Ողորմելի վիճակ` գողացել են ամեն ինչ
«ՀԷՑ-ը պարտքեր է ունեցել, մոտավորապես՝ 220 միլիոն դոլար: Գնել ենք ակտիվները, որպեսզի ծածկենք այդ պարտքերը: Սա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը լավ կազմակերպություն է և երկարաժամկետ ակտիվներ ունի, իսկ մեր ղեկավարությամբ այն ավելի լավը կդառնա»,- «Rbc»-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն արել է «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Հարցազրույցի ընթացքում Սամվել Կարապետյանը նշել է, որ «Տաշիր գրուպ»-ը ՀԷՑ-ը շատ ծանր վիճակում է գնել, բայց, միևնույն ժամանակ, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակ անց այն շահութաբեր կդառնա:
Ի վերջո, ինչ հույսեր կան քաղաքացու եւ պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ընկերության վերականգնման. Henaran.am-ը զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:
-Պարո՛ն Բոստանջյան, խոսելով ՀԷՑ-ի մասին՝ Սամվել Կարապետյանը նշել է, որ այն լավ կազմակերպություն է և երկարաժամկետ ակտիվներ ունի, ուստի մոտ ապագայում «Տաշիր գրուպ»-ի ղեկավարությամբ աշխատելով՝ շահութաբեր ու «ավելի լավը» կդառնա: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կանխատեսումը:
-Ես կարծում եմ, որ մեր ՀԷՑ-ը «Տաշիր գրուպ»-ի ղեկավարությամբ՝ կարճ ժամանակում կդառնա ներդաշնակ, ճիշտ աշխատող կազմակերպություն: Այս պահի դրությամբ՝ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ երևութներով պայմանավորված՝ հայկական ՀԷՑ-ը գտնվում է ողորմելի վիճակում: Անկախ նոր սեփականատիրոջից՝ տարիներ շարունակ՝ ՀԷՑ-ն ունեցել է պրոբլեմներ՝ արդիականացման, նորոգման, թարմացման հետ կապված: Եղել է վատ ու ոչ արդյունավետ կառավարում, ոչ թափանցիկ գործունեություն: Արդյունքում ձևավորվել է այսքան պարք: Բայց հանգամանքների բերումով՝ նոր սեփականատիրոջ պարագայում արդեն դուրս ցցվեցին այս պարտքային պարտավորությունները:
Երբ «Տաշիր գրուպ»-ն այս կազմակերպությունը ձեռք էր բերում, ես՝ իմ սեփական հաշվարկներով, ասացի, որ նոր սեփականատերը առնվազն 300-500 միլիոն ներդրում պիտի կատարի, որպեսզի այդ ինժեներական համակարգը խելքի բերի: Նոր սեփականատերն այս գործունեությունն արդեն իսկ սկսել է: Աստիճանաբար նոր բացեր են ի հայտ գալիս, որոնցից, թերևս ամենակարևորը պարտքային ինստիտուտն է:
Դա այսօր նոր սեփականատիրոջ համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Կոպիտ եմ ասում ու չեմ կարող այդպես չասել. գողացել են ամեն ինչը, իսկ այդ մարդը պիտի այսօր ամբողջ դժվարություններն իր վրա կրի: Նա պիտի արդիականացնի, նորացնի ՀԷՑ-ը: Բայց տասնյակ տարիներ գողացված գումարնե՞րն էլ ինքը փակի …
Ես հակված եմ մտածելու, որ վարկեր վերցնելը տրամաբանական է ու այնքան ճիշտ, որ սեփականատիրոջ ուսերին նոր բարդություններ չենք դնում: Ցանկացված երկրի համար էներգահամակարգը կարևոր ինստիտուտ է: Ու մենք հայտնվել ենք այսպիսի իրավիրճակում: Իսկ նման իրավիճակում հայտնվելիս օպոզիցիոն կեցվածք ընդունելը ու ասելը՝ պարտք վերցրին, թողեցին ժողովրդի վրա… Ճիշտ չեն այսպիսի մեկնաբանությունները: Մենք, ախր այլ ելք չունենք: Գոնե այսպիսի երևութները վարկային ռեսուրսներով պիտի կարգավորվեն:
– Ի՞նչ եք կարծում, որքա՞ն ժամանակ կպահանջվի «Տաշիր գրուպ»-ից ՀԷՑ-ը տեխնիկապես վերազինելու և շահութաբեր դարձնելու համար։
-Անշուշտ, սեփականատերը պիտի վերազինի ու ժամանակակից դարձի ՀԷՑ-ի տեխնիկան։ Ես չեմ կասկածում, որ ՀԷՑ-ը շուտով ոտքի կկանգնի: Ռուսաստանի Դաշնության պես հզոր երկրում, ուժեղ գործարարների շրջանում Ս. Կարապետյանը կարողացել է հեղինակություն ձեռք բերել։ Դա նշանակում է, որ նա այդ համբավը ձեռք է բերել լավ աշխատանքի միջոցով: Եթե նա լավ աշխատող է, Լուսնի վրա էլ լինի, Մարսի վրա էլ լինի, լավ է աշխատելու:
Իհարկե, դժվար է այս հարցին միանշանակ պատասխան տալը: Առնվազն մեկ տարի պետք է, որպեսզի ՀԷՑ-ի տեխնիկան տեխնիկապես վերազինվի: Սա շահույթ բերող կազմակերպոււթյուն է: Պարզ չի՞, որ դրա տերը կուզենա, որ այն օգուտ բերի։ Կարծում եմ, որ մոտ ապագայում հենց այդպես էլ կլինի։