Հիվանդի սիրտը տանձ է ուզում, Հայրիկյանն էլ …
Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը համոզված է, որ նախագահական քարոզարշավն ընթանում է թեկնածուների կողմից ինքնաոչնչացմամբ:
“Նախկինում Սերժ Սարգսյանը երեք թեկնածուներին` Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին և Պարույր Հայրիկյանին, գուրգուրում էր: Ենթադրվում էր, որ հենց նրանք էլ կշնորհավորեն Սերժ Սարգսյանին ընտրություններից հետո: Սակայն եռանկյունիում, որը թվում էր` ամուր է, սկսեցին իրար քննադատել”,-ասաց նախագահի ինքնաբացարկված թեկնածուն` հավելելով, որ դրա պատճառն այն էր, որ Պարույր Հայրիկյանի սիրտը ուշադրություն է ուզում, Հրանտ Բագրատյանի սիրտը Հայրիկյանը կոտրել է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի սիրտն էլ երկրորդ փուլ է ուզում, ինչը ձեռք չի տալիս իշխանություններին: Նման ռիսկի իշխանությունները չեն գնա”,-ասաց նախագահի նախկին թեկնածուն:
Նրա խոսքով, իշխանությունների նյարդային համակարգը խախտված է, քանի որ թեկնածուներն ադեկվատ չեն պահում իրենց:
“Անկախ ամեն ինչից ընտրություններից հետո նոր գործընթացներ են լինելու, քանի որ դաշտը մաքրվեց, և բացահայտվեցին կեղծ ընդդիմադիրները: Արտաշես Գեղամյանին, Արթուր Բաղդասարյանին և Վազգեն Մանուկյանին բացահայտելու համար եթե շատ ժամանակ պահանջվեց, ապա այժմ ամեն ինչ ավելի արագ ստացվեց”,-ասաց:
Նախագահի նախկին թեկնածուն համոզված է, որ Պարույր Հյարիկյանի դեմ մահափորձը դրսի հետ կապ չունի. “Հույս ունեմ` Վարդան Սեդրակյանը ևս կապ չի ունենա այդ դեպքի հետ: Նրա առաջադրման նպատակը, առաքելությունը չգիտեմ, թե որն է, եթե իմանայի, շատ բան պարզ կլիներ: Համոզված եմ նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կապ չունի”:
Պարույր Հայրիկյանի որոշումների հետ կապված Հարությունյանը նկատեց. “Հիվանդի սիրտը տանձ է ուզում, Հայրիկյանն էլ ուշադրություն էր ուզում”: