Լիբանանահայերը ՀՀ քաղաքացու անձնագիր են ստացել
Փետրվարի 14-ին եւ 15-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն:
Միջոցառման սկզբին հնչել է ՀՀ օրհներգը: Այնուհետեւ ներկաներին շնորհավորական խոսքով դիմել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին լիբանանահայերի շրջանում նկատվում է Հայրենիքի հանդեպ մեծ հետաքրքրության, վստահության աճ, որն արտահայտվում է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումների կտրուկ աճով: Նա ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է ՀՀ Նախագահի հրամանագրով եւ Հայաստանի քաղաքացի դառնալը յուրաքանչյուրի համար մեծ պատիվ ու հպարտություն է, իրավունքների ընձեռում եւ պատասխանատվություն: Դեսպանը բարձր է գնահատել Լիբանանի կենսունակ ու ստեղծագործ հայ համայնքի դերը Սփյուռքի քաղաքական, հոգեւոր եւ մշակութային կյանքում: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ անձնագրի ստացումը նոր հնարավորությունն է ընձեռում մեր հայրենակիցների համար հաճախակի այցելելու Հայաստան, մասնակցելու համահայկական նշանակություն ունեցող միջոցառումներին, նաեւ՝ գիտելիքներով, փորձով եւ ներդրումներով Հայրենիքի զարգացմանը:
Հանդիսավոր երդման արարողությունից հետո դեսպան Քոչարյանը 200-ից ավելի լիբանանահայերին հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրերը: Լիբանանում ՀՀ դեսպանությունը վերջին շաբաթների ընթացքում ՀՀ անձնագրեր է հանձնել նաեւ շուրջ 60 սիրիահայերին, որոնք քաղաքական զարգացումների բերումով ժամանակավոր բնակություն են հաստատել Լիբանանում: