես նաև Համագումարի ցմահ, լիիրավ հոգաբարձուներին և մյուս անդամներին: Նշանավոր հյուրերի շարքում էին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Հարրի Գիլմորը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը և USAID-ի ղեկավար Թոմ Դայնը:
Համագումարի ընդունելության ժամանակ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարը դատավոր Էնթընին Սքալիային նվիրեց Հայաստանից բերված փայտե քանդակ, որ խորհրդանշում էր մարդու հավատն արդարության նկատմամբ: Մուգարը նաև նրան նվիրեց շրջանակով վկայական, որ խորհրդանշում էր Հայաստանում Սքալիայի անունից 50 ծառերի տնկումը Համագումարի քույր կազմակերպության՝ Հայաստան ծառատունկ ծրագրի կողմից:
Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի խորհրդական Արամ Գալուստյանը, ով 1995 թ. դատավոր Սքալիայի պատվին կազմակերպած ընդունելության հանդիսավարն էր, Համագումարին ասել է, որ Սքալիան «ոգևորված էր Հայաստան կատարած այցելությամբ, և շատ տպավորված էր այնտեղ տարվող աշխատանքներով: Շատ մարդիկ էին եկել ընդունելությանը՝ լսելու նրա տեսակետները, և նա շատ լավատես էր ու ոգեշնչված Հայաստանով»: