Գուցե որպես երկրի լավ նախագահ, տեսնող, հասկացող նախագահ ինչ-որ շարժ անի …

Այսօր` փետրվարի 15-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի հատվածում` ՀՀ նախագահի նստավայրի մերձակայքում բողոքի ակցիա էին անցկացնում Դալմայի այգիների սեփականատերերը: Սեփականության իրավունքից զրկված քաղաքացիները 10-րդ տարին է պայքարում են, ինչպես իրենք են ասում` առայժմ անօգուտ:
‘’Էս տասը տարի է պայքարում ենք ու ոչնչի չենք հասնում: Պայմանագրով տված հողերն առանց մեզ ասելու վաճառել են ու փոխհատուցում չեն տալիս` գնորդը հրաժարվում է, քաղաքապետարանն անզոր է’’,- Henaran.am-ին ասաց բողոքի ակցիայի մասնակից Զոյա Գաբրիելյանը:
Նրա խոսքով, մեկ տարի շարունակ յուրաքանչյուր ուրբաթ հավաքվում են նույն վայրում` փորձելով իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: Նրանք հուսով են, որ գոնե նախագահական ընտրությունների շրջանում իրենց կնկատեն.
‘’Էսօր ակնկալիքն այն է, որ ընտրություններ են եւ գուցե որպես երկրի լավ նախագահ, տեսնող, հասկացող նախագահ ինչ-որ շարժ անի”:
Զոյա Գաբրիելյանն ասում է, որ բոլոր դիմումներն` իրավասու մարմիններին ուղղված, անպատասխան են մնացել, անգամ հասցրել են դիմել գործող նախագահ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շատբին.’’Մի տասը օր առաջ նամակ ենք տվել կենտրոնական շտաբ, դրա պատասխանն էլ չենք ստացել: Չգիտեմ ինչ է լինելու’’:
Հիշեցնենք, որ Դալմայի այգիների սեփականատերերը նախ հայտնվել են վարձակալի կարգավիճակում, ապա զրկվել նաեւ դրանից: 2004-ին Դալմայի այգիները Երեւանի քաղաքապետարանի կողմից օտարվեցին: Հավելենք, որ այն ժամանակ Երեւանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում էր Երվանդ Զախարյանը: