Ինչ կապ ունի Անդրիասը Քոչարյանի հետ
Նախագահի թեկնածու, հացադուլը որպես պայքարի միջոց ընտրած Անդրիաս Ղուկասյանն այսօր Henaran.am-ի խնրանքով անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի հետ իր ունեցած հարաբերություններին:
Ըստ որոշ տեղեկությունների, Անդրիաս Ղուկասյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ: Այս հանգամանքը հաշվի առնելով, կարծիքներ են հնչում, թե թեկնածուն երկրորդ նախագահի ‘’մարդն է’’:
Անդրիաս Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճանաչել է Գրիշա Սարգսյանին, նրա հետ ծանոթացել է, երբ աշխատում էր Դվին հյուրանոց ՓԲԸ-ում` որպես ‘’Կովկասյան կոմունիկացիոն խմբի’’ ներկայացուցիչ:
‘’ Կովկասյան կոմունիկացիոն խումբ’’ ՓԲԸ-ի սեփականատերը մոտ, ընկերական հարաբերություններ է ունեցել Գրիգորի Սարգսյանի հետ: Ես պարզապես 3 կամ 4 անգամ հանդիպել եմ Գրիգորի Սարգսյանի հետ: Դրանք եղել են ընդհանուր հանդիպումներ, երբ ես ուղեկցել եմ ‘’Կովկասյան կոմունիկացիոն խումբ ՓԲԸ-ի’’ սեփականատիրոջը: Այդքանն է եղել իմ շփումը, անձնական կամ գործնական շփում չեմ ունեցել’’,- Henaran.am-ին ասել է Անդրիաս Ղուկասյանը:
Ինչ վերաբերվում է նրան, որ իր անունը Ռոբերտ Քոչարյանի անվան հետ են հոլովում, Անդրիաս Ղուկասյան նասաց.’’Ի՞նչ անեմ: Չունեմ որեւէ կապ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ես գտնում եմ, որ հովանավորի որոնումը բնորոշ է մեր հանրության համար: Դա ստրկական մտածելակերպի դրսեւորումներից մեկն է, երբ ցանկացած քաղաքական կամ քաղաքացիական քայլ կապում են ինչ- որ մեկի հետ:
Քանի որ այդ ստրկական մտածելակերպ ունեցող մարդկանց համար Հայաստանում կան ընդամենը երեք տիրոջ կարգավիճակ ունեցող գործիչներ` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, այդ մարդկանց պատկերացմամբ, ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն կարող է կազմակերպվել կամ այս երեք ուժերի կողմից կամ դրսի ուժերի կողմից’’:
Անդրիաս Ղուկասյանի խոսքով, այդ մարդիկ, սկզբունքորեն բացառում են , որ որեւէ մեկը կարող է առանց նման հովանավորության ինքնուրույն քաղաքական պրոցես ձեռնարկել:
Բացի այս, Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ իրեն վարկաբեկելու խնդիր էլ է դրված.’’Կա ինֆորմացիոն պատերազմ, ցանկություն` նման պիտակներով հանրության մոտ թերի պատկերացում ստեղծել, արժեզրկել հացադուլը, արժեզրկել ինձ` որպես քաղաքական գործչի, դրա համար իմ կենսագրության մեջ ինչ-որ բաներ են որոնում’’,- Henaran.am-ի հետ զրույցում եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը: